Արամ Խաչատրյանը՝ ջազային մշակումներով

Արամ Խաչատրյանը՝ ջազային մշակումներով

Դեկտեմբերի 5-ին՝ Ա․ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Խաչատրյանը եւ ջազը» համերգային նախագիծը։ Առաջին անգամ Երիտասարդական նվագախումբը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային գործիքավորմամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգը նվիրված է հայտնի դաշնակահար Լեւոն Մալխասյանի 70-ամյակին։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Լեւոն Մալխասյանը (դաշնամուր), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը ղեկավարելու են Սերգեյ Սմբատյանը եւ Արմեն Հյուսնունցը։ Իսկ ծրագրում հնչելու են հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից եւ «Դիմակահանդես» դրամայի երաժշտության ջազային մշակումները։ Անդրադառնալով նախագծին՝ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշել է, որ այն չի կարող շարունակություն չունենալ ու չներկայացվել մարզերում եւ դրսում։ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցի կարծիքով, Խաչատրյանի գործերը ջազային մշակմամբ ներկայացնելու գաղափարն իր մեջ գայթակղություն ունի. «Բոլորին ծանոթ երաժշտությունը կներկայացվի ջազային գործիքավորմամբ, բայց առաջին դեպքը չէ, երբ ջազ երաժիշտներն անդրադառնում են դասականների ստեղծագործություններին: Ջազմենի համար մեծ գայթակղություն է գործ ունենալ Խաչատրյանի ստեղծագործությունների հետ, քանի որ Խաչատրյանը բացառիկ ազգային երաժշտություն է»: Դաշնակահար Վահագն Հայրապետյանի գնահատմամբ էլ Արամ Խաչատրյանն ինքը ժամանակին նպաստել է հայկական ջազի կայացմանը։