Ձեռքի հետ կորցնելով մեր արժեքները, կորցնում ենք նաեւ Երեւանը

Ձեռքի հետ կորցնելով մեր արժեքները, կորցնում ենք նաեւ Երեւանը

Մեր պատմամշակութային շերտի, մասնավորապես՝ հուշարձանների նկատմամբ իշխանությունների կողմից տարվող այս քանդելու քաղաքականությունը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի գնահատմամբ, նոր չէ, եւ, ինչպես բարբարոսները կանեին, մենք ինքներս հիմա քանդում ենք մեր հիշողությունները․ «Ես սկզբունքորեն դեմ եմ քաղաքում շատ թե քիչ արժեք ունեցող հուշարձանների քանդմանը, կարող է նույնիսկ ճարտարապետական արժեք էլ չունենա, բայց եթե պատմական հիշողության հետ է կապված, դա պետք է պահպանել, առավել եւս, որ ուզում ենք համաշխարհային տուրիզմի ուշադրության կենտրոնում լինել։ Ցանկացած փոքր քարի կտոր, որն ունի պատմություն, այն էլ հազարամյակների, հասկացող մարդու համար ավելի հետաքրքիր է, քան այսօրվա էկլեկտիկ շինարարությունը, որ ընթանում է։ Այստեղ երկրի եւ մարդկային հիշողությունը պահպանելու խնդիր կա, որին ես միշտ կողմ եմ եղել»։ 



Շահումյանը հիշում է, որ գրեթե 15 տարի լինելով քաղաքի գլխավոր նկարիչ՝ միշտ պայքարել է մեր պատմամշակութային շերտի համար։ Նա պատմում է, որ ժամանակին նկարիչ Ռուբեն Ղեւոնդյանի հետ ստորագրահավաք են նախաձեռնել «Առնո Բաբաջանյան» փոքր դահլիճի համար եւ մի կերպ կարողացել են գոնե շենքի ճակատային մասը փրկել։
Գեղանկարչի կարծիքով, մեր ունեցածը հիմնականում միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունն է, մեկ էլ գերեզմանները, ուրիշ ճարտարապետություն չենք պահպանել, եւ հատկապես Երեւանում չուսումնասիրված ահռելի տարածքներ կան։ Նա հիշում է, որ 1977թ., երբ քաղաքաշինական խորհրդի անդամ էր, դադարեցրել են Զանգվի ձորում կապիտալ շինարարությունը, որովհետեւ 20-25 հազար տարվա բնակատեղիներ են հայտնաբերած եղել, որոնք դեռ չէին ուսումնասիրվել․ «Ընդհանրապես, Երեւանի տարածքը լավ ուսումնասիրված չէ՝ Կենտրոնից սկսած, Շենգավիթով վերջացրած։ Ձեռքի հետ կորցնելով մեր արժեքները, նաեւ Երեւանն ենք կորցնում, բաներ կան, որ նաեւ մարդու հոգեւոր ներաշխարհի վրա են ազդում»։



Անդրադառնալով այն վտանգավոր միտումին, երբ հուշարձանների մեծ մասը նախ հանում են պետական պահպանության ցուցակից, հետո անում, ինչ ուզում են, գեղանկարիչն այսպես պատասխանեց․ «Ես հին օրենքներին եմ տեղյակ եւ մի բան կարող եմ ասել. երբ հուշարձանի վրա ֆիքսվում էր հուշարձան, այլեւս այն ռեւիզիայի ենթարկելու նյութ չէր, եւ ոչ մեկը չէր կարող դա անել, դրանից հետո արդեն խնդիր էր հուշարձանի պահպանումը, վերակառուցումը։ Հիմա այդ ինչպե՞ս եղավ, որ 30 տարի առաջ բոլոր հուշարձանները շատ բծախնդրորեն ընտրեցին, ցուցակագրեցին, չափագրեցին, այդ բոլորը կա, ու հիմա մեկ էլ ինչ-որ բաներ փոխեցին, թող իզուր տեղը նոր բաներ չհայտնաբերեն։ 70-ական թվերին մենք հրաշալի պրոֆեսիոնալներ ունեինք ճարտարապետության, հնէաբանության, քաղաքաշինության մեջ, եւ այդ ամբողջ համակարգն աշխատել է հուշարձանների ցուցակների վրա, եւ այդ ցուցակները հաստատվել են»։



Ինչ վերաբերում է նրան, որ ճարտարապետներն էլ շատ դեպքերում կարծես միախմբված չեն, ապա, ըստ Շահումյանի, նրանք էլ պատվերներ են ստանում եւ ինչ-որ տեղ իրենք իրենց համոզում են, որ, ինչի՞ չէ, թող մի նոր բան էլ կառուցվի, չէ որ հին շենքերը պահելը ծախսատար է։



«Մեզ մոտ հիմա չտեսության մի բան կա, տարածքի տերը նա է, որի ձեռքը փող կա, բայց աշխարհի որեւիցե երկրում նման բան չկա, եթե այդպես լիներ, հիմա Փարիզի կենտրոնը գոյություն չէր ունենա՝ աշխարհի ամենաթանկ հողակտորներից է, բայց գնացեք տեսեք, որ անգամ այգիներում, որտեղ 100-200 տարի առաջ եղել է կարմիր վառած ավազով ծածկ, չեն փոխում։ Ինչ է, չե՞ն կարող մեզ պես բերել՝ մետլախներ ու մարմարներ շարել, կարող են, բայց չեն անում, որովհետեւ ամբողջ միջավայրն այդպես է, որը մարդուն ժամանակների շունչն է վերադարձնում։ Վերականգնման ժամանակ անգամ եկեղեցու շինարարական նյութը չպիտի փոխվի, ուր մնաց թե ամբողջ միջավայրը։ Ընդհանրապես, մենք արհամարհում ենք մեր ունեցածը, հետո ուրիշները գալիս ասում են՝ վայ, էս ինչ է, նոր գլխի ենք ընկնում»։