ԵԽԽՎ բանաձեւ՝ զրո ազդեցություն Արցախի վրա

ԵԽԽՎ բանաձեւ՝ զրո ազդեցություն Արցախի վրա

Մենք Հայաստանում քննարկում ենք ԵԽԽՎ բանաձեւերի հարցը, տառապում, քննադատում, իսկ Արցախում կյանքին ավելի թեթեւ են նայում: Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծում է, որ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանի բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցի ընդունմամբ «աշխարհի վերջը չի եկել»:



«Մտածել, որ այդ բանաձեւն ինչ-որ ազդեցություն է ունենալու Արցախի ժողովրդի տրամադրությունների կամ Արցախի իշխանությունների գործողությունների վրա… Զրո ազդեցություն, ընդհակառակը՝ մենք ավելի ենք տրամադրվելու, ավելի ենք ոգեւորվելու, փորձելու ենք մեր խողովակներով մեր տրամադրությունը հասցնենք Ադրբեջանի ժողովրդին, որ, այ ժողովուրդ, հասկացեք, իշխանությունների ձեռը գերի եք ընկել, գնացեք եւ ձեր իշխանություններից ջուր ուզեք եւ այդ ջուրը դուք կունենաք»,- նշում է ԼՂՀ փոխվարչապետը: Իսկ ինչպես է գնահատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքը, Արթուր Աղաբեկյանը համեստորեն լռում է. «Ես Հայաստանի Հանրապետության ոչ պաշտոնյա եմ, ոչ էլ գնահատական տալու բարոյական իրավունք ունեմ»: Իսկ թե բանաձեւերից որն է ավելի «դաժանը», փոխվարչապետը կրկնում է՝ բանաձեւերն ազդեցություն ունենալ չեն կարող. «Սարսանգի ջրամբարը հանենք, այդպիսի «դաժանություն» գոյություն չէր կարող ունենալ: Ադրբեջանի իշխանություններն էշ-էշ գնում են ԵԽԽՎ-ի ճանապարհով, փորձում են ճնշում գործադրել Արցախի վրա, չգիտեմ, կարծում եմ` ոչ Հայաստանի վրա, ոչ Արցախի վրա նման բանաձեւերը չեն կարող ճնշման առարկա լինել: Երբ նման բանաձեւերին հետեւում են գործողությունները, սուտը բացվում է, ստի ոտը շատ կարճ է: Իսկ Ադբեջանի քաղաքական իշխանություններն ուղղակի թանկ են վճարել իրենց ժողովրդին՝ սահմանամերձ գյուղերի, ջուր չվաճառելու պատճառով: Իսկ առաջին բանաձեւը, որտեղ որ իրականում փորձում են բռնությունների մասին խոսել, կարծում եմ, որ մեծ աշխատանք կատարվեց, եւ ոչ միայն պատվիրակությունը, այլ հայ քաղաքական միտքն ամբողջական մասնակցություն ունեցավ»:



Պարոն Աղաբեկյան, գուցե Բերձորի դեպքերը նույնպես դեր էին խաղացել այդ զեկույցում։ «Ղալաթ կանեին»,- արձագանքում է փոխվարչապետը: Արթուր Աղաբեկյանը պատմեց, որ դեռ 2 տարի առաջ Կարմիր խաչի ներկայացուցչին խնդրել է հանդես գալ որպես միջնորդ՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ջուրը համատեղ օգտագործելու առաջարկով։ «Խնդիրն ինչո՞ւմ է՝ այն ջրագիծը, որը կառուցվել է խորհրդային տարիներին, ջրբաժանը գտնվում է Ադրբեջանի զորքերի հսկողության տակ: Երեւի թե ջրի մոտ 60 տոկոսը կօգտագործեն Ադրբեջանի հողօգտագործողները, մոտ 40 տոկոսը՝ ԼՂՀ հողօգտագործողները: 10 հազար հա ավել հող ունենք, որն սպասում է այդ ջրին: Կարմիր խաչը ոգեւորված սկսեց խոսել Ադրբեջանի իշխանությունների հետ: 6 ամիս հետո մենք ստացանք մերժում: Մենք պետք է ջուրը հասցնենք ջրօգտագործողներին, մենք մեջտեղ բերեցինք այն ալտերնատիվ նախագիծը, որի արժեքը կազմում է 15 միլիոն դոլար, որից անընդհատ խուսափել են Արցախի իշխանությունները, հույս ունենալով, որ մի օր Ադրբեջանի իշխանությունները կհամաձայնեն»,- նշում է փոխվարչապետն ու հավելում, որ այդ դեպքերից ամիսներ անց Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել, իշխանություններից ջուր պահանջել: