Նախարարի տարվա գլխավոր բացթողումը որեւէ բացթողում չարձանագրելն էր

Նախարարի տարվա գլխավոր բացթողումը որեւէ բացթողում չարձանագրելն էր

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երեկ Բնության պետական թանգարանում լրագրողների հետ հանդիպեց եւ ամփոփեց անցնող 2015 թվականը։ Շատ թեմատիկ ընտրված վայրում, պեղումների արդյունքում հայտնաբերված տարատեսակ քարերի, էկզոտիկ անվանումներով կենդանիների անկենդան նմուշների «բնապահպանական» ներկայությամբ նախարարը կես ժամից ավելի պատմեց, թե ինչեր են արել իրենք անցնող տարում, հետո անցավ լրագրողների հարցերին պատասխանելուն։



Նախարարի այս երկարաշունչ ելույթից երկու դրական փաստ արձանագրենք, հետո անցնենք հարցուպատասխանին ու դրանցում բարձրաձայնված խնդրահարույց կետերին։ Առաջինն այն էր, որ նախարարը խոսեց իրենց կատարած աշխատանքի բացառապես դրական արդյունքների մասին։ Բնականաբար, յուրաքանչյուր նախարարություն ամբողջ տարին միայն դրական աշխատանք է կատարում եւ ոչ մի թերություն չի արձանագրում իր աշխատանքում։ Այսպես է բոլոր նախարարությունների ամփոփիչ ասուլիսներում։ Մյուս իրական դրական փաստն այն էր, որ Արամայիս Գրիգորյանը ոչ թե իր որոշ կոլեգաների նման եկավ-նստեց ու սկսեց իր առջեւ դրված ձանձրալի տեքստը կմկմալով ընթերցել, այլ բավականին պատրաստված ձեւով կետ առ կետ բանավոր ներկայացրեց անցնող տարվա իրենց կատարած աշխատանքը՝ թվերով, փաստերով։ Ինչ խոսք, տարեկան ամփոփմանը նվիրված առանց «շպարգալկաների» նման վարժ ելույթը՝ միայն թեման հուշող նշումներով, այնքան էլ հաճախ հանդիպող երեւույթ չէ մեր պաշտոնյաների մոտ։ Հարցուպատասխանի ժամանակ, սակայն, նախարար Գրիգորյանն ստիպված եղավ հաճախ խուսանավել անցանկալի հարցադրումներից կամ ուղղակի լղոզել-անցնել։



Նա խոսեց իրենց ոլորտում առկա բոլոր ճյուղերից՝ ՀԷԿ-եր, հանքարդյունաբերություն՝ դրանց արդյունքում առաջացող բնապահպանական խնդիրներով, ջրօգտագործում, Սեւանա լիճ, ձկնագողություն, ապօրինի որս, անտառներ, տեսչական ստուգումներ եւ այլն։ Այս ամենը բացառապես դրական լույսի ներքո ներկայացնելու ընթացքում նախարարը, երբ հասավ Սեւանից ապօրինի ձուկ որսալու եւ վաճառելու խնդրին, լրագրողներին մի տարօրինակ առաջարկ արեց, որի տակ բացահայտվեցին արդեն իրենց «անթերի» աշխատանքում առկա թերությունները։ Նա կոչ արեց լրագրողներին՝ օգնել իրենց բռնել ձկնագողերին։ Այսինքն՝ փողոցներում, տարբեր վաճառակետերում ապօրինի որսի արդյունքում շուկա հանված ձկնա վաճառների հանդիպելիս նկարել նրանց, այդ պատկերը ցույց տալ, որ գուցե նրանք ամաչեն եւ այլեւս նման բան թույլ չտան։ Այսինքն՝ նախարարը լրագրողներին առաջարկում է «գո՞րծ տալ», իսկ ո՞ւր են իրենց տեսուչներն ու ոստիկանները, ինչո՞վ են զբաղված, որ հույսը լրագրողների վրա են դրել։ Եվ ինչո՞ւ պետք է մենք բռնել տանք ձկնավաճառությամբ ընդամենը իրենց օրվա հացի խնդիրը լուծող վերավաճառողներին։



«Բացարձակապես խոսքը դրա մասին չէ։ Մենք գիտենք, որ հանրապետությունում կա սոցիալական խնդիր, մենք նաեւ շատ լավ գիտենք, որ եթե Սեւանա լճի ձկան պաշարների հետ կապված խնդիրը մեզ համար արդիական չլինի, մենք չենք կարող վաղը խոսել արդյունագործական որսի մասին։ Էդ փողոցներում ձուկ վաճառողները երկրորդական, երրորդական դերակատարություն ունեցող մարդիկ են, դրանք միջնորդներ են, դրանք վերավաճառողներ են։ Իսկ իմ ասածը հետեւյալն էր, որ լրագրողները մեզ նույնպես օգնեին էն առումով, որ դրանց մեջ կլինեին մարդիկ, որոնք որ նկարելուց կամաչեն, կքաշվեն եւ կփորձեն էդ խնդիրն իրենցից հեռու պահել»,-ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ խոսքը հենց վերավաճառողների մասին է, քանզի եթե նրանք չլինեն, գողություն անողներ էլ չեն լինի։ Ըստ նրա՝ իրենք այստեղ օրենքի բաց ունեն, որը պետք է շտկեն, բացի այդ, նաեւ տեսչական անձնակազմի թիվն է փոքր, ռեսուրսի խնդիր ունեն։



Անդրադարձ եղավ նաեւ Գառնիի ջրերն Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք տեղափոխելու խնդրին, որի պատճառով երկու օր առաջ գառնեցիները փակել էին Գառնի-Երեւան տանող ճանապարհը։ Ըստ նրանց՝ իրենց տարածքը չորացնում, անապատի են վերածում, որպեսզի Գառնիի ջրերով ոռոգեն հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող այգիները։



«Այնքանով, ինչքանով բնապահպանության նախարարությունն առնչվում է այս հարցին, տեղեկացնեմ, որ ժամանակին եղել են լսումներ համայնքի բնակիչների եւ ավագանու մասնակցությամբ շրջակա միջավայրի փորձաքննության հետ կապված, մենք որեւէ բացասական բան չենք նկատել։ Համայնքի կողմից, ավագանու կողմից ունենք դրական եզրակացություն, որ այդ տարածքից ջուրը տեղափոխվի համապատասխան վայր, եւ օրինական մենք տվել ենք այդ թույլտվությունը։ Թե հիմա ինչու են այդպես ահազանգում, ինձ համար մի քիչ անհասկանալի է»,-ասաց նա՝ խուսափելով անդրադառնալ այն մտահոգությանը, որ այդ ջրերը ծառայելու են հիմնականում վարչապետի այգիները ոռոգելուն։



Վարչապետի հետ կապված մեկ այլ թեմայի էլ անդրադարձ եղավ, որտեղ նախարարը կրկին տվեց ստանդարտ խուսափողական պատասխան։ Խոսքը ջրհորներից ջրօգտագործման թույլտվությունների մասին է, որոնց մի մասը փականային ռեժիմի են բերել՝ պահպանելով բաց թողնվող ջրի ճնշումը նորմայի սահմաններում։ Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին են պատկանում Արարատի մարզի խոշոր ձկնաբուծարանները, եւ ամենից շատ ջուր օգտագործում են հենց այնտեղ։



Աբրահամյանների հորերն անձեռնմխելի են, եւ նախարարության տեսուչներն ուղղակի անզոր են որեւէ ստուգում անցկացնել, էլ ուր մնաց՝ սահմանափակող ռեժիմներ սահմանեն այնտեղ։ «Ընդհանուր առմամբ՝ դա կլինի վարչապետի ընտանիքի անդամների հետ կապված, չգիտեմ, տնտեսությունների կամ ծանոթների, կամ ընդհանուր բնակչության հետ կապված, որտեղ որ ճնշումների ավելացում է եղել, այդ ճնշումների ավելացումը, չափումներից ելնելով, մենք բերել ենք կարգավորման ռեժիմների»,-խուսափողական պատասխան տվեց նախարար Գրիգորյանը՝ թերեւս չցանկանալով սուտ խոսել, ոչ էլ կարողանալով ողջ ճշմարտությունն ասել վարչապետի թեմայով, որի հետ հնուց եկող հակասություններ ունեն «Ավշարի» տեր Գրիգորյանները։



Խոսելով ՀԷԿ-երի մասին՝ նախարարը որոշեց հատուկ շնորհակալություն հայտնել «Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ին եւ գովել դրա ղեկավար Ինգա Զառաֆյանին՝ իրենց հետ համատեղ մոնիտորինգ անցկացնելու համար։ Արդյունքում իրենք նախատեսված 100-ից 87 ՀԷԿ ստուգել են՝ 75 չափանիշներով, որից հետո նախատեսում են ՀԷԿ-երի առողջացման ծրագիր մշակել, եւ այն ՀԷԿ-երը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին, կստանան կանաչ անձնագրեր։ Ինչ վերաբերում է տեսչական ստուգումներին ու դրանց արդյունքում բյուջե մուտք եղած գումարներին, ապա նախարարն ասաց, որ մինչ վարչապետի հրամանով տեսչական ստուգումների ժամանակավոր դադարեցումը, իրենց տեսչական ստուգումների արդյունքում նախատեսված 120 մլն. դրամի փոխարեն իրենք կարողացել են 212 միլիոն դրամի չափով բռնագանձում կատարել՝ բյուջե կատարած մուտքերն իրենց մասով գերակատարելով։
Խոսելով Սեւանա լճի մասին՝ Արամայիս Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ Սեւանա լճի մակարդակն այս տարվա դեկտեմբերի 21-ի դրությամբ բարձր է 8 սմ-ով՝ կազմելով 1900 մետր 21 սմ։ Մեծացել է նաեւ լճի թափանցելիության աստիճանը։ Այս տարի նաեւ ամենամեծ թվով մանրաձուկն է բաց թողնվել Սեւանա լիճ՝ 605 հազար 447 հատ։ Արդյոք սա կարելի՞ է համարել նախարարության ամենամեծ բացթողումը, հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Նախարարին դուր չեկավ հարցը, նա այն համարեց ոչ կոռեկտ եւ կոպտեց լրագրողին, թե իրենց բացթողումն այդպիսի հարց տվող լրագրողների ներկայությունն է։



«Մենք բացթողումներ չունենք։ Մենք ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը, մինուսը եւ պլյուսը եւ թողնում ենք ձեր քննադատությանը, նաեւ ներկայացնում ենք հանրությանը։ Հանրությունը կտեսնի, թե որտեղ ենք մենք բացթողումներ ունեցել, կներկայացնի»,-ասաց Գրիգորյանը։



ՀԳ. Այստեղ մի կարեւոր բաց, այդուհանդերձ, կարելի է արձանագրել՝ որպես տարվա գլխավոր բացթողում։ Դա թերեւս այն է, որ բազմաթիվ խնդիրներով հարուստ բնապահպանության ոլորտում այդ ոլորտի պատասխանատուն որեւէ բացթողում, որեւէ թերություն չի արձանագրում։ Մինչդեռ թվում է՝ ասուլիսը պետք է նվիրված լիներ բնապահպանության ոլորտում առկա խնդիրներին եւ այդ խնդիրների վերլուծությանը, այլ ոչ թե նախարարության եւ նախարարի իդեալական աշխատանքով ինքնահիացումին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ