Հայր Անտոնն ավելի շատ բիզնեսմեն է, քան հոգեւորական

Հայր Անտոնն ավելի շատ բիզնեսմեն է, քան հոգեւորական

Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից էր Հայ կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանը, որը եկեղեցական գործերին զուգահեռ բիզնես գործունեություն է ծավալել ու զբաղվել քաղաքականությամբ: Շիրակի մարզի կաթոլիկներով բնակեցված Փանիկ համայնքում վարդապետություն ստանձնած տարիներին Հայր Անտոնը միջամտել է գյուղապետի ընտրություններին ու հակաքարոզչություն արել գործող գյուղապետի մրցակցի՝ Պետրոս Մակեյանի եղբոր դեմ:



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով, Հայր Անտոնն իր հարազատ գյուղից հեռացել է հենց եղբոր բողոքի արդյունքում ու հիմնադրել «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղը, որտեղից էլ նրան ձերբակալել են:



- Պարոն Մակեյան, ճանաչո՞ւմ եք վարդապետին, եւ ի՞նչ գործունեություն է ծավալել նա Ձեր հարազատ գյուղում:



- Վարդապետը մեր գյուղում 5-7 տարի աշխատեց մինչեւ մի երկու տարի առաջ, մինչեւ իրեն տեղափոխեցին Գյումրի: Տեղափոխման շարժառիթը հնարավոր է լինեն 2012-ի աշնանը գյուղապետի ընտրությունները, երբ վարդապետն ակտիվ քարոզչություն էր անում գործող գյուղապետի համար եւ իմ եղբոր դեմ: Եղբայրս կաթոլիկ եկեղեցուն բողոք գրեց, որ ինքը, լինելով հոգեւորական, քաղաքականությամբ է զբաղվում: Որոշ ժամանակ անց իրեն տեղափոխեցին, եւ չի բացառվում, որ դա առիթ լինի: Նրան ճանաչել եմ հեռակա, հիմնականում թաղումների ժամանակ եմ տեսել, բայց գյուղից ինֆորմացիա ունեմ եւ կարող եմ ասել, որ նա ավելի շատ բիզնեսմենի հոգեբանություն ունի: Այդ առումով հոգեւորականի առանձնահատկություններ չի ունեցել, բայց վերջին բացահայտումները, որ առաջացել են խմբի մեջ, իմ մոտ այլ կարծիք է առաջացել, որ միգուցե այդ մարդը մի բան է եղել, այլ ներկայացրել:



- Բայց, ըստ լուրերի, ազգային-հայրենասիրական նկրտումներ են հետապնդել՝ փորձելով ժողովրդին «ազատագրել» այս իշխանություններից:



- Իր մոտ ես բացարձակ նման վարքագիծ չեմ նկատել: Իր մոտ միայն բիզնեսն էր, որովհետեւ նույնիսկ հոգեհանգստի հաց տալու սրահ էր դրել եկեղեցին, բայց այդ սրահը նա փողով էր տալիս մարդկանց: Ինչ-որ կասկածելի բան կար այդ մարդու մոտ: Ի դեպ, իր հետ եղբորս դեմ հակաքարոզչություն անողներից մեկն էլ է այդ խմբում՝ Ջնդոյանը, որին չեմ ճանաչում շատ մոտիկից:



- Իսկ ի՞նչ բիզնես-գործունեություն է իրականացրել:



- Հիմա, որքանով տեղյակ եմ, գյուղում կաթի վերամշակման ցեխ են դրել, չրի արտադրամաս, հողատարածքներ ուներ վարձակալած՝ մի քանի տասնյակ հեկտար:



- Պարոն Մակեյան, Դուք նույնպես կաթոլիկ եկեղեցու հետեւորդ եք, իրեն ինչպե՞ս էին ընդունում կենտրոնում:



- Դե, ես այդ եկեղեցու հետեւորդ եմ այնքանով, որքանով, շատ իրազեկված չեմ: Բայց եղբայրս երբ դիմում գրեց, երկար ժամանակ նա շարունակում էր վարդապետություն անել, ուրեմն հանդուրժում են: Փաստորեն, հովվապետը թեեւ ազնիվ մարդ է, բայց դե՝ կաթոլիկ եկեղեցին մնում է ու գործում մաֆիայի կանոններով: