Աբրահամյանն ընդդեմ Սարգսյանի

Աբրահամյանն ընդդեմ Սարգսյանի

Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ մամուլում, հաճախ շրջանառվում է հանրաքվեից հետո կառավարության արմատական փոփոխման հարցը: Ու թեեւ ոմանք պնդում են, որ այդ փոփոխությունների նախաձեռնողը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, սակայն, ՀՀԿ վերնախավի տեղեկություններով, չի բացառվում, որ առաջին զոհը հենց Հովիկ Աբրահամյանը լինի: Ըստ նույն աղբյուրների, այդ փոփոխությունը վաղուց է պատրաստվում Սերժ Սարգսյանի կողմից: Ընդ որում՝ շրջանառվում է նաեւ նոր ընտրյալի անունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան: Այս տարբերակի օգտին խոսում են նաեւ այն անհերքելի փաստերը, որ նախագահը հենց Վիգեն Սարգսյանին է վստահում ամենամասշտաբային եւ կարեւորագույն պետական ծրագրերի իրականացումը՝ սկսած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական մեծածավալ միջոցառումներից եւ ավարտած նրանով, որ հենց աշխատակազմի ղեկավարին է վստահվել սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզչության ղեկավարի պաշտոնը: Մոտալուտ փոփոխման հեռանկարները բավականին նյարդայնացնում են գործող վարչապետին եւ արդեն իսկ կոնկրետ գործողությունների մղում: Մասնավորապես հայտնի է դարձել, որ քաղաքական ինտրիգներում տասնամյակներ շարունակ հմտացած Հովիկ Աբրահամյանն իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ղեկավարներին հրահանգել է դեկտեմբերի 6-ից հետո թիրախ դարձնել իր հավանական մրցակից Վիգեն Սարգսյանին: