Սա ռուս-թուրքական գզվռտոց չէ

Սա ռուս-թուրքական գզվռտոց չէ

Նրանք, ովքեր կարծում են, որ ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումը զուտ ռուս-թուրքական խնդիր է, չարաչար սխալվում են: Պարզապես այսօր աշխարհում երկկողմանի խնդիրներ չկան: Ռուս-վրացական, ռուս-ուկրաինական, ռուս-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական՝ սրանք պարապ խոսակցություններ են, չկան պարզապես այդպիսի խնդիրներ: Ուղղակի կան հարցեր, որոնք վերաբերում են եթե ոչ բոլորին, ապա առնվազն որոշակի խումբ երկրների: Դժվար թե այսօր մեկը համարձակվի պնդել, որ Ասադ- «Իսլամական պետություն» հակամարտություն գոյություն ունի: Սիրիայում բոլոր խաղացողներին դասավորեք իրենց տեղերում, և կպարզվի, որ Ասադի նախագահության կամ «Իսլամական պետութան» բարբարոսությունների հետ կապված հարցերը երկրորդական, երրորդական և նույնիսկ չորրորդական հարցեր են: Նույնը կարելի է ասել Ուկրաինայի, Վրաստանի, Ղարաբաղի, Սերբիա-Կոսովոյի, Կիպրոսի և շատ այլ տաք ու սառեցված հակամարտությունների մասին:



Այսուհանդերձ մեզանում գտնվում են հատուկենտ մարդիկ, ովքեր պնդում են, որ Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռի կործանումը ընդամենը ռուս-թուրքական միջադեպ էր: Գրում են՝ ռուսներն իրենց սահմանախախտումներով զզվեցրել էին Թուրքիային, Թուրքիան էլ, համբերությունը հատած, խփեց ռուսական ինքնաթիռը: Լավ կլիներ, իհարկե, որ նման բան գրողները մի քիչ գլուխ հանեին օդագնացությունից և հասկանային, թե ինչ տարբերություն կա Су-24 ռմբակոծիչի և F-16 կործանիչի միջև: Եթե այս փոքր նրբությունը հասկանային, ապա միանշանակ կընդունեին նաև, որ Թուրքիայի արածը հրահրված ստոր օդահենություն է, ուրիշ ոչինչ:



Առաջին և ամենամեծ տարբերությունն այդ ինքնաթիռների արագություններն են: Սա նշանակում է, որ, եթե, ինչպես Թուրքիան է ասում, ռուսական ռմբակոծիչը 5 րոպե շարունակ եղել է Թուրքիայի օդային տարածքում, ապա F-16-ը, շնորհիվ իր ավելի մեծ արագության, մի քանի վայրկյան անց կարող էր տեսաողական նախազգուշացում ուղարկել ռուս օդաչուներին, ինչը չի արվել: Ռուսական ինքնաթիռը չի զգուշացվել և չէր էլ կարող զգուշացվել ռադիոկապով (այն էլ 10 անգամ), որովհետև թե Պենտագոնը և թե Գերմանիայի ՊՆ-ն հաշվարկել են, որ ռուսական ռմբակոծիչը առավելագույնը 10-17 վայրկյան է գտնվել Թուրքիայի օդային տարածքում, այսպես կոչված «թուրքական կույրաղիքի» վրա: Որ սա Թուրքիայի կողմից օդահենություն է, ապացուցում է նաև այն փաստը, որ ռուսական ռմբակոծիչը վերադառնալիս է եղել բազա, հրթիռներ չի ունեցել, հետևաբար նաև ոչ մի կերպ չէր սպառնում Թուրքիայի անվտանգությանը: Համաձայնեք, որ 5 րոպեն լիուլի բավարար էր F-16-ի համար՝ համոզվելու, որ Су-24-ն արդեն իսկ ազատվել է իր մահաբեր բեռից:



Ինքնուրո՞ւյն խաղացող է, արդյոք, Թուրքիան և Անկարայո՞ւմ է, արդյոք, որոշում կայացվել խփել սահմանի երկայնքով մարտական թռիչքներ իրականացնող ռուսական ինքնաթիռը: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, վաղուց է հայտնի և մեկ անգամ ևս հաստատվեց, երբ միջադեպից վայրկյաններ անց Թուրքիան հավարը գցեց ՆԱՏՕ-ին, փոխանակ կապվելու Մոսկվայի հետ՝ անհրաժեշտ բացատրությունների համար:



Թուրքիան, իհարկե, ունի իր սեփական շահերը և ձգտում է դրանց բավարարման: Բայց նկատենք, որ մինչև Սիրիայում իրադարձությունների բուռն ծավալումը, այդ երկիրը միայնակ ոչինչ չի կարողացել անել ոչ Սիրիայի նկատմամբ տարածքային պահանջների, ոչ քրդական ինքնավարության պրոցեսի կասեցման, ոչ ներքին քրդերի հետ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իսկ քրդական հարցը այն առանցքային հարցերից մեկն է, որոնք զսպաշապիկի դեր են կատարում Թուրքիայի համար: Սիրիական պատերազմում Թուրքիան, հավանաբար, ակնկալում էր, որ վերջնականապես կարող է ձերբազատվել քրդական ինքնավարության հեռանկարից և մեծ ակտիվություն էր ցուցաբերում Սիրիայի քրդաբնակ տարածքների ռբակոծման գործում՝ դրանք որակելով պատժիչ գործողություններ և ահաբեկչության դեմ պայքար: Միակ խանգարիչ հանգամանքը ռուսական օդուժն էր և Ռուսաստանի ամուր դիրքորոշումը, որ նախ պետք է վերջ տալ «Իսլամական պետությանը»: «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման վերահսկողության տարածքներում նավթային օբյեկտների և դեպի Թուրքիա ձգվող նավթացիստեռների ոչնչացումը լուրջ հարված էր Թուրքիայում ծաղկում ապրող անլեգալ բիզնեսին, որից լիուլի օգտվում էին նաև ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները: Եվ Թուրքիան չկորցրեց պահից օգտվելու իր շանսը՝ ՆԱՏՕ-ից, ինչպես նաև հակաահաբեկչական կոալիցիան գլխավրող ԱՄՆ-ից ստանալով ռուսական ռմբակոծիչը հարվածելու թույլտվությունը, ինչի արդյունքում, երնթադրվում էր, որ ռուսները կսահմանափակեն կամ գուցե նույնիսկ կդադարեցնեն թռիչքները թուրք-սիրիական սահմանի երկայնքով:



Բայց Ռուսաստանը, դատելով պատասխան քայլերից, ոչ նահանջելու և ոչ էլ թռիչքները դադարեցնելու մտադրություն չունի: Су-24-ի կործանումից երեք օր անց Սիրիայում, Թուրքիայի սահմանին մոտ, հայտնվեցին ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը, որին հաջորդեց ռուսական կողմի մեկնաբանությունը, թե դրանք իր զինվորականների կյանքի անվտանգությունն են ապահովելու: Դրանով, սակայն, վերջ տրվեց Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի ավազակություններին և այժմ արդեն հակաահաբեկչական կոալիցիայի կազմում թուրքական ինքնաթիռները կարող են օդ բարձրանալ բացառապես կոալիցիայի և Ռուսաստանի միջև առկա՝ թռիչքների նախազգուշացման համաձայնագրի շրջանակներում:



Իսկ ինչ վերաբերում է Սիրիայում ռուսական ավիացիային, ապա ռուսական ինքնաթիռները ԻՊ դիրքերին և նավթային օբյեկտներին ինչպես նախկինում հարվածում էին, շարունակում են հարվածել նաև Су-24-ի կորստից հետո: Ավելին, այսօր ռուսական օդուժի թիրախում են հայտնվել Թուրքիայից դեպի Սիրիա և հակառակ ուղղությամբ շարժվող բոլոր տիպի օբյեկտները, ընդհուպ սովորական բեռնատարները, որոնք երթևեկում են փախստականների ճամբարներին հումանիտար օգնություն հասցնելու անվան տակ: Սիրիայի հետ թռիչքների անվտանգության բուֆերային գոտին, որը Թուրքիային պետք էր իսլամիստներին զինելու և քրդերին հարվածելու ազատություն ունենալու համար, վերածվեց պատերազմական գործողությունների ամենաթեժ գոտու: Չենք խոսում արդեն Սիրիայի քրդերի նորահայտ հուսալի պաշտպանվածության մասին, ինչը նրանց կմղի Թուրքական նկրտումների դեմ առավել ակտիվ պայքարի, որը կծավալվի արդեն ոչ միայն Իրաքում և Սիրիայում այլև հենց Թուրքիայում:



Ռուսները հրաշալի գիտեն, որ Թուրքիան ինքնուրույն խաղացող չէ և այդ երկրի ղեկավարությունը, իրենց բնութագրմամբ՝ «ходит на поводке у НАТО»: Այլապես Պուտին-Էրդողան հեռախոսակապն իսկույն կկայանար և Պուտինը չէր համարձակվի Էրդողանին ահաբեկիչ, իսկ նրա երկիրը ահաբեկչությանը նպաստող երկիր անվանել: Պուտինը ռուսական քաղաքացիական օդանավի և Су-24-ի կործանումը դիտարկում է նույն համատեքստում, ինչն ուղղակի մահ է Էրդողանի համար, որովհետև ՆԱՏՕ-ին, կարծես, ռուս-թուրքական հարաբերությունների փչացումը պետք էր միայն Սիրիայի բուն խնդրից Ռուսաստանի ուշադրությունը շեղելու համար: Թուրքիան դա հասկացել է կամ շուտով կհասկանա, երբ ամերիկացիները շփումներ սկսեն Սիրիայի քրդերի հետ: