Բոլորն ուժի մեջ են, բացի «Ծեր տիկնոջ այցից»

Բոլորն ուժի մեջ են, բացի «Ծեր տիկնոջ այցից»

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբեր ամսից վերանորոգման աշխատանքներ են ընթանում, թատրոնի վերազինումը, հավանաբար, կտեւի մեկ տարի, որի ընթացքում, լուսաձայնային վերազինումից բացի, կվերանորոգվի թատրոնի դահլիճն ամբողջությամբ, այդ թվում՝ հատակը, աթոռները։ Դեռ անցած տարի կառավարությունը հավանություն տվեց մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջեւ կնքված 7 մլն. եվրոյի չափով թատրոնի տեխնիկական, լուսային եւ ձայնային վերազինման պայմանագրի նախագծին։



Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի մամուլի պատասխանատու Վահե Մովսիսյանը, այս ընթացքում Սունդուկյան թատրոնն իր ներկայացումները խաղում է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում՝ վերջին ներկայացումն էլ ամսի 30-ին են խաղացել, միաժամանակ հյուրախաղերով հանդես են գալիս ՀՀ մարզերում ու գյուղերում։ Արդեն եղել են Գյումրիում, եւ առաջիկայում նախատեսված է լինել նաեւ Արարատում։ Ինչ վերաբերում է Արմեն Էլբակյանի կողմից բեմադրվող «Պեպո» ներկայացմանը, ապա փորձերն ընթացքի մեջ են, թե երբ կլինի, դեռ պարզ չէ։



Մեր այն հարցին, թե մեծանուն դերասանուհուն՝ Վարդուհի Վարդերեսյանին ով է փոխարինելու ներկայացումներում, նա նշեց, որ դա յուրաքանչյուր բեմադրիչի խնդիրն է, կան տարբեր ներկայացումներ եւ տարբեր ռեժիսորներ, եւ դժվար է ասել, թե ռեժիսորներից յուրաքանչյուրը որ դերասանին ումով կփոխարինի. «Այն ներկայացումները, որտեղ ընդգրկված է եղել Վարդուհի Վարդերեսյանը, եւ իր մահի հետ կապված՝ այդ ներկայացումները խաղացանկից հանվեն, այդպիսի բան չի կարող լինել, բացառությամբ «Ծեր տիկնոջ այցը» ներկայացումից, որը Վահե Շահվերդյանը բեմադրել էր հենց իր համար։ Մնացած բոլոր ներկայացումները մնում են ուժի մեջ»։