Ինչպե՞ս կընդունվի ՀՀԿ պատգամավորի անեծքը

Ինչպե՞ս կընդունվի ՀՀԿ պատգամավորի անեծքը


Միշտ էլ սարսափով եմ նայել անիծող մարդկանց ու ինչքան զգացել եմ, շրջապատում էլ խուսափում են նման մարդկանց հետ փոխհարաբերվելուց:



Հասկանում եմ, լավ օրից չէ, որ մարդը անիծում է մեկին, առավել ևս ինչ աստիճանի պիտի հասնի, որ անիծի երեխեքին, թոռներին ու յոթը պորտին ու, հասկանալով հանդերձ, ասում եմ՝ ամենաշատը վախենում եմ անիծող մարդկանցից: Մարդիկ, ովքեր սրբության բոլոր արժեքները մի կողմ են դնում:



Տղամարդկանցից հազվադեպ եմ անեծք լսել, բայց այսօր սարսափով էի մամուլի էջերում կարդում, որ տղամարդը անիծում է:



...Ու այդ տղամարդը ՀՀԿ պատգամավոր է, մեծ ինչքի տեր մարդ:



Հաստատ համոզված եմ, որ անիծող կողմը հանրության աչքում, ինչքան էլ ճիշտ լինի, իջնելու, ոչնչանալու է: Իսկ անիծվող կողմը, ինչքան էլ մեղավոր լինի, պաշտպանության տակ է առնվելու:



Վերջերս հանրածանոթ մի անձ դիմել էր ինձ.



-Ի՞նչ անեմ, հիմա էլ երեխեքիս վրա են անեծք թափում:



- Իսկ ի՞նչ ես ուզում, որպեսզի հանրությունը հասկանա, պաշտպանի՞ քեզ,- հարցրի:



- Իհարկե, այո,- ասաց:



- Այդ դեպքում լռիր,- խորհուրդ տվի,- քո փոխարեն այդ գործը կատարում է հակառակորդդ:



Այդպես էլ եղավ, հանրությունը անարձանք թողեց, ավելին, անտեսեց, արհամարհեց բարձրացված հարցը:



Հիմա անդրադառնամ անիծող ՀՀԿ պատգամավորին՝ Աշոտ Աղաբաբյանին, ով ավելի շատ հայտնի է Բուռնաշ անունով: Նա նեղսրտում է, որ «Հրազդան» մարզադաշտի վերաբերյալ դատական որոշում չի կայացվել եւ լրագրողի հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ միտումնավորության համար անիծում է.



«Ասել եմ` տակից դուրս չի գալու, կյանքն ու պաշտոնը հավերժ չեն, ինձ ով որ վատություն է անում, Աստված իրեն պատժում է, իրան չպատժի, երեխեքին ու թոռներին է պատժելու, ինքը մենակ ինձ չի վատություն արել, սաղ հանրապետության միջին խավին Հայաստանից լարել ա»:



Ինչպե՞ս կընդունվի ՀՀԿ պատգամավորի անեծքը հանրության կողմից:



Լավ է անում, թե՞ վատ, երբ նման բան է ասում, գնահատական չեմ տալիս, բայց հաստատ համոզված եմ, որ Բուռնաշը Գագիկ Խաչատրյանին այս պարագայում դնում է բարենպաստ պայմանների մեջ:



Ինքը իր լեզվով կորցնում է հանրության աջակցությունը:



Հասմիկ Բաբաջանյան