Կլիման փոխվում է եւ, դա այսօր ամենամեծ սպառնալիքն է մեզ համար

Կլիման փոխվում է եւ, դա այսօր ամենամեծ սպառնալիքն է մեզ համար

«Իրականացավ», «Վերջապես». մոտավորապես այսպիսի խորագրերով եւ ենթավերնագրերով էր համաշխարհային, ռուսական եւ հայաստանյան մամուլը ներկայացնում «Օսկար» մրցանակաբաշխության արդյունքներն ու գլխավորապես այս տարվա թիվ 1 ինտրիգի հանգուցալուծումը՝ կստանա՞ Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար», թե՞ ոչ։ Ամերիկյան կինոակադեմիան վերջապես գնահատեց 41-ամյա դերասանին, որն իր 25 տարվա կինոգործունեության ընթացքում «Օսկարի» էր առաջադրվել 5 անգամ եւ միայն 6-րդ անգամ ստացավ «Օսկար»՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում խաղացած դերի համար։ 



Այն, որ իր դերասանական կարիերայի ընթացքում Դի Կապրիոն ունեցել էր արժանի եւ հիշվող դերեր, որոնց համար վաղուց պետք է ստանար ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը, «Օսկարի» նախօրեին էլ ավելի էր սրել իրավիճակն ու մարդկանց հետաքրքրությունը, այն աստիճան, որ բուքմեյքերներն արդեն խաղադրույքներ էին ընդունում դերասանի «Օսկար» ստանալու վերաբերյալ։ Դեռ կարմիր գորգի վրա հաղորդավարի հարցին ի պատասխան, Դի Կապրիոն նշել էր, որ, 25 տարի լինելով կինոինդուստրիայի մեջ, իրեն առանձնահատուկ հաճելի է այս տարի «Օսկարի» նոմինացվել հենց «Փրկվածը» ֆիլմով։ Ի դեպ, կանանց ֆավորիտ դերասանն «Օսկարին» ներկայացել էր մոր հետ, որն ամաչել էր տեսախցիկների առաջ դուրս գալ։ Պետք է նշել, որ վերջին 2 ամիսների ընթացքում այնքան շատ էին «Օսկարի» թեմայով Դի Կապրիոյի մասին տարբեր երգիծական մեմերը, կոլաժները, որ կազմակերպիչները, կարծես շարունակելով թեման, դահլիճում, ի աջակցություն Լեոյի, հանդիսականների շարքերում արջ էին նստեցրել։



«Տարվա լավագույն դերասան» անվանակարգը հայտարարեց դերասանուհի Ջուլիանա Մուրը, որտեղ, Դի Կապրիոյից բացի, լավագույն դերասանի համար պայքարում էին նաեւ դերասաններ Բրայան Քրենսթոնը («Տրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»)։ Դի Կապրիոյի անունը հայտարարելուց հետո ողջ դահլիճը ոտքի կանգնեց։ Բարձրանալով բեմ՝ Լեոն խոսեց 2.5 րոպե, ավելին, քան տրվում է հաղթողներին, բայց ոչ ժամանակի սահմանափակում կիրառվեց նրա խոսքի հանդեպ, եւ ոչ էլ անգամ նվախագումբը միջամտեց, ինչպես սովորաբար լինում է իրենց մրցանակով տարվածների դեպքում։ Սա այդ դեպքը չէր։ Իր խոսքում դերասանն արագ շնորհակալություն հայտնեց ամերիկյան կինոակադեմիային՝ մրցանակի համար, ֆիլմում իր գործընկեր Թոմ Հարդիին, ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտույին, պրոդյուսերին, ծնողներին, չմոռանալով նշել նաեւ իր «կյանքի» ռեժիսոր Մարտին Սկորցեզեին, որին պարտական է իր վառ դերերից շատերի համար։ Նա «Փրկվածը» անվանեց տղամարդկային ընկերության եւ Երկիր մոլորակի, բնության մասին ֆիլմ։ Ապա սահուն անցում կատարեց եւ խոսեց էկոլոգիայի մասին, որի շատ խնդիրներով հենց զբաղվում է Դի Կապրիոյի բարեգործական ֆոնդը. «Կլիման փոխվում է, եւ դա այսօր ամենամեծ սպառնալիքն է մեզ համար։ Մենք պետք է բոլորս հավաքվենք ու միասին աշխատենք այդ ուղղությամբ»։ Շարունակելով իր խոսքն արդեն դահլիճի ծափահարությունների ներքո՝ նա նշեց, որ պետք է սատարել, աջակցել լիդերներին ամբողջ աշխարհով մեկ, որոնք չեն խոսում մեծ կորպորացիաների, մեծ աղտոտողների մասին, քանի որ մարդկանց ձայներն այսօր խլացված են քաղաքական ագահությամբ, մինչդեռ պետք է փրկենք մեր մոլորակը մեր երեխաների ու նրանց երեխաների համար։ Ժամեր անց Դի Կապրիոն օգտագործեց նաեւ իր ֆեյսբուքյան էջը՝ եւս մեկ անգամ շեշտելու, որ այս հաղթանակը մի կարեւոր հնարավորություն է մարդկանց ուշադրությունը սեւեռելու Երկիր մոլորակի կլիմայի փոփոխության վրա, իսկ դրա համար համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն բոլորի կողմից եւ հենց հիմա։ Համաշխարհային մամուլը միանգամից հիշեց եւ սկսեց հրապարակել դերասանի հանդիպումները Ջոն Քերիի եւ տարբեր քաղաքական գործիչների հետ, տարբեր ամբիոններից, երբ նա մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն վայրի բնության, Երկիր մոլորակի էկոլոգիական խնդիրների։ Միայն օվկիանոսների խնդիրները լուծելուն, դրանք փրկելուն Դի Կապրիոն իր ֆոնդի միջոցով 10 մլն. դոլար է ուղղել։ Հիշվեց նաեւ «Փրկվածը» ֆիլմի համար «Ոսկե գլոբուս» ստանալուց հետո դերասանի խոսքը, որը դարձյալ ուղղված էր Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրներին։ Այլ կերպ ասած՝ դերասանը մի քանի րոպեում դարձավ նաեւ քաղաքական ֆիգուր։ Ընդհանրապես, համաշխարհային աստղերի կողմից գնալով էլ ավելի շատ են բարձրաձայնվում մարդու իրավունքների, սոցիալական, բնապահպանական եւ ուրիշ մի շարք կարեւոր հարցերի մասին հենց նման հարթակներից՝ օգտագործելով բազմամիլիոն լսարանի հնարավորությունները։



Այս տարվա «Օսկարի» ամենաէմոցիոնալ պահերից մեկն էլ, որ ստիպեց արտասվել շատերին, Լեդի Գագայի ելույթն էր։ նրա «Til It Happens to You» երգը բարձրաձայնում էր սեռական բռնության զոհերի խնդիրը։ Հետաքրքիր էր, որ երգի կեսից վարագույրը բացվեց, եւ բեմ դուրս եկան սեքսուալ բռնության զոհ դարձած տասնյակ երիտասարդներ, որոնք, ձեռք ձեռքի տված, այդկերպ էին իրենց աջակցությունը հայտնում միմյանց։
Ինչ վերաբերում է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին, ապա երկրորդ տարին անընդմեջ, այդ մրցանակին արժանացավ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Փրկվածը» ֆիլմի համար: «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թոմաս ՄըքՔարտիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը: Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում կատարած դերի համար: