Քաղաքագրություն. Համքարությունը՝ Երեւանում

Քաղաքագրություն. Համքարությունը՝ Երեւանում

Երեւանում 19-րդ դարի սկզբներին կային ավելի քան 30 արհեստավորական, առեւտրական եւ այլ կարգի համքարություններ, որոնք կազմված էին ըստ զբաղմունքների, եւ դրանց մեջ սովորաբար մտնում էին միեւնույն զբաղմունքն ունեցող անձինք։ Դրանք արհեստավորների, առեւտրականների եւ նույնիսկ բանվորների եղբայրություններ էին, որոնք ղեկավարվում էին համքարության անդամների կողմից ընտրվող գլխավոր վարպետի (ուստաբաշու) կողմից։ Համքարության անդամները կաշկանդված չէին միշտ միեւնույն համքարության մեջ մնալու պարտավորությամբ։ Նրանք ազատ կերպով կարող էին թողնել իրենց հին զբաղմունքը եւ ընտրել նոր զբաղմունք՝ մտնելով այդ նոր մասնագիտությանը համապատասխան համքարության մեջ։ Մենաշնորհի ենթարկելը խորթ էր համքարություններին։ Համքարություններն արհեստավորների եւ առեւտրականների համար ծառայել են որպես միջոց՝ մրցակցության դեմ պայքարելու համար։ Այդ նպատակով նրանք կիրառում էին մի քանի կանոններ՝ նյութի հավասարաչափ բաշխումը համքարության անդամների միջեւ, առանց ուստաբաշու գիտության ու համաձայնության մասնավոր գործարքների խստիվ արգելումը, արտադրության որակի կանոնավորումը, մրցակցության դատապարտումը եւ այլն։ Համքարություններում օրվա աշխատանքի որոշակի ժամանակամիջոց չէր սահմանված։ Աշխատանքը սովորաբար սկսում էին արեւածագին եւ դադարեցնում մայրամուտին։ Երեւանի համքարությունները, ըստ իրենց արհեստի եւ զբաղմունքի, շուկաներում եւ «չարսուներում» ունեին իրենց խանութաշարքերը։ Բացառություն էին կազմում միայն կապույտ ներկողները, կաշեգործները եւ կարմիր ներկողները։ Դրանցից առաջին երկուսի արհեստանոցները՝ բոյախանաներն ու դաբախանաները, շատ ջուր պահանջելու պատճառով կենտրոնացել էին Զանգվի ափին, իսկ շիլաչիների ներկատները գտնվում էին քաղաքի Շիլաչի մահլայում։



Միջնադարյան Եվրոպայի ցեխերի նման՝ համքարություններն էլ ենթարկվում էին քաղաքային իշխանություններին, իսկ ներքին կյանքում ունեին նշանակալի ինքնուրույնություն։ Համքարություններն օգնում էին իրենց հիվանդ, անդամալույծ, աշխատանքի համար անընդունակ դարձած ընկերներին, համքարի մահվան դեպքում իրենց ուժերի ներածին չափով նյութապես ապահովում էին նրա ընտանիքը՝ այն փրկելով սովից ու մուրացկանությունից։ Նրանք օգնում եւ հոգ էին տանում քաղաքի բարեկարգման ու պաշտպանության մասին։ Նշված բարեգործությունները կատարելու եւ զանազան կարգի օգնություն ցույց տալու համար համքարություններն ունեին իրենց դրամական միջոցները, որոնք ստեղծվում էին վարպետներից վերցվող անդամավճարներից, տուգանքներից եւ այլ աղբյուրներից։



Համքարությունների ներքին ու արտաքին ամբողջ կյանքը գլխավորում էին համքարական օրգանները։ Համքարական ղեկավար կազմը բաղկացած էր ուստաբաշուց (գլխավոր վարպետից), նրա մեկ կամ երկու օգնականից, որը կոչվում էր աղսախկալ, գանձապահից (խազնադար) եւ սուրհանդակից (իգիթբաշի), որոնցից յուրաքանչյուրն ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։ Համքարության գերագույն օրգանը համարվում էր ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին եւ այնտեղ ձայն ունեին բոլոր լիիրավ անդամները։ Ընդհանուր ժողովի պարտականությունների մեջ էին մտնում համքարության պաշտոնյաների հաշվետվությունները լսելը, նրանց ընտրությունները, համքարության մեջ ընդունվելու կամ դրանից հեռացնելու հարցերը, հարկերի ու տուրքերի բաշխումն ըստ անդամների, վարպետացուների ստուգողական աշխատանքների վերջնական քննարկումն ու գնահատումը, համքարական պաշտամունքի հետ կապված զանազան խնդիրներ եւ այլն։ Երեւանում տարբեր համքարություններ ընդհանուր ժողովի են հավաքվել տարբեր տեղերում։ Կաշեգործներն իրենց ժողովներն անցկացնում էին Զանգվի ափին՝ տարվա տաք ու արեւոտ եղանակներին, մյուս համքարությունների ժողովատեղիներն էին գերեզմանոցները, եկեղեցիների բակերը եւ այլն։



Երեւան քաղաքի պատմությունը