Կոշտ մրցակցություն է գնալու՝ գզվռտոց էլ կլինի, քաշքշուկ էլ

Կոշտ մրցակցություն է գնալու՝ գզվռտոց էլ կլինի, քաշքշուկ էլ

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 8-րդ տարելիցը նշանավորվեց ընդդիմության պառակտված «միասնականությամբ»։ Ազատության հրապարակի երեկոյան հանրահավաքից առաջ միասնական հանրահավաքի մասնակիցներից ՀԱԿ-ն ու «Քաղաքացիական պայմանագիրը» հասցրին փոխադարձ «մեղադրանքներով» փոխանակվել: Ազատության հրապարակում ելույթներն արգելելու ՀԱԿ եւ ՀԺԿ պահանջը Նիկոլ Փաշինյանի սրտով չէր, ինչն ակնհայտ դարձավ նրա թիմակիցների հայտարարություններից, որոնք կարծում են, որ ՀԱԿ-ը միտումնավոր է Նիկոլին զրկել ելույթ ունենալու հնարավորությունից: Հասկանալի է, որ, անկախ տարաձայնություններից, որեւէ ուժ իրեն թույլ չէր տա Մարտի 1-ի հարթակը ծառայեցնել քաղաքական նպատակներին, եւ ՀԱԿ մտահոգություններն առնվազն անհասկանալի էին։ Նիկոլ Փաշինյանը հաստատ չէր հիշեցնի իրենց տարաձայնությունները եւ, առավել եւս՝ չէր խոսի այն մասին, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի չարաբաստիկ օրը լքեց հրապարակը՝ ժողովրդին թողնելով մենակ: Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, թե ինչ հույժ կարեւոր հայտարարություն պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, եւ ինչու էր նրա կողմից Ազատության հրապարակի հարթակը կարեւորվել, որովհետեւ միասնական հանրահավաքի նախաձեռնող «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման վարչության անդամների եւ Ազատության հրապարակում մարտի 1-ին հանրահավաք անելու համար առաջինը հայտ ներկայացրած ՀԱԿ եւ ՀԺԿ ներկայացուցիչների մոտ մեկամսյա բանակցություններից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել ու կարեւորվել Մարտի 1-ի վերաբերյալ միասնական հայտարարությունը, ինչն ընդունել էին բոլոր ուժերը: 



«Նոր Հայաստանից» ՀԱԿ-ի հետ բանակցություններին մասնակցած Հմայակ Հովհաննիսյանը երեկ մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ի սկզբանե որոշում չի եղել Ազատության հրապարակում ելույթ ունենալու, գլխավոր նպատակը միասնական հանրահավաքն է եղել. «Որոշվել է միասնական հայտարարություն անել, երթ, հետո Մյասնիկյանի արձանի մոտ ելույթներ ունենալ: Հարգվել է բոլորի որոշումը, քանի որ ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն համարեցին, որ ելույթների անհրաժեշտություն չկա, կարեւորը Մարտի 1-ի չարագործության վերաբերյալ միասնական դիրքորոշման ու գնահատականի հարցն էր»։



Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն ինչպես են բացատրել իրենց դիրքորոշումը. «Պարզապես նման ցանկություն հայտնեցին՝ ասելով, որ ելույթների կարիք չկա»: ՔՊ վարչության անդամ, խոսնակ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ, ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե այդ ամենը «հատուկ» է արվել, որպեսզի Փաշինյանը ելույթ չունենա։ Սկզբում իրենց ասվել է, որ ելույթներ լինելու են, ավելի ուշ որոշումը փոխվել է: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի որդին՝ Արենը, երեկ ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանել էր ֆեյսբուքյան գրառումով։ Նա հիշեցրել էր, որ առաջինը ՀԱԿ-ն է հանրահավաք անցկացնելու հայտ ներկայացրել ու թույլտվություն ստացել, հետո «Նոր Հայաստանը»՝ նույն օրը, նույն ժամին։ Եվ նկատել էր. «Քաղաքապետարանը վերջիններիս պարտավոր էր այլընտրանքային տեղ առաջարկել, քանի որ արդեն արտոնված միջոցառում կար Ազատության հրապարակում»։ Մանուկյանը գրել է. «Երկուսի օրակարգն էլ, հռետորաբանությունն էլ, հետագա քայլերն էլ լրիվ տարբեր են, ու կամ իրար խանգարելու էին, կամ պետք էր ընդհանուր տարբերակ մտածել։ Որոշվում է, որ կկազմակերպվի ընդհանուր երթ, հանրահավաքի փոխարեն կլինի բացման խոսք, լռության րոպե, ընդհանուր հայտարարության ընթերցում, որին կարող են մյուս քաղաքական ուժերն էլ միանան»։



Դատապարտող հայտարարությանը միացած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը երեկ մեզ ասաց, որ իրենք հարգել են փոխադարձ համաձայնությունը եւ ոչ մի խնդիր չեն տեսնում ելույթ ունենալ ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մյասնիկյանի արձանի մոտ: «Հայաստան» ժողովրդական միության մաս կազմող «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի խոսքով էլ, Մարտի 1-ին ընդհանրապես խոսքերն ավելորդ են։



«Ամեն ինչ ասված է... Ինչ վերաբերում է տարբեր ուժերի բախումներին, գիտեք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախընտրական պայքարն սկսվում է, եւ հիմնականում պայքարը ծավալվում է արեւմտամետ ուժերի միջեւ: Ինչքան հասկանում եմ, Հայաստանում առաջիկա պառլամենտական ընտրությունների արդյունքները Վենետիկի հանձնաժողովն Արեւմուտքի հետ միասին է լուծելու, ինչպես սահմանադրական հանրաքվեն որոշեցին, դրա համար էլ կոշտ մրցակցություն է գնալու, գզվռտոց էլ կլինի, քաշքշուկ էլ, որն արդեն սկսվել է»,- եզրափակեց Գիմիշյանը: