Այո, կան ներկուսակցական խնդիրներ և տարաձայնություններ․ ԲՀԿ նախկին խոսնակ

Այո, կան ներկուսակցական խնդիրներ և տարաձայնություններ․ ԲՀԿ նախկին խոսնակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի փակ-գաղտնի քվեարկության ժամանակ հայտարարեց, որ ինքը դեռ 10 օր առաջ էր հայտարարել, որ ինքը կողմ է տրամադրված Արման Թաթոյանի թեկնածությանը։ 



«Ես իմ ելույթում էլ հիմնավորել եմ, որ պարոն Թաթոյանը մասնագիտական կարողություններ ունի, իսկ ինչի՞ համար դեմ լինենք»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանը։



Նա, ի դեպ, երեկ տեղեկացրեց, որ անձնական պատճառներով հրաժարվում է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից, ինչը քննարկման առարկա դարձավ մամուլում: Բաբայանը չհերքեց, որ տեղի ունեցածը ներկուսակցական տարաձայնությունների արդյունք է:



«Երեկ ինչ-որ տեղի է ունեցել, մենք չենք ուզում դրա մասին խոսել հրապարակավ, որովհետև դա մեր ներկուսակցական խնդիրներն են։ Այո, կան ներկուսակցական խնդիրներ և տարաձայնություններ։ Մնացած հարցերի շուրջ կխոսենք ավելի ուշ»,-ասաց նա, բայց չցանկացավ մանրամասնել, թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը։



Նրա խոսքով՝ ինքը սովորություն չունի ներկուսակցական հարցերը դարձնել հրապարակային, քանի որ դա շատ տգեղ և քաղաքականապես ոչ կոռեկտ քայլ է, որն ինքը չի ընդունում։ Եվ փակագծերը կբացի, եթե կարիք լինի, այս պահին չի ցանկանում բացել։
Hraparak.am-ի դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ խնդիրը կոալիցիային կողմ կամ դեմ լինելու հետ է կապված եղել, քանզի նա կողմ էր կոալիցիային, Բաբայանն ասաց․ «Ես չեմ ուզենա այս պահին քաղաքագիտական վերլուծություններ անել, որովհետև մենք քաղաքական գործիչներ ենք, մեր ելույթներով և մեր պահվածքով և մեր քվեարկություններով մենք ամեն ինչ տեսնում և հակսանում եք»։



Մեր ճշտող հարցին՝ ինքը կո՞ղմ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիային, Բաբայանն ասաց՝ այո։ Այսինքն՝ խնդիրները հիմնականում դրանո՞վ էին պայմանավորված, ԲՀԿ նախկին խոսնակն ասաց․ «Որ ասելու բան լիներ, կասեի, հիմա ես ասելու բան չունեմ, ինչ կա, դա է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ