Էդմոն Մարուքյանն առաջարկում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում նախատեսել ազատազրկում

Էդմոն Մարուքյանն առաջարկում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում նախատեսել ազատազրկում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այս կապակցությամ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.



«Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում անցկացված բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500.000-600.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Նշված սանկցիան համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին: Քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի արժանի պատիժ՝ բացառապես ազատազրկման ձևով:



Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում:



Նախագծի ընդունման պարագայում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու մտայնություն ունեցող քաղաքացին կգիտակցի, որ իր հանցանքի բացահայտման դեպքում նա անձամբ է կրելու իր պատիժը և որ այն լինելու է բավականաչափ խիստ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում»: