Քաղաքագրություն. Համքարությունը՝ Երեւանում (Մաս 2)

Քաղաքագրություն. Համքարությունը՝ Երեւանում (Մաս 2)

Յուրաքանչյուր համքարություն ուներ իր դատարանը («դատաստան»), որի կազմի մեջ մտնում էին գլխավոր վարպետն ու նրա օգնականները (աղսախկալները)։ Համքարական դատարանի իրավասությանը ենթակա գործերը բազմազան էին։ Դրանցից էին՝ վարպետների եւ նրանց վարպետացուների ու աշակերտների միջեւ ծագած վեճերը, համքարության վարպետների միջեւ եղած գործերն ու հարաբերությունները, ընտանեկան վեճերը, համքարության անդամների դեմ կողմնակի անձանց հարուցած գործերը եւ այլն։



Համքարական կարգը ժամանակի ընթացքում ստեղծել էր տարբեր բնույթի ու չափի պատիժների մի ամբողջական սիստեմ, որը բխում էր համքարության տնտեսական ու իրավական շահերից եւ սերնդեսերունդ անցնում էր բանավոր կարգով, ժամանակի ընթացքում ենթարկվելով որոշ փոփոխությունների։ Պատիժների մեջ էին մտնում դրամական եւ բնամթերային տուգանքները, հանցավորի արհեստանոցի ժամանակավորապես փակելը, արհեստի գործիքները խլելը, բանադրանքը, համքարությունից վտարելը եւ այլն։



Համքարություն ընդունվելու հիմնական նախապայմանն արհեստին տիրապետելն էր։ Վարպետացուի՝ արհեստին տիրապետելու եւ ինքնուրույն գործունեության համար պիտանի լինելու առաջին վկայությունը տալիս էր նրան սովորեցնող վարպետը՝ երդման միջոցով, ցույց տալով վարպետացուի կատարած ինքնուրույն աշխատանքի նմուշը։



Վարպետացուի ստուգողական աշխատանքի քննարկման եւ գնահատման վերջին աստիճանը համքարության ընդհանուր ժողովն էր, որտեղ, գնահատման հետ միասին, վճռվում էր վարպետացուին համքարության մեջ իբրեւ ինքնուրույն վարպետ ընդունելու կամ չընդունելու հարցը։ Համքարություն ընդունվելու համար բավարար չափով գիտելիքների ու գործիմացության պահանջն Անդրկովկասի քաղաքներում, այդ թվում եւ Երեւանում, ելնում էր համքարության տնտեսական շահերից եւ նպաստում էր արհեստների կատարելագործմանը, նրանց պատշաճ բարձրության վրա պահելուն։ Իսկ այդ հանգամանքը գալիս է ասելու, որ 19-րդ դարի սկզբներին եւ դրանից առաջ Երեւանում արհեստներն այնպիսի հասարակ վիճակում չէին, ինչպես Ի. Շոպենը փորձում է ներկայացնել։ Համքարություն ընդունվելու համար որեւէ նշանակություն չունեին տնտեսական դրությունը, գույքային ցենզը, ազգային պատկանելությունը, նստակյացությունը եւ այլն։ Համքարության կազմը միատարր չէր։ Այն իր մեջ ընդգրկում էր տարբեր աստիճանի վրա գտնվող եւ տարբեր իրավական վիճակ ունեցող մարդկանց։ Լայն առումով համքարության կազմի մեջ մտնում էին ոչ միայն ինքնուրույն վարպետներն ու առեւտրականները, այլեւ նրանց աշակերտները, վարպետացուները, գործակատարները, վարպետների ու առեւտրականների ընտանիքների անդամները։ Սակայն ավելի նեղ առումով համքարությունը կազմված էր միայն ինքնուրույն վարպետներից եւ առեւտրականներից, որոնք եւ համարվում էին համքարության լիիրավ անդամներ։



Համքարության ընդգրկած կամ որեւէ չափով նրան հարող ամբողջ անձնակազմը տնտեսական եւ իրավական առումով բաժանվում էր իրարից խիստ կերպով տարբերվող երկու խմբի՝ ինքնուրույն վարպետների եւ աշակերտների, աշխատողների ու վարպետացուների։ Ինքնուրույն վարպետներն ու առեւտրականներն ունեին իրենց արհեստանոցներն ու կրպակները, համարվում էին համքարության լիիրավ անդամներ եւ մասնակցում էին համքարության բոլոր գործերին։ Աշակերտները, աշխատողներն ու վարպետացուները համքարության գործերում իրավազուրկ էին եւ ամբողջապես ենթարկվում էին վարպետների ու առեւտրականների իշխանությանը։ Նշվածներից բացի, համքարության աշխատանքներին (հատկապես մանածագործության եւ ջուլհակության գծով) մասնակցում էին նաեւ կանայք, որոնք, սակայն, համքարության ներքին գործերին ոչ մի մասնակցություն չունեին։



Հսկայական էր համքարությունների դերն արտադրության եւ արտադրանքի վաճառահանման գործում։ Ինչպես մյուս բնագավառներում, այնպես էլ արտադրության կազմակերպման մեջ համքարությունը հանդես էր գալիս իբրեւ միասնական մի կազմակերպություն։ Համքարության համերաշխությունը հետեւանք էր նրա տնտեսական, վարչա-ֆինանսական-հարկային, հասարակական շահերի միասնության:



Երեւան քաղաքի պատմությունը