Տարվա մարդը՝ զինվոր

Տարվա մարդը՝ զինվոր

Գիտե՞ք, ես առանձին որևէ զինվորի մասին գրել չեմ ուզում: Թե ում անունն ինչպես է, ով որտեղ է ծառայում, որ սահմանն է պահում, ով ում տղան է, որ գյուղից:



Բոլորի անունը նույնն է՝ զինվոր, բոլորն ընդհանուր մի մայր ունեն՝ ժողովուրդ ու տարածքը մեկն է՝ Հայաստան:



Ֆեսբուքում այս այս պայծառ լուսանկարն է շրջում: Թոռը տատի հետ:



Նայե՜ք տատիկի աչքերին, ինչքան էլ փորձում է իրեն ուրախ ցույց տալ, բայց աչքերի անկյուններում ծվարել է սահմանը ոչ խաղաղ լինելու վախը, բայց չանտեսեք, որ թոռան գրկում ինչքա՜ն ապահով է զգում իրեն, ինչքա՜ն հպարտ ու երջանիկ:



Տատն աչքերով խոսում է.



-Աստված, պահպանիր գառիս, իմ հույսը դու ես, պահպանիր բոլոր գառներին…



Իսկ թոռը, ով երևի 19 տարեկան կլինի, պատասխանում է աչքերով.



-Տատ ջան, ես արդեմն մեծ եմ ու պիտի պաշտպանեմ իմ օջախը:



Եթե նայեք խոսող աչքերին, ինչքա՜ն բան կգտնեք, որ ոչ մի նկարիչ չի կարող արտահայտել այդպե՜ս խոսուն, իրական:



Սա տատ ու թոռ նկար չի, ժողովուրդ ու զինվոր նկար է:



Հանրության ողջ սերը, գուրգուրանքը, նվիրվածությունը, մտահոգությունը, քնքշանքը զինվորի հետ է:



Ներող եղեք, հայրեր ու մայրեր, տատեր ու պապեր, որ ձեր տղան ժողովրդինն է, որ մեղրի պես անուշ այս տատի մեղրածոր հայացքով մի ողջ ժողովուրդ է սպասում զինվորի վերադարձին:



Սա՛ է տարվա լուսանկարը ու սա պիտի լինի տարվա լուսանկարը՝ մայրական անափ սեր:



Թե չէ տարվա ամեն ինչը հնարեցիք, բայց սահմանը պահող, կյանք նվիրաբերող զինվորի մասին ոչ մի խոսք:



Զինվորին եմ համարում բոլոր առումներով տարվա մարդը: Նորից եմ կրկնում, կարևոր չէ՝ ով է նա, ում տղան է, որ սահմանն է պահում…



Կարևորն այն է, որ մեր գիտակցության մեջ տարվա մարդ համարենք զինվորին:



Սահման պահող զինվորին:



Մեր տղուն:



Հասմիկ Բաբաջանյան