Կանանց գունդն արդեն խրամատներում է

Կանանց գունդն արդեն խրամատներում է

«Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրն զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով եւ պատասխանատվությամբ»,- նախագահականում Սերժ Սարգսյանի հորդորը ՀՀԿ օրենսդիր տիկնանց նախընտրական կրքերը լիցքաթափելուն էր նաեւ ուղղված, որոնք ակտիվացել են քաղաքական ապագայի իրենց մտահոգություններով: Օրենսդիր կանանց գունդը մի ուրույն էպոպեա է կերտել Հանրապետականում, ընդդիմության դեմ ոհմակային «համերաշխությամբ» ու միասնականությամբ հանդես եկող ՀՀԿ-ական փափկասունների միջեւ կոշտ հակամարտությունը դրսեւորվել է խորհրդարան ոտք դնելու առաջին իսկ օրվանից: Հակամարտությունը ոչ այնքան «ամենալավ օրենսդիր տիկնոջ» տիտղոսի համար է եղել, որքան գործուղումների անվան տակ բյուջեի հաշվին ճանապարհորդելու, դրսում շոփինգ անելու ու աշխարհ տեսնելու։ Որոշների դեպքում պայքարը ծավալվել է մինչեւ անգամ բարձրաստիճանների կողքին «քիփ» կանգնելու, քայլելու ու դրանով պարծենալու համար: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան, որ որոշ օրենսդիրներ գործի են անցել 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանի նախընտրական ցուցակներում տեղի համար: Ընտրական գործող օրենսգիրքն ասում է, որ կուսակցությունների համամասնական ցուցակներում երկրորդ համարից սկսած յուրաքանչյուր հնգյակում ներկայացվածների 20 տոկոսը (1 հոգի) պարտադիր պետք է լինի կին, իսկ այդ շեմը հաստատ չի իջեցվի նոր փոփոխություններով: 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` հինգերորդ գումարման ԱԺ կազմում ՀՀԿ կանանց թիվը շեշտակի ավելացավ, ստաժավոր Կարինե Աճեմյանի եւ Հերմինե Նաղդալյանի հետ ԱԺ անցան նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանը, ուսուցչուհի Ռուզաննա Մուրադյանը, դպրոցի տնօրեն, Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհի Կարինե Պողոսյանը, Աբրահամյանի հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանը, որն ամիսներ առաջ նախարարական պորտֆել ստացավ, լրագրող Մարգարիտ Եսայանը, Մարինե Մարաբյանը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրենը՝ Վարդանյանների ընտանիքի ներկայացուցիչն ԱԺ-ում, ինչպես նաեւ ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը: Անցած մոտ չորս տարիներին պատգամավորուհիները կերտել են իրենց խորհրդարանական իմիջը, որից կարելի է նրանց ապագայի հետ կապված որոշակի եզրահանգումներ անել: Թերեւս վստահաբար ասենք, որ նոր խորհրդարանում տեղ չի գտնի ներկայիս ԱԺ ուրբաթախոսը՝ Մարինե Մարաբյանը. չորս տարվա ընթացքում որեւէ լրագրողի չհաջողվեց տիկնոջ բերանից մի խոսք կորզել, նա խոնարհ հարսի պես օգնական քրոջ որդու ուղեկցությամբ մտնում է դահլիճ եւ դիմագրավում լրագրողական հարձակումներին։ Չի եղել դեպք, որ տիկինը ելույթ ունենա ամբիոնից, նրան չեն ճանաչում անգամ կուսակիցներից շատերը եւ նույնիսկ երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին նրա մասին հարց տվեցին, անունը չհիշեց՝ կարծելով, թե ինչ-որ լրագրողի մասին են հարցնում: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ տիկնոջ հերթական «փախուստից» զարմացած, լրագրողներից էր հետաքրքրվում. «Ո՞վ է էդ կնիկը, որ սաղ լրագրողները վազում են հետեւից»: 



Մանդատ չի ունենա, թերեւս, նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանը, խորհրդարանը նրան բացարձակ դուր չեկավ, 1 օրինագիծ է համահեղինակել 10 համահեղինակների հետ: Խոսքն ԱԺ օրակարգում ներառված «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին է, որով ընդամենը սահմանվում է, թե ինչ են նշանակում «սովորող» եւ «կրթության որակ»: Մինչդեռ, մինչ խորհրդարանամուտը հայտարարում էր, թե ԱԺ-ում շատ անելիք ունի՝ հատկապես երգարվեստի ոլորտը կանոնակարգելու հարցում: Երգչուհի-պատգամավորուհին իրեն անելիք գտավ, բայց դահլիճում ընդդիմադիր կին գործընկերներին շշպռելու, Ֆեյսբուքում իշխանության թասիբը ամեն գնով պահելու, հանուն Պնախարարի՝ երիտասարդ աղջկա «աչքերը հանելու» վճռականությամբ, ինչի արդյունքում Շմայսի պես հասավ էթիկայի հանձնաժողով: Երեկ Պետրոսյանից փորձեցինք ճշտել, թե ինչ տվեց իրեն մանդատը, բայց երգչուհին խոսել չցանկացավ, ասաց, որ Արցախում է, տեղն էլ՝ անհարմար: Սակայն կանանցից ամենասրսուռ ՀՀԿ-ականի տիտղոսին արժանացավ նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը, գերակտիվ կուսակցական գործունեությունից, բոցաշունչ ելույթներից, ընդդիմությանն ուղղված քլնգոցներից բացի տիկինն իրեն վերապահեց Սերժ Սարգսյանի ճակատագրի լուծման բախտորոշ հարցը. «Սերժ Սարգսյանն ումի՞ց է պակաս, որ նստի տանը» դարակազմիկ հարցի հեղինակը հենց նա է։ Եվ կարծում ենք՝ այդ հռետորական հարցադրումն իր դերը կխաղա եւ տիկին Եսայանի համար երկրորդ «սռոկի» կանաչ լույս կվառի:



Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռնուհին չփայլեց ոչ օրենսդրական գործունեությամբ, ոչ ելույթներով, ոչ էլ կուսակցական ակտիվությամբ, փոխարենը Կարինե Պողոսյանն աչքի է ընկնում իր ժանյակից, բանտիկավոր գիշերային զգեստներով ու տոնական սանրվածքներով, որոնք ամեն նիստին փոխվում են նորաձեւության թրենդին համապատասխան: Տիկնոջ հատուկենտ ելույթներն էլ չորս տարվա ընթացքում չբարձրացան դպրոցական շարադրությունների մակարդակից:



Երիտասարդ Նաիրա Կարապետյանին այս մանդատն անձնական երջանկություն պարգեւեց՝ նա ամուսնացավ եւ բալիկ ունեցավ։ Թերեւս դա է պատճառը, որ իրեն հնարավորինս հեռու է պահում «կնիկական բազառներից», ՄԻԱԿ տիկնոջ հետաքրքրություններն արտաքին հարաբերություններն են, լուրեր կան, որ երազում է դիպկորպուսում տեղավորվել աշխատանքի:



Նկատելի աճ արձանագրեց նաեւ նախկին ուսուցչուհի Ռուզաննա Մուրադյանը, սկզբնական տեսական-դասագրքային ելույթները վերջին տարիներին փոխվեցին քաղաքականի, ու տիկինը դարձավ ՀՀԿ մատյան գնդի կարկառուն ներկայացուցիչը՝ ընդդիմադիրներին իրենց տեղը ցույց տվողը, մինչեւ անգամ սեփական նախաձեռնությամբ սահմանադրական փոփոխությունների նախընտրական քարոզչությանը լծվեց՝ դասընթացներ կազմակերպելով ՀՀԿ կանանց շրջանում: Սակայն նա մինչեւ վերջ անդավաճան մնաց նախկին շեֆին՝ կրթության նախարարին, եւ նրա պաս-հարցերով ԿԳ նախարարն ԱԺ-ում իր ցանկացած ելույթներն ունեցավ: «Պատգամավորի մանդատն ինձ համար պատասխանատվություն էր ու հնարավորություն անմիջական ազդեցության միջոցով կոնկրետ մասնակից լինել ոլորտում առկա խնդիրների լուծմանը»,- երեկ այսպես բնորոշեց տիկին Մուրադյանը՝ օրենսդրական գործունեությունը հպանցիկ գնահատելով։ «Ես հաշվետվություն եմ ներկայացնելու, բայց կարող եմ ասել, որ կոնկրետ ազդեցություն եմ ունեցել կրթական ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման հարցում՝ հանդես գալով օրենսդրական նախաձեռնություններով»,- ավելացրեց նա: Բայց չպատասխանեց՝ ցանկություն ունի՞ հերթական անգամ մտնել այդ «պատասխանատվության» տակ, եւ ինչո՞վ է հատուցվում այդ պատասխանատու աշխատանքը:



ՀՀԿ-ի «գերազանցիկ» Կարինե Աճեմյանն ԱԺ խրամատների մշտական դիրքապահներից է, ամենասոլիդ իշխանական պատգամավորուհին, որից իշխանությունները դժվար թե հրաժարվեն: Մինչդեռ մանդատն Աճեմյանի համար լոկ պատասխանատվություն է եւ ծանր բեռ. «Բոլորովին այլ կարգավիճակ է, երբ դու շարքային քաղաքացի ես ու խոշորացույցի տակ չես, իսկ երբ դառնում ես պատգամավոր եւ հատկապես ներկայացնում որոշակի քաղաքական ուժ, պարտավոր ես եւ արարքներիդ, եւ խոսքերիդ համար պատասխան տալ, պարտավոր ես քո քայլերով եւ գործով այնպես անել, որ կուսակցությունը երբեւէ չտուժի, այլ հակառակը՝ անընդհատ հեղինակություն ձեռք բերի»: Խոսելով Սերժ Սարգսյանի հորդորի մասին՝ տիկին Աճեմյանը վստահեցրեց, որ իրեն անձամբ այս պահին ոչ թե նախընտրական գործընթացներն են հուզում, այլ աշխատանքային. «Ի վերջո, մենք համակարգ ենք փոխել եւ այդ հարթակում պետք է հանդես գանք ու աշխատենք, մեծացել է ոչ միայն ԱԺ-ի, այլեւ յուրաքանչյուր պատգամավորի պատասխանատվությունը, որովհետեւ մենք սահուն անցում պետք է կատարենք խորհրդարանական համակարգի, որտեղ ԱԺ-ն հայտնվում է առաջնային դերում»:



Կանանց գնդի ամենասկանդալային հնաբնակը՝ Հերմինե Նաղդալյանը, որը հաճախակի է հայտնվում սկանդալների կիզակետում, բայց մշտապես ջրից չոր դուրս գալիս, Սերժ Սարգսյանի թիմի անփոխարինելիներից, եւ երեւի թե կմնա այդպիսին նաեւ հետագայում: Որքան էլ տապալի ԵԽԽՎ-ում մեր գործը եւավելի շատ սեփական բիզնես-շահերն սպասարկի, քան ՀՀԿ-ինը կամ ՀՀ-ինը։



ՀԳ. Օրենսդիր մարմին գործուղվող նոր թեկնածություններ էլ են շրջանառվում, մասնավորապես Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանի անունը։ «Հենց լինի նման բան, առաջինը ձեզ կասեմ»,- երեկ խոստացավ տիկինը՝ չցանկանալով խոսել իր ցանկությունների մասին: