ՄԻՊ-ը համարյա բացատրել է իր հրաժարականի պատճառը

ՄԻՊ-ը համարյա բացատրել է իր հրաժարականի պատճառը

Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին շատ խոսվեց, եւ դա բնական էր, որովհետեւ, եթե ոչ անձամբ պաշտպանը, ապա գոնե այդ ինստիտուտը մեր դժգույն կյանքի եզակի լուսավոր կետերից մեկն էր, եւ, դարձյալ պետք է ասեմ` բնական է, որ երկրի գրաճանաչ հասարակությունն առնվազն փոքրիկ տագնապներ ունի` կապված ՄԻՊ հանկարծակի հրաժարականի հետ: Ինչո՞ւ հանկարծ հրաժարական ներկայացրեց Կարեն Անդրեասյանը, որը, կարծես, առանձնապես շատ էլ չէր ընկնում ոտքի տակ, եւ այնպես էլ չէր, որ մարդու իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարող իշխանությունները դողում էին նրանից:



Ոչ մի բացատրություն: Միայն երեկ է Կարեն Անդրեասյանը հարկ համարել իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ բացատրություն ներկայացնել, բայց նրա գրածը բացատրություն անվանելը, մեղմ ասած, ծաղր կլինի համարողներիս համար: Գրել է, թե ինքը մտավախություն է ունեցել, որ 2016 թվականին չի կարողանա ավելի առաջ տանել տարիների ձեռքբերումները: Ահա այսպիսի ազնիվ մղում: Քիչ է ասել` լացացրեց:



Պարոն Անդրեասյան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ այդ ձեռքբերումների հետ այս հրաժարականից հետո: Չէ՞ որ Դուք հրաժարվեցիք ոչ միայն պաշտոնից, այլեւ տարիների, այսպես կոչված, ձեռքբերումներից: Ըստ էության, Դուք շատ վատ վարվեցիք այն մարդկանց հետ, որոնց բարեհաճել եք մի թեթեւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի եւ Ձեզ հավատալու համար: Սա նույնն է, թե հրամանատարը զինվորներին թողնի մարտի դաշտում, իսկ ինքը գնա գեղեցկության սրահ` սանրվածքը հարդարելու:



Կարեն Անդրեասյանը ՄԻՊ պաշտոնում լավ գործեր, իհարկե, արել է, եւ այդ գործերի շնորհիվ էր, անշուշտ, որ ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ որոշակի, արդարացվա՞ծ, թե՞ ոչ, բայց հավատ էր ձեւավորվել: Մենք հիշում ենք դեպք, երբ ազատամարտիկն աթոռ էր դրել ՄԻՊ գրասենյակի դռան առջեւ, որպեսզի իր արդարացի պահանջը տեղ հասցնի:



Պատկերացրեք` սա ձեռքբերում է ՄԻՊ-ի համար: Ձեռքբերում են մամուլի մասին օրենքի ապաքրեականացումը, բազմաթիվ դատական քաշքշուկների` հօգուտ լրատվամիջոցների եւ ազատ խոսքի հանգուցալուծումները, ՄԻՊ գրասենյակում բացված թեժ գիծը, առանձին անհատների, ինչպես նշում է Կարեն Անդրեասյանը, իրավունքների պաշտպանությունը եւ այլն: Հիմա հարց է առաջանում` որպես իրավաբան, որի համար մարդկանց հավասարությունն օրենքի առաջ միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, որպես պրակտիկ մարդ, որը գիտի‚ որ սա ամենադժվար իրականացվող նորմերից է, որպես իրատես, որը չի կասկածում‚ որ այս առաքելությունն իրականացնելիս ավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ‚ քան արժանանում հիացմունքի, բայցեւ, որպես լավատես, հավատում է‚ որ «կաթիլը քար է ծակում», տրամաբանակա՞ն է, արդյոք, նրա հրաժարականը, այն էլ առանց հոդաբաշխ բացատրության:



Ֆեյսբուքյան էջում նա տրտնջում է, թե այս օրերին եղան իր հրաժարականի մասին ոչ միայն խելացի մեկնաբանություններ, այլեւ ցնդաբանություններ: Իսկ ի՞նչ էր սպասում ինքը` որ բոլորը փիլիսոփայորե՞ն մոտենային մի հրաժարականի, որ հետեւում է իշխանության առանձին շրջանակների հետ լեզվակռվին, ընդ որում` գլխավոր դատախազի, հանրապետական նախարարների եւ ԱԺ պատգամավորների մակարդակով: Եվ Կարեն Անդրեասյանն ուզում է, որ իր մասին վատը չմտածե՞ն այսքանից հետո, չասե՞ն` վախեցավ, ընկրկեց, լեզու թրջեց, ծախվեց` վերջապես: Կարող էր, չէ՞, հայտարարել, որ ճնշումներ կան, որ այդ պայմաններում անհնար է աշխատել, կարող էր, չէ՞, ահազանգել Հայաստանում գործող իրավապաշտպան կառույցներին, եվրոպական զանազան գրասենյակներին, թերթերին, բացատրել, թե ինչու է վախենում, որ 2016-ին չի կարղանա առաջ տանել Հայաստանում ՄԻ պաշտպանության գործը:



Փոխարենը մի հսկա ցնդաբանություն է գրել իր ֆեյսբուքյան էջում ու քաշվել մի կողմ: Նա լավատես է, հասկանում ես, եւ վստահ է, որ իր երեխաները լուսավոր Հայաստանում են ապրելու: Հետաքրքիր է, թե ով է բերելու լուսավոր Հայաստանը, երբ պաշտոնյաները նրա համար են պաշտոնյա, որ խավարը թագավորի այս երկրում, եւ իշխանությունները գործեն անարգել` ըստ սեփական քիմքի սահմանելով իրենց օրենքներն ու կարգերը:



Ո՞վ է լինելու հաջորդ ՄԻՊ-ը: Այս ապուշ հարցն այսօր ամենաակտուալն է: Անուններ են շրջանառում, այդ անունների տերերն իրար հետեւից առկայծում են մամուլում, այստեղ-այնտեղ ելույթներ ունենում, քսմսվում իշխանություններին, քֆրտում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը, որ րոպե առաջ հաճոյանան ու իրենց մասին հիշեցնեն: Մինչդեռ այս հարցի ամենաճիշտ պատասխանը մի ուռու գլուխ ԲՀԿ-ական արդեն տվել է` եթե Հայաստանում ՄԻՊ չլինի, ոչ ոք նրա բացակայությունը չի էլ նկատի: Լիովին համաձայն եմ: Այդ ինստիտուտը Եվրոպայի աչքը կոխելու համար էր միայն, իսկ այսօր Հայաստանը ԵՏՄ կարկառուն անդամներից մեկն է, որին եվրոպական բմբուլներ պետք են այնքանով, որքանով միայն: