Կձեւավորվե՞ն մեզանում դաշինքներ

Կձեւավորվե՞ն մեզանում դաշինքներ

Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեով ընդամենը մեկնարկեց Հայաստանի քաղաքական դաշտի կազմավորման գործընթացը: 



Սահմանադրությունն ընդամենը սահմանում է, որ ընտրությունները տեղի են ունենալու 100 տոկոս համամասնական ընտրակարգով, բայց թե ինչպիսին պետք է լինի այդ համակարգը, թողնված է Ընտրական օրենսգրքի կարգավորմանը: Իշխանությունները եկող տարվա սկզբից կսկսեն ԸՕ փոփոխության գործընթացը, որպեսզի մինչեւ հունիս այն ավարտին հասցնեն: Խորհրդարանական համակարգը ենթադրում է, որ պետք է լինեն ուժեղ, կայուն կուսակցություններ, կայացած եւ համապատասխան քաղաքական միջավայր։ Այսօրվանից քաղաքական ուժերի միջեւ այդ ուղուն տանող խմորումներ են գնում, քաղաքական ուժերը քննարկում են հավանական դաշինքների ձեւավորման, խոշորացման եւ ուժեղանալու միջոցները:



Պատահական չէ, որ նախագահականում անցած շաբաթ Սերժ Սարգսյանը քաղաքական շրջանակներին ուղղված հստակ ուղերձով էր հանդես եկել. «Ես վստահ եմ, որ եթե այս փոփոխություններն ընդունվեն, Հայաստանում անպայման տեղի է ունենալու կուսակցությունների խոշորացում: Անպայման, որովհետեւ մարդն ընդհանրապես ինչո՞ւ է մտնում կուսակցություն, առավել եւս՝ ինչո՞ւ է կուսակցություն ստեղծում եւ ինքը դառնում նախագահ. նրա նպատակը քաղաքական գործընթացներին մասնակցելն է: Ցանկություն ունեն ստանալ մեծ քվե եւ ղեկավարել երկիրը կամ մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը: Այլ նպատակներով ինչո՞ւ պետք է կուսակցություն ստեղծել՝ կստեղծվի ինչ-որ հասարակական կառույց, եթե բնության սիրահար է, կենդանիների սիրահար է եւ այլն: Բայց եթե մեկ-երկու-երեք՝ չստացվի, ստիպված է լինելու այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմել»:



Քաղաքագետների կարծիքով, անպայման մեզանում ձեւավորվելու է երկու ձեւ՝ արեւմտամետների եւ ռուսամետների։ Անգամ արդեն ուրվագծվում են այդ գործընթացները, եւ քաղաքական կողմնորոշումներն են հստակեցվում։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, ռուսամետների թեւն ավելի հստակ է, քան արեւմտամետներինը: Ինչպես հայտնի է, այսօրվա խորհրդարանում չկա ընդգծված եւ զտարյուն արեւմտամետ ուժ: Բոլոր նրանք, ովքեր, թվում է, արեւմտյան կողմնորոշում պետք է ունենային, սեթեւեթում են Ռուսաստանի հետ եւ հստակ չեն իրենց դիրքորոշման մեջ։ Արեւմտամետներից ամենաընդգծվածը «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքն էր, որը 2012-ին խաղի մեջ մտավ հենց այդ առաքելությամբ, բայց կարճ ժամանակ անց պառակտվեց, սկսեց պրոռուսական «խաղեր տալ»։ Իսկ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ընդհանրապես դուրս եկավ կուսակցությունից, բացահայտ արտահայտելով իր ռուսական կողմնորոշումը։



Սակայն արեւմտամետների թեւում դեռ շարունակում է մնալ Խաչատուր Քոքոբելյանի կուսակցությունը՝ «Ազատ դեմոկրատները», որը կարող է, ըստ փորձագետների, համախմբել արեւմտյան կողմնորոշում ունեցողներին։ Կուսակցության նախագահը, սակայն, ժխտում է դաշինքի ձեւավորման մասին լուրերը։ Նա պնդում է, որ 2017-ին ԱԴ-ն որպես առանձին կուսակցություն է մասնակցելու, պարզապես այս կուսակցության ցուցակն ընտրություններից առաջ կհամալրեն հանրությանը հայտնի որոշ անհատներ։ Եվ որքան էլ նրանց անունները գաղտնի են պահվում, հայտնի է, որ նրանց թվում են Դավիթ Շահնազարյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, չի բացառվում՝ նաեւ Հրանտ Բագրատյանը: Այստեղ մեծ ցանկություն ունեն իրենց շարքերում տեսնել նաեւ Արամ Զավենի Սարգսյանին, բայց վերջինը կարծես պատգամավոր դառնալու ծրագրեր չունի:



Չնայած որոշակի ընդհանրություններին, «Ազատ դեմոկրատները» ժխտում է վերածնված ՀՀՇ-ի կամ նախկին դաշնակցի՝ «Ժառանգության» հետ համագործակցությունը։ Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանի» ապագան դեռ մշուշոտ են համարում:



Այս դաշտում է «խաղում» նաեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», որը եւս դեմ չէ միավորվելուն, բայց միայն իր հարկի տակ ընդունելու ձեւաչափով։ ՔՊ-ն իրեն շատ ավելի ինքնավստահ է զգում, քան մյուսները, եւ մտադիր չէ որեւէ մեկի հետ դաշինք կազմել։ «Ցանկացողները թող միանան մեզ»,- համագործակցության առաջարկներին կոնտրառաջարկ են անում ՔՊ-ից: Ի դեպ, մեր տեղեկություններով, մոտ տասն օր առաջ նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, 2017-ին համատեղ դաշինքով հանդես գալու հարցի վերաբերյալ Փաշինյանը կրկնել է կուսակցության տեսակետը:



Մենք շաբաթներ առաջ նկատել էինք Ուրիխանյանի եւ նախկին ԲՀԿ-ականների հարաբերությունների ջերմացում, բայց նրանց դաշինքը խիստ անհավանական է համարվում։