Եթե սա է անկախությունը, իհարկե՝ ես դեմ եմ

Եթե սա է անկախությունը, իհարկե՝ ես դեմ եմ

Հարցազրույց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ



- Պարոն Առաքելյան, վերջին ամիսներին մեր երկրում տարբեր իրադարձություններ տեղի ունեցան՝ սահմանադրական հանրաքվե, Օպերայում դեռ շարունակվում է «Նոր Հայաստանի» նստացույցը, սահմանին նույնպես հանգիստ չէ, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվում, իսկ տարին էլ սկսվեց Արամի 30-ի քանդումով, «Զվարթնոցի» ապամոնտաժման թույլտվությամբ։ Գնահատելով այս իրադարձությունները, այսօր Ձեզ, որպես մտավորականի, առավելապես ո՞ր խնդիրներն են մտահոգում:



- Դրանք շղթա են, բոլորն էլ մտահոգում են։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ես «այո»-ին էլ, «ոչ»-ին էլ դեմ եմ, ինչո՞ւ, որովհետեւ «նվագախումբը» պետք է ղեկավարի մի «դիրիժոր», ոչ թե մի քանի, այն էլ՝ 131։ Ես նախագահական ինստիտուտին եմ կողմ։ Մի օրինակ բերեմ․ Ֆրանսիայում երբ այդ պրոցեսն սկսվեց, գեներալ Դը Գոլը հետ բերեց նախագահական ինստիտուտը, որովհետեւ զգացին, որ դա կոպիտ սխալ է։ Այսօր մեր խորհրդարանի 10 տոկոսն է միայն աշխատում։ Ես վստահ եմ՝ խորհրդարանականը չի աշխատելու, եւ նորից հետ է գալու նախագահական ինստիտուտը։ Ամերիկայում մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ․ երբ Ֆրանկլին Ռուզվելտը ռեֆորմ արեց, եւ այսօրվա Ամերիկան այդ ռեֆորմից զարգացավ, Ռուզվելտը պարզապես կրկնեց ռուս հայտնի ռեֆորմատոր Ստոլիպինին, այսինքն՝ փոքր, միջին բիզնեսը հզորացրեց եւ դուրս եկավ օլիգարխիայի դեմ՝ իր դեմ հանելով ամբողջ օլիգարխիան՝ նույնիսկ ամենամտերիմ բարեկամներին։ Նա տեղեկանք է ստանում «ՖԲՌ»-ից, որ կան մաֆիաներ, որոնք դիտավորյալ, իրենց շահերի համար, չեն թողնում, որ կայունանա տնտեսությունն Ամերիկայում։ Ռուզվելտը խնդրեց Սենատին, որ դրանց հավաքեն, բայց Սենատը մերժեց, որովհետեւ նրանք այնտեղ էլ էին թափանցել։ Դրանից հետո վերցրեց իր վետոյի իրավունքը եւ 146 թե 148 մաֆիոզների գնդակահարեց։ Մեկ ամիս հետո «ՖԲՌ»-ը տեղեկանք ուղարկեց, որ երկրում տնտեսությունը կայունանում է։ Ամերիկան այդ ռեֆորմով դարձավ Ամերիկա։



- Զուգահեռներ տանելով մեր իրականության հետ, հնարավոր համարո՞ւմ եք մեզ մոտ էլ նման մի ռեֆորմ անել ու ազատվել օլիգարխիայից, թե՞ մենք չունենք Ռուզվելտի նման մեկը, որը կաներ այդ ռեֆորմը։



- Ժամանակներն են փոխվել, օղակը մեծացել է եւ այդ օղակը որ շատ մեծ է՝ ամբողջ աշխարհով մեկ, խառնվել է իրար, բայց օլիգարխիային դեմ մենք կարող ենք գնալ ուրիշ ձեւով, ոչ թե գնդակահարություններով։ Օլիգարխիան այն քչերի իշխանությունն է, որ եկել ու ստրկացրել է ժողովրդին՝ իր հարցերը լուծելով։ Օլիգարխիայի դեմ առաջինն Անգլիայում դուրս է եկել ուտոպիստ Թոմաս Մորը՝ 1500 թ.-ին։ Օլիգարխիան վերջն է, այն ստորացնում է պետությունն ու պետականությունը, որտե՞ղ ես տեսել, որ 10-15 տոկոսը լինի ծայրահեղ հարուստ, իսկ մնացածը՝ ծայրահեղ աղքատ։ Օլիգարխիան վերցնում է իշխանությունը, իսկ դա շատ վատ բան է։ Եվրոպայում «օլիգարխ» բառը վիրավորանք է, այնտեղ կան հարուստներ, որոնք օլիգարխներ չեն, մինչդեռ մեր մոտ օլիգարխ լինելը պատիվ է։ Մի ժամանակ սովետական երկրում ցեխավիկներն էին պատիվ, հիմա էլ՝ օլիգարխները։



- Ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ օլիգարխը դարձավ հարգանքի ու պատվի արժանի։



- Բոլոր շարժումները, հեղափոխությունները բերում են իրենց անոմալիաները, եւ այդ անոմալիան եկավ նրանից, որ հայտնվեցին զոռբաներ, սրիկաներ եւ դարձան օլիգարխ։ Իսկ որտեղի՞ց նրանց այդ փողը. պարզ բան է՝ գողացել են։ Անոմալիաները ծնվում են այսպիսի ագահությունից։ Պատահական չէ, որ հայ ժողովուրդը գրել է «Քաջ Նազարը», իսկ իսպանացին՝ «Դոն Կիխոտը», բայցեւայնպես, մենք իրավունք չունենք գնդակահարելու, մենք կամաց, օրենքի ուժերով պետք է բերենք ուրիշ հարթություն, այդ հարթությունը շատ հեռու է, բայց դա է միակ ճանապարհը։ Ես ոչ մի հեղափոխության կողմնակից չեմ, հեղափոխությունը 180 աստիճանի տակ փոխում է ամեն ինչ եւ բերում է սառից միանգամից տաք։ Ես կողմնակից եմ էվոլյուցիային, իսկ էվոլյուցիայի համար մարդը պետք է ունենա բանականություն, քաղաքակրթություն, քաղաքակրթության ճանապարհն էլ պետք է հարթվի «ինչու» հարցով, եւ բոլոր «ինչու»-ների պատասխանը կգա եւ այդ պատասխանը հետագայում նորից կլինի հարցական հաջորդ պատասխանների համար. սա է դիալեկտիկան, ուրիշ ձեւ չկա։



- Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել էիք, որ մեր երկիրը միշտ էլ քանդել են։ Մի քիչ մանրամասնեք։



- Իսկ ի՞նչը չէին քանդել՝ պետությո՞ւնը չքանդեցին, գյուղը, արդյունաբերությունը, կրթությո՞ւնը չքանդվեցին։ Հեռուստացույցով ցույց են տալիս Խաչատուր Աբովյանի նկարը՝ չեն ճանաչում, այստեղ արդեն ոչ նախարարն է մեղավոր, ոչ էլ... ի սկզբանե քանդեցին ամեն ինչ ու հիմա չեն կարողանում կարկատել եւ չեն էլ կարող այդքան շուտ կարկատել։



- Ի սկզբանե ասելով՝ անկախության այս 25 տարինե՞րը նկատի ունեք։



- Այո, անկախությունը չարիք էր... նախ՝ ի՞նչ բան է անկախությունը, գոյություն չունի անկախություն։



- Ընդհանրապե՞ս, թե՞ մեր երկրի համար։



- Ընդհանրապես գոյություն չունի, ընդհանրապես գոյություն ունի սուբյեկտիվ անհատականություն։ Անգամ Ամերիկայի պես պետությունը, լինելով այդքան անկախ, ունի իր դաշնակիցները։ Անկախությունը լավ բան է, բայց դու պատրա՞ստ ես կերակրելու այդ անկախությունը, օգտվելու դրա պտուղներից։ Ոչ, չես կարող։ Այդ անկախությունը պայմանական բառ է, եւ 25 տարի առաջ մարդիկ ազատականությունն ու ազատությունը խառնեցին իրար։ Ազատականությունը, որով կառուցում են պետություն եւ պետականություն, օրենքի եւ սահմանադրական սահմաններ ունի, իսկ ազատությունն անարխիան է, սա անարխիայի արդյունք է արդեն։



- Հիմա շատերը Ձեզ կքարկոծեն մեր անկախությունը չարիք կոչելու համար, որովհետեւ այս 25 տարիների ընթացքում միակ իլյուզիան, որով սփոփվել ենք, դա մեր ձեռք բերած անկախությունն է եղել։



- Ես մի փոքր կոպիտ ասեցի, բայց բացատրեցի իմ կոպտությունը, անկախությունը լավ բան է, ոչ մեկ էլ չի ուզում տնվորի դերում լինել, անկախ ապրելու համար պետք է խելոք ապրես, պահպանես քո անկախությունը։ Այս ընթացքում 1500 հատ գործարան է վերացել, դուք գիտե՞ք ինչ է դա, Հայաստանը Սովետական Միության ժամանակ Ճապոնիայից առաջ էր իր արդյունաբերական բալով, իսկ հիմա ո՞ւր է դա։ Ինչո՞ւ է փախնում ժողովուրդը, անկախությունը սա՞ էր, որ փախնի՞ ժողովուրդը, չսիրեն իրենց հողը․ տես՝ անոմալիան որտեղից է գալիս։ Դու անկախացար, որ սփյուռքից գան այստեղ, ոչ թե այստեղից նորից գնան սփյուռք, այսինքն՝ լրացուցիչ մի հատ էլ սփյուռք ավելացրին։ Եթե Սիրիայի պատերազմից մարդիկ փախնում ու գնում են Ամերիկա, ես դա հասկանում եմ, բայց որ մայր հողից են գնում, դա արդեն անհասկանալի է։ Թույլ տուր ասել՝ էլ ինչո՞ւ էինք քննադատում երիտթուրքերին՝ հիմա էլ են փախնում հայերը։ Ուղղակի մենք չկարողացանք հասկանալ անկախությունը, անկախությունը նրա համար չէր, որ մի 10 հոգի միլիարդատեր դառնան, իսկ հազարավոր մարդիկ՝ սոված։ Եթե սա է անկախությունը, իհարկե՝ ես դեմ եմ։



Շարունակելի