Սերժ Սարգսյանի պատասխանը Հմայակ Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանի պատասխանը Հմայակ Հովհաննիսյանին

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը 2012 թվականից «աչք չի բացում» իր դեմ հարուցված դատական գործերից: Մարտի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, հավանաբար, հերթական վճիռը կկայացնի Հովհաննիսյանի դեմ՝ «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրեն Սենիկ Ջուլհակյանի հերթական հայցադիմումի հիման վրա, որտեղ պատվի եւ արժանապատվության հարց է բարձրացվում: Կողմերի «տարածքային վեճն» արդեն սերիալի տպավորություն է թողնում: Նախկին դատական հայցերը Ջուլհակյանը շահել է, եւ դատարանը որոշել է, որ Հովհաննիսյանը նրան պետք է վճարի 3 միլիոն դրամ, եւ այդ հիմքով կալանք է դրվել նրա բնակարանի վրա: Իսկ վերջին հայցադիմումը Ս. Ջուլհակյանը ներկայացրել է մեր թերթի 2014 թ. դեկտեմբերի 10-ի համարում Հմայակ Հովհաննիսյանի տպագրած բաց նամակի՝ «Սենիկ Ջուլհակյանն իշխանություններից ստացել է Քաղաքագետների միության տարածքը խլելու «դաբրոն»» ձևակերպման առիթով:



Նամակն ուղղված էր Սերժ Սարգսյանին: Որպես երրորդ անձ, դատական գործում ներգրավված է նաեւ «Հրապարակ» օրաթերթը, չնայած բաց նամակն արտատպվել է գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Ըստ հայցվորի, քաղաքագետն իրեն վիրավորել է՝ գրելով. «…Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Սենիկ Ջուլհակյանը, դառնալով իշխող ուժի ձեռքում իմ եւ Քաղաքագետների միության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիք, իշխանություններից ստացել է իմ սեփականությունը՝ Քաղաքագետների միության տարածքը որպես ավար խլելու «դաբրո»»: Հայցով Ջուլհակյանը պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել իրենից՝ այն տպագրելով «Հրապարակ» թերթում:



Անցած շաբաթ դատական հերթական նիստն է կայացել, որին մասնակցել է նաեւ Հմայակ Հովհաննիսյանի թիմակից, «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնողներից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Նա դատարանին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. մայիսին ընդունած որոշումը՝ Հմայակ Հովհաննիսյանի քաղաքացիական իրավունքների հերթական խախտման մասին, որտեղ ՄԻՊ-ն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին Սենիկ Ջուլհակյանի դեմ հարուցել քրեական գործ՝ Հովհաննիսյանին պատկանող գույքին ապօրինաբար վնաս պատճառելու համար: Հովհաննիսյանը դատարանին է ներկայացրել նաեւ ՄԻՊ-ի եզրակացությունը, ըստ որի՝ Գլխավոր դատախազությունը խախտել է Հմայակ Հովհաննիսյանի իրավունքը. «Գլխավոր դատախազության թերի եւ ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը զրկվել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից»:



Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, հայցն ըստ էության քաղաքական է, այն Սերժ Սարգսյանի պատասխանն էր ընդդիմադիր գործիչ Հմայակ Հովհաննիսյանի բաց նամակին, իսկ դատավարությունն ընթացել է խախտումներով, մասնավորապես, հայցադիմումը չի տրվել պատասխանողին, ինչը հուշում է, որ վճիռը բավարարվելու է. «Սերժ Սարգսյանի գրասենյակն օրենքով սահմանված կարգով ոչ թե գրությամբ պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանի նամակին, այլ դրա փոխարեն հարուցվեցին հայցեր՝ պահանջելով, որ հերքվեն կարեւոր բովանդակությամբ նյութերը։ Հասկանալի է, որ դա հենց այնպես չի արվում, դրանով Սերժ Սարգսյանն աշխարհին ուզում է ցույց տալ, որ ընդդիմադիր գործիչ Հմայակ Հովհաննիսյանը հանցագործ, սուտասան մարդ է, վնասներ է պատճառում մարդկանց»: Քաղաքագետի կարծիքով, այս գործը ցցուն ապացույց է իշխանությունից դատարանների կախվածության, եւ, ըստ էության, հերթական վճիռը մեկ անգամ եւս ի ցույց կդնի, թե ինչպես է իշխանությունը դատական համակարգը ծառայեցնում իր քաղաքական հակառակորդների դեմ:



Մի ուշագրավ փաստ եւս. քաղաքագետ Ղուկասյանի դիտարկմամբ՝ «Հայհիդրոէներգոնախագիծ» շենքի ճակատին շարունակում է փակցված մնալ Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի պաստառը՝ հանձնաժողովը գործում է այս շենքում, ինչը վկայում է այն մասին, որ «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրենը սերտ կապ ունի նախագահականի հետ: Ի դեպ, Հովհաննիսյանի դեմ ներկայացված հայցում նաեւ 300 հազարի դրամական պահանջ է ներկայացվել՝ փաստաբանական ծախսերը փոխհատուցելու համար: