Մոգերինիի «ոչ մոգական» այցը Հայաստան

Մոգերինիի «ոչ մոգական» այցը Հայաստան

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեկ Հայաստանում էր՝ ԱԳ նախարարի հրավերով։ Նա մինչ ՀՀ նախագահին այցելելը, ցերեկն այցելեց Ազգային ժողով, հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ. սկզբում՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն զույգի, վերջում՝ ընդդիմադիր ուժերի։ Հիշեցնենք, որ Ֆեդերիկա Մոգերինին իտալուհի է եւ այս պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով բրիտանուհի Քեթրին Էշթոնին։ Նա մինչ այդ Իտալիայի արտգործնախարարն էր, հիմա, փաստորեն, Եվրամիությունում է նախարարի պաշտոն զբաղեցնում։ Նրա նշանակումից հետո գրվեց, որ 41-ամյա իտալուհու թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել ԵՄ-ում, եւ նրան արդեն հասցրել են պիտակավորել որպես սոցիալիստ, ռուսամետ եւ չափազանց երիտասարդ այս պաշտոնի համար։ Հայտնի փաստ է, որ իտալացիները մեզ՝ հայերիս նման բավականին տաքարյուն եւ ակտիվ ժողովուրդ են, կանայք էլ բավականին գեղեցիկ են։ Այս առումով, թերեւս, կարելի էր ակնկալել, որ իտալուհի նախարար Մոգերինին եթե չշլացներ էլ մեզ իր մոգական գեղեցկությամբ, ապա գոնե իտալական ջերմությամբ կշփվեր մեզ հետ եւ կպատասխաներ մեր հարցերին։ Բայց արտաքին քաղաքականության գիտակ տաքարյուն իտալուհին առանձնապես հմայքով աչքի չընկավ, լրագրողների հարցերին էլ չպատասխանեց։ Միայն վերջում, երբ «Հրապարակը» հարցրեց, թե ինչու չի ցանկանում պատասխանել մեր հարցերին, տիկին Մոգերինին ասաց, որ քիչ հետո մամուլի ասուլիս է տալու։ Նրա փոխարեն մեզ մի քանի կցկտուր բան ասացին ՀՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների ղեկավարները։ Բայց, քանի որ հանդիպումը փակ էր, նրանք էլ իրավունք չունեին ամեն ինչ մանրամասնելու։ Ի դեպ նշենք, որ Մոգերինին մինչ Հայաստան գալն այցելել էր Ադրբեջան, եւ սա տարածաշրջանային այց է։



«Ղարաբաղյան խնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգիրք եւ հետագա մեր գործունեությունը»,-քննարկման թեմաները թվարկեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ Մոգերինին ողջունել է սահմանադրական բարեփոխումները։ Մեր հարցին, թե նա արդյոք տեղյա՞կ էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ հանրաքվեում իրականացված ընտրակեղծիքներին կոշտ գնահատականներից, պարոն Բաղդասարյանն ասաց. «Մենք էդ մասին չխոսեցինք, բայց համոզված եմ, որ տիկին Մոգերինին բավականին լավ ինֆորմացված է»։ Իսկ շրջանակային համաձայնագրի հետ կապված քննարկում եղա՞վ։ Բաղդասարյանն ասաց. «Այո, բնականաբար, խոսք եղավ, որ մենք բոլորս երկկողմանի շահագրգռված ենք, որ այդ գործընթացն ավելի ակտիվացնել, ավելի զարգացնել»։ Ի դեպ, Բաղդասարյանը պատահականություն համարեց Մոգերինիի հենց մարտի 1-ին այցը Հայաստան։



ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ ինքը հանդիպմանը բարձրացրել է Մարտի 1-ի հարցը՝ օգտագործելով առիթը. «Ես ասացի, որ Եվրոպական միության 3 հայտարարություններից հետո, որով պահանջում էին մարտիմեկյան հանցագործությունների բացահայտում, մինչեւ հիմա ոչ մի բան չի արվել։ Ես նաեւ բարձրացրի հարցեր՝ կապված ժողովրդավարության ամրապնդման, ընտրական գործընթացների հետ, ընդհանրապես, թե ինչ է կատարվում Հայաստանում այս առումով, բոլոր այն բաները, ինչ որ միշտ ներկայացրել եմ մեր հանրությանը, եւ ոչ մի տարբերություն չի եղել, թե ինչ եմ ասել այնտեղ եւ ինչ եմ ասում հրապարակային»,-ասաց Զուրաբյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ