ՀՀԿ-ն՝ ապագա պաշտպանի պաշտպան

ՀՀԿ-ն՝ ապագա պաշտպանի պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը երեկ խորհրդարանում ձախողեց առաջին ստուգարքը, ֆռռացրեց ընդդիմադիր պատգամավորներին, լղոզեց նրանց հարցադրումները՝ ցույց տալով, որ ինքը ՀՀԿ-ի համար է ՄԻՊ աշխատելու: Եղան պահեր, որ ընդդիմադիրների հարցերից նեղն ընկած ապագա ՄԻՊ-ի պաշտպանությունն ստանձնեցին ՀՀԿ-ականները: ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջին թեստից Թաթոյանը կաս-կարմիր կտրեց ամբիոնի մոտ։ «Գեւորգ Սաֆարյանին կամ Վարդգես Գասպարիին համարո՞ւմ եք քաղբանտարկյալ»,- հարցնում էր պատգամավորը: Թաթոյանը երկար-բարակ իրավաբանական դասախոսությունից հետո հասկանալի հայերենով բացատրեց, որ առանց կոնկրետ հանգամանքներին ծանոթանալու չի կարող գնահատականներ տալ, ընտրվելու դեպքում պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:



Զարուհի Փոստանջյանն էլ հիշեց Մարտի 1-ը. «Դուք հանձնաժողովում նշեցիք, որ առնչություն եք ունեցել Մարտի 1-ից հետո հատուկ զեկույց կազմելուն: Այդ ժամանակ Դուք արդեն տեղյակ էիք Մարտի 1-ի գործերից: Այդ գործով ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ»: Արման Թաթոյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի զեկույցին առնչություն է ունեցել բացառապես մասնագիտական քննարկման շրջանակում՝ կապված քրեական դատավարության օրենսդրության վերլուծության հետ. «Քաղաքական մասի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, քաղբանտարկյալների մասով էլ վերլուծության մեջ առկա է»:



Պատգամավորը ՄԻՊ թեկնածուին «անդեմ մարդ» անվանեց: «Իշխանության փաստաբանն ինչպե՞ս կարող է դառնալ մյուս կողմի փաստաբանը»,- հեգնեց Փոստանջյանը: Խաչատուր Քոքոբելյանը փորձեց ինքնախոստովանանքի դրդել, հարցրեց՝ կա՞ մարդու իրավունքների խախտման հանրային հնչեղության որեւէ դեպք, որ Դուք կառանձնացնեիք եւ որի մասին Դուք Ձեր դիրքորոշումը հայտնել եք: Քաղբանտարկյալներ ՀՀ-ում եղե՞լ են, թե՞ ոչ։ Օմբուդսմենի թեկնածուն նշեց՝ այնքանով, որքանով իմ պրոֆեսիոնալ գործունեությունն առնչվել է, ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց՝ փաստորեն, գտնում եք, որ ՀՀ-ում մինչ օրս քաղբանտարկյալ չի եղել:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցն աշխուժացրեց Թաթոյանին։ Պողոսյանը հարցրեց՝ որո՞նք են եղել այն բացթողումները, որոնք խոչընդոտել են օմբուդսմենի ինստիտուտի կայացմանը։ Թաթոյանն առանձնակի աշխուժությամբ ներկայացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում պետք է փոփոխություն կատարել՝ հասարակական կազմակերպություններին առավել ակտիվ ներգրավելով ՄԻՊ գործունեությունում, որպեսզի հնարավորություն լինի ՀԿ-ների հետ համատեղ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ: Ա. Թաթոյանը նշեց, որ նախկինում փորձ արվել է խորհուրդ ստեղծել, բայց ՀԿ-ների հետ համագործակցությունը չի ստացվել օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով: Էդմոն Մարուքյանին էլ դուր չէր եկել Թաթոյանի արհամարհական կեցվածքը. «Խորհրդարանն ունի խմբակցություններում չընդգրկված 7 պատգամավոր: ԱԺ-ում կա տրադիցիա՝ ՀՀ վարչապետը կառավարության ծրագիրը քննարկելիս հանդիպում է խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ: Գլխավոր դատախազի թեկնածուն, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն, բոլորը հանդիպել են: Ինչո՞ւ չի նախաձեռնվել Ձեր թեկնածությունը հաստատվելուց հետո նման հանդիպում: Ես կարծում եմ՝ դա անհարգալից վերաբերմունք է: Մեկ պատգամավորը 60 հազարից ավելի ընտրողների տարածք է ծածկում, կարող ենք ասել, որ մոտ 420 հազար մարդու Դուք չեք հանդիպել»: Արման Թաթոյանը խոստացավ ընտրվելուց հետո հանդիպել, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «պադդերժկա» արեց, թե երեւի թյուրիմացություն է եղել, որեւէ միտում չի եղել չհանդիպելու:



ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին հարցրեց, թե նա տեղյա՞կ է լրագրողների եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին, ու տեղեկացրեց, որ այսօր, ժամը 13:00-ին ԱԺ շենքի մոտ հավաքվելու են քաղաքացիներ ու լրագրողներ՝ այդ միջադեպի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու: «Դուք կմասնակցե՞ք ակցիային»,- Թաթոյանին հարցրեց Էնֆիաջյանը։ «Օրենսդրական բազմաթիվ արգելքներ կան, որոնք արգելում են ներկա գտնվել: Պետք է ասեմ՝ ոչ»,- պատասխանեց Թաթոյանը: Կրկին անհարմար վիճակից հանեց Շարմազանովը, տեղեկացրեց, որ Թաթոյանը բողոքի ակցիայի մասնակցելու փոխարեն այդ ժամին պետք է լինի ԱԺ շենքում, որպեսզի նրա ընտրությունն անցկացվի: «Բա կըլնի, ինքն ըստեղ չըլնի, մենք իրա համար քվեարկե՞նք: Հայաստանում ցուցարարների պակաս չկա, այնպես որ, եթե պարոն Թաթոյանն այստեղ լինի, ոչ մի պրոբլեմատիկ բան չի լինի»,- հայտարարեց Շարմազանովը: Այսօր փակ քվեարկությամբ ԱԺ-ն ՄԻՊ կընտրի, որը նախեւառաջ կդառնա ՀՀԿ-ի պաշտպանը: