Օրվա հերոսը պետք է լինի հայ զինվորը. Սուրեն Աբրահամյան

Օրվա հերոսը պետք է լինի հայ զինվորը. Սուրեն Աբրահամյան

Գեներալ-մայոր, ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը Բանակի տոնը համարում է իր համար ամենաթանկ եւ մեր իրականության պայծառ օրերից մեկը։ Բանակի օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում նա նշեց, որ հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը ձեռք բերեցինք բանակի հիմնելով։ Նա հիշեցրեց, որ բանակի շնորհիվ ենք մենք կարողացել խաղաղություն պարտադրել Ադրբեջանին։ «Եթե մենք չունենայինք այդ կարգի բանակ, ապա ոչ ոք չէր նստի մեզ հետ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։ 



Գնահատելով այսօրվա բանակը՝ նա նշեց, որ այսօր ունենք մարտական եւ գիտական հիմքերի վրա կանգնած բանակ, որը ձեւավորվել է կադրային սպաների եւ երկրապահների համատեղ ջանքերով։ Բանակի օրվա առթիվ Սուրեն Աբրահամյանը շնորհավորեց նաեւ Վազգեն Սարգսյանի ծնողներին՝ Զավեն եւ Գրետա Սարգսյաններին։ Անդրադառնալով բանակի ձեւավորմանը՝ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ իրենց հաջողվեց ապաքաղաքականացնել հրացանավոր մարդուն եւ բանակը զերծ պահել կուսակցական հավակնություններից։ «Չավարտված պատերազմի պայմաններում օրվա հերոսը պետք է լինի հայ զինվորը։ Եթե դու չես ուզում կերակրել ուրիշի զինվորին, կերակրի քո զինվորին։ Բանակի օրը պետք է լինի տղամարդու օրը։ Աշխարհաքաղաքական այս ծանր պայմաններում եթե մենք չգովենք, օրվա հերոս չդարձնենք հայ զինվորին, հավատացնում եմ, անվտանգությունից անցում մեկ այլ անվտանգության համակարգ, ամեն ինչ քամու պես կսրբի ու կգնա։ Ես չեմ ընդունում այն ամպագոռգոռ հայտարարությունը՝ ամենամարտունակ բանակ եւ այլն, բայց մենք ունենք կայացած եւ պինդ բանակ»,- հիշեցրեց Սուրեն Աբրահամյանը։ 



Սուրեն Աբրահամյանը լավ ուսումնասիրել է Իսրայելի բանակը եւ ափսոսանք է ապրում, որ մենք չկարողացանք նրա օրինակը ներմուծել մեր կենցաղ։ Փոխարենը նրան դուր չեն գալիս տանկի վրա նկարվելն ու նման ձեւական երեւույթները։ «Դուք ջահել եք, նոր եք, շատ բաների ականատես չեք եղել, եւ հանկարծ հրամցնում են բաներ, թե ով է կռվել, ոնց է կռվել, ոնց է քրտնել։ Շատ դեպքերում նրանց քրտնելը միայն փախցրած փողի համար է եղել։ Էնքան ծանր ա եղել, որ քրտնել է։ Էս երկրի համար ոչ մի բան չեն արել»,- ասաց ՆԳ նախկին նախարարը, խուսափելով սակայն անուններ տալուց։



Թագուհի Հակոբյան