Այսօր դրա սիրտը չունենք, Սեյրա՜ն…

Այսօր դրա սիրտը չունենք, Սեյրա՜ն…

Հատկապես իշխանական կայքերը, չեմ հասկանում, ինչու՞ են հեղեղվել Սեյրան Օհանյանի ու նրա ընտանիքի լուսանկարներով:



Ես չեմ ուզում անգամ պատկերացնել՝ սահմանային այս լարվածության մեջ, երբ ամեն օր զինվոր ենք հանձնում հողին, ի՞նչ են ուզում դրանով ասել:



Նրանց թվում է, թե՞ լավություն են անում Պաշտպանության նախարարին՝ ի ցույց դնելով շքեղ կյանքի առէջների մեջ նրանց ճոճքը: Աշխարհը մի հեքիաթային դրախտ է՝ գունագեղ ծաղիկներով զարդարված, իրենք կտրված աշխարհից անէանու՞մ կամ անէացման նման մի բա՞ն են անում…



Սա ես համարում եմ թշնամություն: Որոշ ԶԼՄ-ների կողմից թշնամություն: 



Այս օրերին  Սեյրան Օհանյանին կուզեի տեսնել միայն ու միայն զինվորների հետ, հոսպիտալում, մահացած զինվորների հարազատների կողքին, ռազմական նոր ծրագրեր մշակելիս…



Իր ընտանիքի հետ թող լուռ լինի: Համեստ, շա՜տ համեստ:



Գունագեղ զգեստների ցուցադրությունը լավ բան է, բայց դրա ժամանակը չէ, բայց դրա սիրտը չունենք:



Իր ընտանեկան նկարները թող ինչքան ասես շքեղ ու վեհ լինեն, բայց առայժմ չհրապարակվեն: Հավատացնում եմ, ես սիրում եմ գեղեցիկը, գնահատում նրա տիկնոջ ծաղկասիրությունը, դաշնամուրային բարձր ճաշակը, հիանում արվեստի կատարելությանը մոտ նրա շրջազգեստներով, կահ- կարասիով, մոմակալներով, թանկարժեք կտավներով, բայց ներող կլինեք, դրանք տեսնելու, գնահատելու սիրտ չունի ժողովուրդը…



Մեր ուշքն ու միտքը զոհված զինվորի վրա է: Հացի փող չունեցող ու օտար երկրում փող վաստակող նրա ծնողների վրա է:



Մեր ուշք ու միտքը այն Սեյրանի վրա է, ով զինվորի հետ է:



Թող բազում ընտանեկան երանության պահեր ապրի, թող բազում հանդերձներով իր կինը շողշողա, բայց դրանք թող մնան իրենց մեջ, իրենց ընտանիքում:



Այսօր դրա սիրտը չունենք, Սեյրա՜ն:



ՀԳ Չեմ կարծում, որ նման լուսանկարներ տարածողները բանակի հրամանատարի  օգտին են աշխատում…



Հասմիկ Բաբաջանյան