ՀՀԿ-ն քիչ է պաշտպանում յուրայիններին

ՀՀԿ-ն քիչ է պաշտպանում յուրայիններին

Շիրակի մարզում ՀՅԴ մարզպետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորյալն է: Լուրեր կան, որ Ղուկասյանը մեծ ոգեւորություն է ապրում Սիմոնյանի մարզպետ դառնալու հեռանկարից։ Հովսեփ Սիմոնյանը Բալասանյանի մրցակիցն է եղել նախորդ ընտրություններին, 10 հազարից ավելի ձայն տարել, որը, գյումրեցիների պատմելով, Վարդան Ղուկասյանի շնորհիվ է եղել։ Ղուկասյանն է դրդել Սիմոնյանին առաջադրվել ու մինչեւ անգամ ավտոբուսներով նրա համար մարդիկ է տարել ընտրատեղամաս: Ղուկասյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց իր դրական վերաբերմունքը Սիմոնյանի նկատմամբ: Զուգադիպություն էր, թե ոչ, բայց Ղուկասյանն ու իր կողմնակիցներն արդեն ակտիվություն են ցուցաբերում։ Նախօրեին հայտնի դարձավ նրա, որդու եւ թիկնապահների մասնակցությամբ միջադեպի՝ հերթական ծեծկռտուքի մասին, ինչը Ղուկասյանը մեզ հետ զրույցում հերքեց՝ ասելով, թե ուզում են իր գլխին սարքել:



- Պարոն Ղուկասյան, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մոտ օրերս կոալիցիոն համաձայնագիր կստորագրեն, Շիրակի մարզն էլ, հավանաբար, «կհանձնեն» Դաշնակցությանը: Ի՞նչ կարծիք ունեք հավանական կոալիցիայի մասին, եւ կադրային այդ փոփոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա Շիրակի մարզում, որը մշտապես աչքի է ընկել հակաիշխանական կեցվածքով:



- Եթե նպատակահարմար են գտել, ուրեմն ճիշտ է, ես ի՞նչ կարող եմ դրա վերաբերյալ ասել, Դաշնակցությունն էլ 125 տարվա կուսակցություն է, իր համար էնքա՜ն գործ արած ունի, ի՞նչ կարող եմ ասել: Եվ եթե համոզված է, որ մարզն էս վիճակից կարող է դուրս բերել, հուսով եմ՝ կկարողանա:



- Այն, ինչ չհաջողվեց ձեր կուսակցությանը, կհաջողվի՞ ՀՅԴ-ին, ինչո՞ւ:



- Դա հարցրեք իրենց, ում հաջողվեց, չհաջողվեց, ինչ հաջողվեց, ես չեմ կարող ասել:



- Բայց, փաստորեն, Շիրակում լավ օրից չէ, որ ընդդիմադիր են:



- Մի մոռացեք, որ կոալիցիա է լինելու, ոչ թե առանձին-առանձին, ես հուսով եմ, որ միասին պետք է հաջողվի, մենք էլ կողքից կնայենք, կտեսնենք, կասենք՝ հաջողվեց, չհաջողվեց՝ կասենք չի հաջողվել:



- Համայնքապետերը դժգոհ չեն գործող մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից, նրանք, ասում են, բողոքի ձայն են բարձրացրել, որ մարզպետին պաշտոնանկ չանեն:



- Ես տեղյակ չեմ:



- Ինչպիսի՞ մարզպետ է Ցոլակյանը, եւ հիմնավո՞ր է նրան փոխելու որոշումը:



- Որպես մարդ, շատ լավ մարդ է, իրեն հարգում եմ, եւ, ամենակարեւորը՝ մարզում իր օրոք խառնակչություն չարվեց, իսկ արտառոց բան չգիտեմ: Մարզը սոցիալապես ամենավատ վիճակում է գտնվում, բայց, որպես մարդ, ես բարձր եմ գնահատում նրան:



- Խառնակչություն թույլ չտալն արդեն մեծ առավելություն է, ինչո՞ւ են հրաժարվում ՀՀԿ-ում նման մարդուց:



- Իրենց հարցրեք:



- Յուրայիններից հրաժարվո՞ւմ են:



- Ի՞նչ կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն յուրայիններին քիչ է պաշտպանում, դա փաստ է: …Չգիտեմ, իրենց հարցրեք՝ ինչու:



- Հովսեփ Սիմոնյանի թեկնածության շուրջ է կարծես համաձայնություն կայացվել, ինչպիսի՞ անձնավորություն է, եւ, Ձեր կարծիքով, ի՞նչ մթնոլորտ կհաստատվի նրա ղեկավարության ժամանակ:



- Շատ շնորհքով անձնավորություն է, երկար տարիներ աշխատել է մարզպետարանում, մի քանի անգամ ինձ հետ առաջադրվել է, բայց շատ նորմալ անձնավորություն է, հարգում եմ:



- Ասում են՝ Ձեր դրդմամբ առաջադրվել էր նաեւ Բալասանյանի դեմ, ու հիմա անհամբերությամբ եք սպասում, որ նա մարզպետ դառնա, Դուք էլ… (հարցն անավարտ է մնում)։



- Էէէնքան բաներ են ասում, Բալասանյանն ինքն է իրա դեմ աշխատում ու աշխատել, մենք ի՞նչ պիտի իրա դեմ աշխատենք, մենք ոչ մեկի դեմ չենք աշխատում, աշխատում ենք, որ ժողովրդի վիճակը լավ լինի, բանսարկությամբ չեմ զբաղվում, սարքել-մարքելը դա իմ վրայով չէ, ուրիշ տեղ փնտրեք:



- Ուզում եք ասել՝ Հովսեփյանին չե՞ք աջակցել:



- Ես ընտրությունների ժամանակ այստեղ չեմ եղել:



- Պարտադիր չէր անձամբ ներկա լինեիք:



- Ես կարծում եմ, որ ավելի շատ Վարդան Ղուկասյանն է հաղթել, որովհետեւ թերթիկների մեծ մասի վրա գրված է եղել Վարդան Ղուկասյան:



- Իսկ մարզը Սիմոնյանին հանձնելուց հետո Ձեր դիրքերում որոշակի փոփոխություն կլինի՞:



- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց եթե զգամ, որ իմ քաղաքի, մարզի հետ կապված կարող եմ աջակցել իրեն, սիրով կաջակցեմ: Եթե իմ կարիքն ունենա, հաստատ կօգնեմ: