Անգամ հղի վիճակում քաղաքական դաշտից կհեռացնեմ ավելորդներին. Անի Զախարյան

Անգամ հղի վիճակում քաղաքական դաշտից  կհեռացնեմ ավելորդներին. Անի Զախարյան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը պաշտոնական գրություն էր ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով՝ պարզելու համար, թե ինչու պատշաճ կերպով չի լուսաբանվում իրենց կուսակցության ակտիվ գործունեությունը: Ի պատասխան դիմումի՝ մեկ օր անց տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՌԱՀ անդամը պարզաբանել էր իրավիճակը: Մինչդեռ Անի Զախարյանը կարծում է, որ իրենց գործունեությունը չլուսաբանելը ձեռնտու չէ ոչ իշխանությանը և ոչ էլ իշխանական մյուս ուժերին. «Ձեռնտու չէ լուսաբանել մի ուժի գործունեություն, ով կարող է իրենց ընտրազանգվածը իր կողմը թեքել և համաժողովրդական համակրանքի և վստահության արժանանալ։ Այս ուժը հենց Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցությունն է։ Կա նաև օրենքի բաց, մեր խնդիրը շատ խորքային է, մեր պետության բոլոր գերատեսչությունները ստրկամիտ գործելաոճ կրող մարմիններ են, ովքեր ամեն ինչ անում են միմիայն վերևի թելադրանքով»,-մեզ հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավարը:



Իսկ գուցե ձեր գործունեությունը չլուսաբանելու պատճառն այն է, որ ձեզ լուրջ չե՞ն վերաբերում, հարցրինք Անի Զախարյանին: Կուսակցության ղեկավարը փաստեց, որ անձամբ երկրի նախագահն է հիշատակում իրենց, մյուս կուսակցություններն իրենցից ոչնչով լավը չեն, ավելին՝ որպես ընդդիմություն հանդես եկող ուժերն իրենց համեմատ ոչինչ են. «Սերժ Սարգսյանի վերջին ելույթում հատուկ անդրադարձ եղավ Նոր Քաղաքական Մշակույթին և ես հուսով եմ, որ իշխանությունը ապագայում կունենա բավարար գիտակցություն և քաղաքական կամք, որպեսզի ԱԺ-ում իր կողքին տեսնի ոչ թե 5 տարի ժամավաճառությամբ և անիմաստ վայրահաչությամբ զբաղված ընդդիմություն, այլ քաղաքական ուժերի, որոնք ազգային հիմնահարցերի լուծման և զարգացման ճանապարհին ունակ են պատասխանատվություն կրել և բարձրացնել պետության քաղաքական հեղինակությունը»,-նշեց նա: Շարունակելով լրջության թեման, ըստ Անի Զախարյանի, բոլոր քաղաքական ուժերից շատ ավելի լրջությամբ հենց իրենք են մասնակցում քաղաքական գործընթացներին, իսկ մյուսները, իր իսկ խոսքերով, անլրջացնում են քաղաքական դաշտն ու շոումենի նման զբաղված են միայն PR-ով:



Անի Զախարյանից նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին, և կցանկանա՞ր միանալ որևէ կուսակցության, վերջինս պատասխանեց. «Այո, մենք նույնպես պատրաստակամ ենք առողջ կոալիցիաների և առաջիկայում, եթե ամեն ինչ ընթանա այն հունով, ինչ ընթանում է, հանրությունը դրա ականատեսը կլինի։ ՀՆՔՄԿ-ի ապագան ես տեսնում են որպես ՀՀ զարգացման գործընթացում առանցքային և կենտրոնական դերակատարություն ունեցող քաղաքական ուժ»:



Ի դեպ, քանի որ Անի Զախարյանը բոլորովին վերջերս է ընտանիք կազմել, նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մասնագիտություն ունի իր տղամարդը, ինչպե՞ս է վերաբերում իր ընտրած գաղափարախոսությանն ու սպասու՞մ են, արդյոք, բալիկի: Նա նշեց, որ իր ամուսինը լավագույն ջութակահարներից է, ու քանի որ մասնագիտությամբ ինքը դերասանուհի է, նրանք շատ լավ են հասկանում միմյանց. «Անշուշտ կուսակցության ղեկավար կին լինելը շատ բարդ գործ է, քանզի կին լինելով դու ամեն օր գործնական հանդիպումների մեջ ես և ստիպված ես երբեմն ամուսնուդ և ընտանիքիդ ավելի քիչ տեսնել, ինչը իհարկե դուր չի գալիս ամուսնուս, բայց դեռ լռում է»,-ասաց նա: Քանի որ ամուսնությունն ու հետագայում նաև երեխայի ծնունդը սահմանափակում են յուրաքանչյուր կնոջ ազատ ժամանակը, հարցրինք նաև, թե հնարավո՞ր է մի օր ամուսինը կամ ընտանիքը Անի Զախարյանին դուրս հանեն քաղաքականությունից, տիկնոջ պատասխանը կտրուկ եղավ՝ «Ոչ ոք և ոչինչ ի զորու չէ դա անել։ Լուրջ քաղաքականությունն իմ տարերքն է և բարձր չափանիշներ կրող պետություն ունենալը, որպես անհատ, իմ բարձրագույն նպատակը, այնպես որ Անի Զախարյանը հղի վիճակում էլ կլինի իր դիրքերում և եթե պետք լինի այլոց դաշտից կհեռացնի թեկուզ այդ վիճակում»: Իսկ հղիության հրաշքին այս ամուսինները դեռ սպասում են:



Շուշաննա Գրիգորյան