Փամփուշտները հրթիռներից առաջ էին արձակվել...

Փամփուշտները հրթիռներից առաջ էին արձակվել...

Տարածաշրջանում տիրող վերջին շաբաթների լարված ու «դրամատիկ» ռազմաքաղաքական իրադարձությունները Երկրորդ աշխարհամարտից ի վեր երբեք այսքան մոտ ու բնորոշիչ չէին եղել «երրորդ աշխարհամարտ» որակումին: Ընդամեն մեկ բառ էր միայն պակասում, որով համաշխարհային առաջատար լրատվամիջոցները իրենց գլխագրերը կվերտառեին՝ ՍԿՍՎԵԼ Է... Այո, պիտի գրեին՝ «Սկսվել է Երրորդ աշխարհամարտը» և ոչ թե՝ «Սկսվեց», քանի որ վերջին տասնամյակների ռազմաքաղաքական զարգացումներն այդ օրերին հասել էին իրենց կիզակետին, իսկ միջազգային հանրությունը երբեք այդքան մոտ չէր զգացել համաշխարհային պատերազմի «շունչը»:



Վեցերորդ գարունը թևակոխող «Արաբական գարնան» խաղաքարտերն ամիսներ առաջ խառնվեցին, երբ Ռուսաստանի պետդուման Սիրիայում ռազմական բացահայտ դերակատարություն ստանձնեց՝ անսալով նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքին: Ռուսական օդուժի շեշտակի մուտքը Սիրիա սառը ցնցուղ էր Արևմուտքի համար: Վերջինս սադրիչ գործողությունների գործարքը գերադասեց խաղաղությունից, արդյունքում՝ ընդարձակվեց խորացող հակամարտության շառավիղը, բառի բուն իմաստով՝ ավերակների վերածելով Արաբական աշխարհի «կարթագենը»՝ Սիրիան, որի ներքաղաքական ճգնաժամը վերածվեց տարածաշրջանում կամ՝ Պուտին, կամ՝ Օբամա լիդերի հաստատման գերխնդրի:



«Իսլամական պետությունը»` որպես գերժամանակակից սպառազինված բանդա՝ ստեղծված Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից, «հրաշալի» կատարում է տարածաշրջանն ապակայունացնելու և աշխարհն ահ ու սարսափի մեջ պահելու իր առաքելությունը: Ամենևին էլ գաղտնիք չէ՝ բնական հարուստ պաշարներով արաբական անապատի ընդերքը մի այլ հրապուրանք է իշխանական և գործարար էլիտայի համար: Տարածաշրջանում նավթային նորաթուխ բարոնի՝ նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նավթա-բարելային թռիչքը ժամ առաջ կասեցնելու ռուսական փորձը Ա-321 օդանավի, ապա՝ Սու 24 ուղղաթիռի աղետներով հատուցվեց:



Եվ որպեսզի Եվրոպան քիթը չխոթեր արաբական նավթահորերի մեջ, ասել է, թե հեռու մնար մեծերի խաղից, մի մեծ գլուխկոտրուկ դրեցին նրա առջև՝ փախստականների հարցը, իսկ փարիզյան ահաբեկչությունները, առհասարակ,«Իսլամական պետության» «սպառնալիքները» հաջողված սանձահարում էին Եվրոպայի համար:
Արևմուտքի և ՆԱՏՕ-ի համար «Իսլամական պետությունը» միջոց է, իսկ Թուրքիան՝ «թնդանոթի միս»՝ Ռուսաստանի դեմ ելնելու, նրան պատերազմի մեջ ներքաշելու, ասել է, թե «երրորդ աշխարհամարտի» պաշտոնական մեկնարկը տալու համար:
Սու-24 ուղղաթիռի կործանումից հետո Արևմուտք-ՆԱՏՕ-Թուրքիա եռյակը բեմադրեց ներկայացման երկրորդ մասը՝  ասել է թե համաշխարհային պատերազմի սադրում. Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանի հյուսիս-արևմտյան սահմանը երկու անգամ խախտվեց, Դավութօղլուի Բաքու այցից հետո ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտ գոտու լարվածությունը, իսկ ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների լարվածության ներքո վերջին շաբաթներին թուրք պաշտոնատար այրերը յուրայինների կողքին առյուծ էին դառնում՝ խոսքերն իրենցից առաջ էին ընկում, հոխորտում, փորձում էին հունից հանել, սադրել Ռուսաստանին:



Ռազամաքաղաքական խարդավանքի մեջ ներքաշված համախոհների աշխարհագրությունը ընդլայնվեց ՌԴ-ի հետ քաղաքական և տարածքային խնդիրներ ունեցողների հաշվին. Վրաստանի ԱԳՆ-ն պնդեց, որ ռուսական անօդաչու սարքերը երկու անգամ խախտել են երկրի օդային տիրույթը, կարճ ժամանակ անց Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից թռչող անհայտ ուղղաթիռն իր սահմանն է խախտել: Ռուսաստանն էլ իր հերթին հայտարարեց ամերիկյան զինուժի կողմից իր տարածքի խախտման մասին:
Կարծեք թե քիչ էր, որ «երկաթե թռչունները» բաց երկնքում քավության նոխազ էին դարձել, շատ չանցած ծովի հսկաները ներքաշվեցին սադրանքի մեջ. Բոսֆորի նեղուցով անցնելիս նավի վրա կանգնած ռուս զինվորի՝ կրակելու պատրաստ դիրքը դուր չէր եկել թուրքերին, հետո Էգեյան ծովում գտնվող ռուսական պարեկային նավի անձնակազմը նախազգուշական կրակ էր բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտենալիս էր եղել ռուսական նավին՝ չպատասխանելով անձնակազմի զգուշացումներին: Այսպիսով, ռուս–թուրքական դիվանագիտական վիրտուալ պատերազմն անխուսափելի էր...



Ի վերջո, առողջ բանականությունն է դիվանագիտության հաղթաթուղթը:
Նախագահ Պուտինի և պետքարտուղար Քերրիի մոսկովյան վերջին հանդիպման ազդակներից կարելի է հետևություն անել, որ Պուտինն այս քայլով էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Մերձավոր Արևելքում, հատկապես՝ Սիրիայում: Կրեմլյան հանդիպումը քաղաքական մեսսիջ և դիվանագիտական նոտա էր ԱՄՆ-ՆԱՏՕ-Թուրքիա եռյակին՝ վերանայել խաղաքարտերը Սիրիայում և դրանցում ամենևին էլ հաղթաթուղթ չփնտրել: Եվ ամենակարևորը՝ Պուտին-Քերրի հանդիպումը հույս ներշնչեց, որ համաշխարհային հանրությունը չհայտարարված «երրորդ աշխարհամարտը», գուցե տևական ժամանակով, բայց, այնուամենայնիվ, խույս տվեց, որի բոլոր նախադրյալները իրավամբ կային:
Մոսկվան մտածելու, առավել ևս՝ կորցնելու ոչինչ չունի, իսկ ահա Անկարան կորցնելու շատ բան ունի. Ռուս-թուրքական պայմանագրի վերանայում, քրդական հարց..., իսկ քուրդ ժողովուրդը երկիրն այդ իրական քաոսի է վերածել:



Եվ քանի դեռ Թուրքիան հապաղում է Սու-24-ը կործանելու համար ներողություն խնդրել, մեղավորներին պատժել և փոխհատուցել, ռուս-թուրքական դիվանագիտական ճգնաժամը կխորանա և եթե հյուսիսային արջի՝ Ռուսաստանի,«պարը բռնի» Բոսֆոր-Դադրդանել նեղուցներում, այդ ժամանակ անկասկած կսկսվի կիսալուսնի մայրամուտը՝ Մարմարայի հորիզոնում, քանզի փամփուշտները հրթիռներից առաջ էին արձակվել...



Ջեմմա Բաղդադյան