Սալգադո՝ «Մարդիկ արժանի չեն կյանքին»

Սալգադո՝ «Մարդիկ արժանի չեն կյանքին»

Մեր օրերի ամենամեծ ռեժիսորներից մեկի՝ Վիմ Վենդերսի վերջին վավերագրական ֆիլմը (համահեղինակությամբ Ջուլիանո Ռիբեյրո Սալգադոյի եւ Դեւիդ Ռոզյեի)՝ «Երկրի աղը», պատմում է բրազիլացի լուսանկարիչ, ճանապարհորդ, ֆոտոլրագրության անվերապահ առաջնորդներից մեկի՝ Սեբաստիան Սալգադոյի կյանքի ու արվեստի պատմությունը: Բայց սա ոչ միայն մի մարդու եւ արվեստագետի անձնական պատմություն է, այլեւ ողջ մոլորակն ու քաղաքակրթությունը վերաբացող ականատեսի, երբ վկայության առջեւ կանգնելը հերոսություն է:



Ֆիլմի սկզբում Վենդերսը պատմում է, որ դեռ տարիներ առաջ, տեսնելով Սալգադոյի լուսանկարներից մեկը, այնքան է տպավորված եղել, որ գնել է եւ փակցրել իր սենյակի պատին: «Եվ ես հասկացա՝ այս լուսանկարչի սիրտը ցավում է մարդկային կյանքի համար, մարդիկ, որ աղն են երկրի»,- ասում է Վենդերսը:



Սեբաստիան Սալգադոն ծնվել է 1944 թվականին, Այմորեսում: Սան Պաուլու քաղաքի համալսարանում ուսումնասիրում է էկոնոմիկա, սակայն այդ մասնագիտությունը նրա կյանքում զուտ ֆորմալ բնույթ է ունենում: «Սեբաստիանն իր տեղը տիտիկ չէր անում, անվերջ ճամփորդում էր, մերթ էս քաղաքում էր, մերթ էն նահանգում»,- պատմում է Սալգադոյի հայրը: Ճամփորդել, տեսնել աշխարհը եւ լուսանկարներով վկայել այն:



Սալգադոն, որոշելով թողնել իր հիմնական մասնագիտությունը, ամբողջովին նվիրվում է լուսանկարչությանը եւ ստեղծում սոցիալական թեմաներով հայտնի ֆոտոշարքերը:
Ֆիլմի ընթացքում պատմողի ամենաազդեցիկ ձայնը Սալգադոյի լուսանկարներն են: Ահա, մինչեւ երկինք ձգվող փայտե սանդուղքներով բարձրացող ոսկեխույզները, հեղափոխություններին, սովամահությանը, դաժանությանն ու բռնությանը զոհ գնացած աֆրիկացիները, Ռուանդայի ցեղասպանությունը, Բոսնիայի, Կոսովոյի եղեռնը... Սալգադո՝ «Որքան եմ ֆոտոխցիկս մի կողմ դրել ու լաց եղել իմ առջեւ բացված սոսկալի տեսարանից, բայց, այնուհանդերձ, նորից ձեռքս եմ վերցրել՝ գիտակցելով, որ անհրաժեշտ է»:



Սոցիալական թեմաներով ֆոտոպատմություններից հետո Սալգադոն երկար ժամանակ ուշքի չի գալիս՝ մարդկության հանդեպ իսպառ կորցնելով հավատը:
«Մարդիկ արժանի չեն կյանքին»:



Այսպիսին է Սեբաստիան Սալգադոյի հետեւությունը: Եվ միակ, վերջին տեղը, որին կարող է դիմել լուսանկարիչը, բնությունն է, նրա բուսական ու կենդանական աշխարհը, ուր դեռ պահպանված են արարչագործության բացառիկ հետքերը: Եվ Սալգադոյին մնում է փառաբանել այն: