Սերժին ինչ ուզում եք ասեք, բայց մարզպետին, քաղաքապետին բան չասեք

Սերժին ինչ ուզում եք ասեք, բայց մարզպետին, քաղաքապետին բան չասեք

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ ամեն օր Ազատության հրապարակ են հավաքվում հիմնականում մեծ տարիքի մարդիկ, ելույթների ներքո սառում են և այդպես էլ «հեղափոխության» երազանքը սրտներում հեռանում այնտեղից: Նախաձեռնության անդամներն այս օրերին շրջեցին մարզերում, շփվեցին և բնակչության հետ, և սադրիչների հետ, հիմա ի՞նչ է սպասվում, նպատակները պարզ են, իսկ վերջնարդյո՞ւնքը:



«Վերջնարդյունքը պարզ կլիներ, եթե 30, 40, 50 հազար մարդ հավաքվեր Ազատության հրապարկում, Ձեզ համար էլ պարզ կդառնար, մնացածի համար էլ: Դա մի փոքր խավար է երևում, բայց ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ մեր քաղաքացիները գիտակցում են այն հանգամանքը, որ այսպես շարունակվել չի կարելի, և այս իշխանությունը չէ, որ ներկա ճգնաժամային իրավիճակից Հայաստանին հանելու է».- նշում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, արդյոք մարտավարական նոր գաղափարներ ունի՞ «Նոր Հայաստանը», թե՞ մարդիկ շարունակելու են «սառել» Ազատության հրապարակաում: Ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը մեզ հրավիրեց այսօր «սառելու» Ազատության հրապարկում և ստանալ բոլոր հարցերի պատասխանները:



Իսկ ինչ մնում է մարզային հանդիպումներին, ապա Ժառանգության ներկայացուցիչը միանշանակ պնդում է, որ սադրիչները «իշխանական» էին. «Ակնհայտ էր իշխանության կողմից կազմակերպելը, օրինակ երեկ հենց Վանաձորում այդ երիտասարդների կողմից սադրանքը եղավ այն պահին, երբ հոսանքն անջատեցին այդ թաղամասի, այսինքն՝ ակնհայտ է, որ կազմակերպած է եղել, ինչպես և մնացած տեղերը: Իջևանում էլ, Վանաձորում էլ, Էջմիածնում էլ, այդ բոլորը կա: Իշխանությունների հետ կապված հենց ներիշխանական խնդիր էլ կա: Տեսեք, բոլոր տեղերում գրեթե բացահայտ ասում էին, որ մեր մարզպետին, քաղաքապետին բան չասեք, Սերժին ինչ ուզում եք ասեք: Ոչ թե վախ է մարզպետի, կամ քաղաքապետի նկատմամբ, սա ցույց է տալիս, որ իսկապես ֆեոդալական կարգեր են Հայաստանում, որովհետև, եթե հիշում եք, հայկական ֆեոդալիզմի պարագայում ուղղահայաց այդպես ասեմ կառավարում գոյություն չուներ, և թագավորը ֆեոդալներից տարբերվում է նրանով, որ մի փոքր ավելի շատ զորք ունենալու իրավունք ուներ: Սա ցույց է տալիս, որ իշխանական միասնություն գոյություն չունի: Երկրորդ, այս սադրանքներով իշխանությունն իր վախերն է ցույց տալիս, ակնհայտ է, որ իրենք մեզանից շատ ավելի տեղեկություններ ունեն երկրում ինչ է կատարվում, ինչ իրավիճակ է, և իրենք ակնհայտորեն վախենում են, որովհետև գիտեն, որ թույլ են»:



Ինչևէ, Արմեն Մարտիրոսյանը դեռ հույսեր ունի, որ իշխանությունը խոհեմություն կունենա. «Որ հասկանա՝ հասարակական տրամադրությունները ժամ առ ժամ արմատական են դառնում, մեր քաղաքացիները բացահայտ արդեն ուժային պայքարի կոչ են անում, մենք դեմ ենք այդ ուժային պայքարին, որովհետև կարծում ենք, որ խաղաղ անհնազանդությամբ մենք կկարողանք իրավիճակը փոխել, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այսինքն՝ միջազգային հանրության կողմից այս իշխանությունների լինելը, որը վերջին աննախադեպ հայտարարություններով արձանագրվեց: Ու իշխանության ներսում այդ բազմաբևեռությունը, ուժային կառույցների հոգնելն իշխանությունների ամեն մի կեղտոտություն իրենց վրա վերցնելով»: Ինչ մնում է մարդկանց մոբիլիզացիային, ապա Արմեն Մարտիրոսյանն արդեն վարակվել է Ժիրայր Սեֆիլյանի գաղափարներով, պատասխանեց հենց նույն ոճով. «Այն մոբիլիզացիան, որ մենք պատկերացնում ենք, և որը վաղ թե ուշ լինելու է, այդ մոբիլիզացիայի պարագայում արդեն մեր քաղաքացիներն իսկապես կհասնեն Երևան, որովհետև կարող է մեկ օր մի քանի ժամ տրանսպորտային շրջափակումն աշխատում է, բայց մի քանի օրվա համար չի կարող աշխատել»: Ականջդ կանչի «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնություն: