ՀՅԴ-ն Ղարաբաղի նախագահի հետ վաղուց էր համագործակցում

ՀՅԴ-ն Ղարաբաղի նախագահի հետ վաղուց էր համագործակցում

Թեեւ ՀՀԿ-ն, խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էին, որ Դաշնակցության հետ համագործակցության մանրամասները կհրապարակվեն «մինչեւ շաբաթվա վերջ», սակայն նախագահի նստավայրում ուրբաթ օրը կայացած հավաքի, Սերժ Սարգսյանի ելույթի մեջ ոչ մի տառ անգամ չկար այդ մասին։ Ինչը սաստկացրեց լուրերը, թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները կարող են վերջնագծին չհասնել, մինչեւ անգամ տապալվել, քանի որ ՀՅԴ-ի ներսում կոնսենսուս չկա այդ հարցում: ՀՅԴ-ից հերքեցին այդ լուրերը, սակայն կոալիցիայի մասին պաշտոնական հայտարարությունն ուշանում էր՝ կասկածները խորացնելով եւ ոմանց մեծ հրճվանք պատճառելով։ Կասկածները խորացնող մեկ այլ հանգամանք եւս ի հայտ եկավ. փետրվարի 13-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անսպասելիորեն այցելեց Լեռնային Ղարաբաղ: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացանք, որ Մարգարյանը հանդիպել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, «քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր», հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավորական խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, որից երեկ հետաքրքրվեցինք Հրանտ Մարգարյանի այցի բուն նպատակի մասին:



Պարոն Իշխանյանը նախ չթաքցրեց իր զարմանքը «հայաստանյան լրագրողների» հետ կապված, որոնք, ըստ նրա, ամեն ինչի մեջ «վատն են» տեսնում։ «Ընթացիկ այց է, որը պարբերաբար է լինում Դաշնակցության հայաստանյան ներկայացուցիչների կողմից: Մեկ ամիս առաջ էլ Արմեն Ռուստամյանն է այցելել, մարտին էլ նախատեսվում է Կիրո Մանոյանի այցը: Պարոն Մարգարյանի այցը հունվարի վերջին պետք է տեղի ունենար, բայց մի քանի օր հետաձգվեց, այն որեւէ առնչություն չունի Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, ու ես պարզապես զարմանում եմ, որ չեղած տեղից որոշ բաներ են փորձում մոգոնել»,- վրդովմունքը չթաքցրեց Դավիթ Իշխանյանը: Հետաքրքրվեցինք, թե արդյոք ԼՂՀ կառույցի հետ քննարկվե՞լ է Հայաստանի իշխանության հետ համագործակցության հարցը։ «ՀՀ ներքին կյանքին առնչվող հարցերի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունների համար դիմեք Բյուրո կամ Գերագույն մարմին։ Մի բան կարող եմ ասել, որ Դաշնակցությանը պառակտելը, թեւերի բաժանելը իրականությանը չհամապատասխանող բաներ են»: «Իսկ համագործակցության անհրաժեշտության վերաբերյա՞լ»,- հարցը պնդեցինք մենք։ «Ես, որպես Արցախի Դաշնակցության կենտրոնական կոմիտեի պատասխանատու, ունեմ իմ կարծիքը եւ միշտ ներկայացրել եմ, իսկ Ձեր հարցը պետք է ուղղել Հայաստանի Գերագույն մարմնին»: Նկատեցինք, որ Արցախում ՀՅԴ-ն իշխանություն է, Հայաստանում՝ կարգավիճակով ընդդիմություն, որը պատրաստ է համագործակցել իշխանության հետ։



Իշխանյանը սա էլ անարձագանք թողեց։ Իսկ գուցե ընդհանրապե՞ս հրաժարվեք ընդդիմադիրի կարգավիճակից։ «Եթե Դաշնակցությունը համագործակցի, նաեւ կհայտարարի իր կարգավիճակի մասին»,- դարձյալ չկոնկրետացավ պարոն Իշխանյանը, վերջում հարկ համարեց հնչեցնել. «Դաշնակցությունն իր բոլոր քայլերը՝ իշխանության մեջ լինի, թե դրանից դուրս, համագործակցի, թե ոչ, միշտ էլ առաջնորդվում է ազգային ու պետական շահերով, ես վստահ եմ, որ այս անգամ էլ իր համապատասխան որոշումն այս սկզբունքով է կատարել. պետք չէ կասկածել»: Հիշեցրինք կոալիցիայից դուրս գալու հիմնավորումը՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եւ նոր կոալիցիաների համար առաջ քաշվող պահանջը՝ հետ կանչել ստորագրություններն այդ արձանագրություններից։ «Ինչ-որ բա՞ն է փոխվել»,- հարցրինք, սակայն Իշխանյանը հորդորեց. «Եկեք սահմանափակվենք»:



ՀԳ. Ղարաբաղյան մեր աղբյուրը մի փոքր մանրամասնեց ՀՅԴ-ի կարգավիճակը ԼՂՀ-ում։ Ըստ նրա, Բակո Սահակյանի հիմնական ու, կարելի է ասել, գրեթե միակ հենարանն այսօր հենց ՀՅԴ-ն է, որը ոչ միայն վճռական պահերին պաշտպանում է ԼՂՀ նախագահին, այլեւ ինքն էլ օգտվում է նախագահի հետ մտերմությունից․ դաշնակցականները միջին օղակներում տաքուկ տեղավորվել են հենց ԼՂՀ նախագահի միջոցով՝ բազում պաշտոններ զբաղեցնելով։ Իսկ որքան լարվում են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյան-Բակո Սահակյան հարաբերությունները, այնքան ակնհայտ է դառնում ՀՅԴ-ի բացասական դերակատարումը Ղարաբաղում։ Ինքը՝ Բակո Սահակյանը, որպես պահպանողական չինովնիկ, նախկին ԱԱԾ-ական, հակված չէ որեւէ փոփոխության։ Իսկ վարչապետը, որն ավելի երիտասարդ է, փոփոխությունների, թարմացման, ուռճացված ապարատը կրճատելու կողմնակից է։ ԼՂՀ Սահմանադրությունը փոխելուց հետո, թե ինչ դերակատարում կունենան ներկայիս նախագահն ու վարչապետը, դժվար է ասել, սակայն որ ՀՅԴ-ի համակրանքն ու աջակցությունը Բակո Սահակյանի կողմն է, ակնհայտ է։ Ի դեպ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին լուրերն էլ պայմանավորված էին նրա եւ վարչապետի հակասություններով։ Սակայն Աղաբեկյանը հերքում է իր տեղափոխման մասին տեղեկությունները եւ պնդում, որ Ղարաբաղում դեռ անելիք ունի։ Ասել կուզի՝ Բակո Սահակյանը շարունակում է տիրապետել իրավիճակը։