Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։



Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը։



Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։



ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն տվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։



ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիային առնչվող հարցեր։