Հանրաքվեն կորոշի «ընտրյալներին»

Հանրաքվեն կորոշի «ընտրյալներին»

Սահմանադրական փոփոխությունների իրականացման օգտին գլխավոր փաստարկներից մեկն այն էր, որ սրանով անցում է կատարվում լիարժեք համամասնական ընտրակարգի, ուստի մեծամասնական ընտրակարգով առաջադրված մականունավորներն ու «հարյուր կիլոմետրով ԱԺ-ից հեռու» անձինք այլեւս խորհրդարանում չեն հայտնվելու։ Սակայն այս օրերին հանրապետությունում տիրող նախընտրական աժիոտաժն այլ բան է հուշում։



Մասնավորապես այն, որ իշխանությունները ոչ մի պարագայում չեն հրաժարվի օլիգարխ-ֆեոդալների ինստիտուտի որոշիչ դերակատարումից: Եվ պետք չէ հակառակ պնդումներին լուրջ վերաբերվել, քանի որ առանցքային մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցածները տարիներ շարունակ ապահովում են իշխանությունների վերարտադրությունը, որի մասին, ի դեպ, ոչ վաղ անցյալում անկեղծորեն խոստովանեց նաեւ նրանց ծառայություններից օգտված Ռոբերտ Քոչարյանը:



Իշխանության «ընտրյալները» մնալու են ու կյանքի են կոչելու իշխանական բոլոր ծրագրերը, հենց նրանց է բացառիկ իրավունքով վստահվել «այո»-ի համար անհրաժեշտ առնվազն 630 հազար ձայն ապահովելու պարտականությունը: Եվ այս օրերին հանրապետությունով մեկ գործի անցած մականունավորներն ուրվագծում են նաեւ հաջորդ խորհրդարանի քարտեզը:



Պատահական չէ, որ, ի տարբերություն համապետական ընտրությունների, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի դեպքում կոնկրետ պատգամավորների վրա կոնկրետ թվային պահանջ իշխանության կողմից չի դրվել, միայն զգուշացում է եղել այն մասին, որ պետք է տեղերում միասնական աշխատանք տանել: Մյուս կողմից, մարզպետներին նշանակել են մարզային շտաբների պատասխանատուներ՝ ընդգծելով այն փաստը, որ հանրաքվեից հետո որեւէ պարտավորվածություն չեն ունենալու այս կամ այն մեծամասնական պատգամավորի նկատմամբ, որեւէ մեկն իր արածի համար հատուցում չի կարող պահանջել: Այս անորոշության պատճառով է, որ պատգամավորների մեծ մասն առանձնակի ակտիվություն չի դրսեւորում՝ արդեն իսկ կանխազգալով, որ իր ժամանակն «ավարտված» է: Իսկ բացառիկ ակտիվները իշխանությունից երաշխիք ստացածներն են ու ամենակարողները, որոնք կյանքի կկոչեն նոր Սահմանադրությունը եւ կմեծացնեն իրենց վերարտադրության շանսը:



Դիտարկենք, թե ովքեր են ակտիվ Սահմանադրությունն անցկացնելու հարցում։ Արմավիրի մարզում հանրաքվեի ողջ պատասխանատվությունը դրվել է գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի վրա: Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը եւ մյուսները սկզբում անչափ նեղսրտել են այս փաստից եւ մի կողմ քաշվել: Ըստ ամենայնի, օդիոզների մի ստվար խումբ հենց այս մարզից է զտվելու՝ Հրանտ Գրիգորյան, Առաքել Մովսիսյան, Նահապետ Գեւորգյան՝ Նովո, Ալիկ Պետրոսյան՝ ՄԱՊ-ի Ալիկ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարազատ մարզում՝ Արարատում էլ աշխատանքի ճիշտ բաժանում է կատարվել: Արարատ քաղաքը, հարակից գյուղերով, հանձնվել է «Ավշարի» սեփականատերեր Գրիգորյան եղբայրներին։ Այստեղ աշխատանքների կուրացիան իրականացնում է մեծամասնականով ընտրված պատգամավոր Արայիկ Գրիգորյանը:



Արտաշատում եւ հարակից գյուղերում հանրաքվեի քարոզչությամբ զբաղվում է Աբրահամյանների գերդաստանը՝ Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի ղեկավարությամբ, որի հանձնարարականները պարտաճանաչ կերպով կատարում է նաեւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Իսկ Մասիս քաղաքում եւ գյուղերում պատասխանատվությունը դրվել է ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի վրա:



Լոռու մարզը, ավանդաբար, Սամվել եւ Կարեն Կարապետյանների լիակատար հսկողության ներքո է, ու այստեղից սպասումները տագնապալից չեն: Հակառակ դրան, իշխանությունները հույսը կտրել են Շիրակից, որտեղ առաջնագիծ են դուրս բերվել հիմնականում գողականները՝ հանրահայտ Զապի գլխավորությամբ, որը ջերմ հարաբերություններ ունի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Գրիգորյանն էլ հույսեր ունի, որ, հանրաքվեի արդյունքներից կախված, կիրականանա իր երազանքներից մեկը՝ կդառնա Գյումրու քաղաքապետ: ՀՀԿ-ական գյումրեցի մեծամասնականները՝ Աշոտ Աղաբաբյանից ու Արման Սահակյանից սկսած, լուռ են ու պասիվ:



Սյունիքի մասին առհասարակ չեն անհանգստանում, այստեղ Լիսկա ունեն, որն ամիսներ առաջ է իր թիմին վստահեցրել, որ Սյունիքում բոլորն «այո» են ասելու: Արագածոտնի մարզում նույնիսկ անսպասելին կատարվեց. հանրաքվեի շնորհիվ բարելավվեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եւ այս մարզից ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Արագած Ախոյանի հարաբերությունները, որոնք հիմա համերաշխորեն «այո» են հավաքագրում։ Բայց իշխանության սպասելիքները հիմնականում մարզպետի հանրահայտ եղբորից են՝ Նաիրի Սահակյանից:



Գեղարքունիքի մարզում էլ մարզպետն է ամենաակտիվը: Իսկ Երեւանում Սամվել Ալեքսանյանին հասնող չկա, նա արդեն փարթիներ է կազմակերպում, յուրայիններին բացատրում, որ անձամբ իր համար են «այո» ասելու: Ի տարբերություն նրա, օրինակ, Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մոտ ակնհայտ անտարբերություն է նկատվում, եւ համայնքի բնակիչները պատմում են, որ նրան տրված նախկին խոստումները չեն կատարվել, ուստի «այո»-ի քանակն էլ Էրեբունի համայնքում շատ չի լինի: Կենտրոնում «այո» ապահովելու գործն իրենց ուսերին են առել Սադոյան եղբայրները՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ու պատգամավոր Ռուբեն Սադոյանը, Ավանն էլ Տարոն Մարգարյանն է իր վրա վերցրել: Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա, թե ով ինչպես է աշխատել եւ ինչքանով է կատարել իր վրա դրված «պլանը»։