Սաղ աշխարհին քաշքշել են, հերթը եկավ հասավ ինձ, ես պիտի գնամ բողոքե՞մ. Հրաչիկ Աբգարյան

Սաղ աշխարհին քաշքշել են, հերթը եկավ հասավ ինձ, ես պիտի գնամ բողոքե՞մ. Հրաչիկ Աբգարյան

Դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին մեր հրապարակումներին ոստիկանությունն արձագանքեց մի քանի օր հետո։ Երեկ Էջմիածնի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հրաչիկ Աբգարյանը երեկ գնացել է Վաղարշապատի ոստիկանության բաժին ու հայտնել, որ իրեն Մանվել Գրիգորյանը ծեծի չի ենթարկել: Մինչդեռ մենք գրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ քաղաքի կենտրոնական մասում, բազմաթիվ ականատեսների եւ Հրաչ Աբգարյանի կնոջ ու հարսի ներկայությամբ: Էջմիածնի նախկին քաղաքապետը, ամանորյա գնումներ կատարելու համար, մեքենան կայանել է սուպերմարկետի հարեւանությամբ եւ դուրս է եկել այն պահին, երբ ինչ-որ մարդիկ իջեցնելիս են եղել նրա մեքենայի անիվները: Երբ փորձել է կանխել, գեներալի թիկնազորը վրա է տվել, եւ սկսվել է ծեծկռտուքը: Աբգարյանը մեզ հետ զրույցում չէր հերքել միջադեպը, կցկտուր պատասխան տալով. «Դե հա, էլի»։ Ասել է թե՝ եղել է նման միջադեպ: Լրատվական կայքերից տեղեկանալով, որ ոստիկանությունում նախկին քաղաքապետը հերքել է եւ ապատեղեկատվություն համարել մամուլի հրապարակումները, երեկ կրկին կապվեցինք նրա հետ, հիշեցրինք մեր զրույցն ու ոստիկանությունում նրա հերքումը։ «Հա, բա ի՞նչ պիտի անեի, այսինքն՝ պիտի բողոքեի՞»,- մեր զարմանքից զարմացավ Հրաչիկ Աբգարյանը:



Այսինքն՝ այնուամենայնիվ չեք ժխտում, որ եղել է միջադեպ, պարզապես, հասկանալով ինչ-ինչ հանգամանքներ, չե՞ք բողոքել։ «Հասկանալով չէ՝ գիտակցելով»,- ուղղեց մեզ նախկին քաղաքապետը: Ճնշումներ եղել են ու էլի կլինեն՝ ա՞յդ պատճառով։ «Չէ, չեն եղել, երեխեքիս արեւ, ճնշումներ չեն եղել»։ Այդ դեպքում ինչո՞ւ չեք պայքարում Ձեր ոտնահարված իրավունքների համար։ «Ինչպե՞ս պետք է պայքարեմ: Ամեն մարդ մի ձեւով է պայքարում»։



Հետո վրդովվեց. «Ես էն տղեն չեմ, որ ինչ-որ մեկի ձեռքը պատանդ ընկնեմ: Ինչ ա՝ քաշքշուկի համար բողոքո՞ւմ են միլիցիա, ընդամենը խոսակցություն է եղել ու գնացել է, դրա համար հո ես չե՞մ բողոքի… Ինձ կյանքում ոչ մեկ չի կարա ծեծի»: Բայց, փաստորեն, քաշքշել են, ինչպես Դուք պնդեցիք, բռնություն է գործադրվել, նորմա՞լ է, Ձեր նկատմամբ կիրառված բռնությունը տեղի՞ն է եղել։ «Վայ հորս արեւ, սաղ աշխարհին քաշքշել են, հերթը եկավ հասավ ինձ, ես պիտի գնամ բողոքե՞մ»: Այսինքն՝ Ձեզ կարող են քաշքշել ու անպատի՞ժ մնալ։ «Քաշքշողին ես ինքս կասեմ, նեղություն չեմ տա միլիցիային»: Իսկ ի՞նչ եք պատրաստվում ասել կամ գուցե արդեն ասե՞լ եք։ «Մարդն իր իրավունքները պետք ա պաշտպանի իր ապրելաձեւով, իր ընտանիքով, շարժուձեւով»: Աբգարյանը չպատասխանեց մեր հարցին, թե միջադեպի պահին գեներալը դեպքի վայրում եղե՞լ է, թե՞ ոչ: