«Քաղաքացիական պայմանագրի» ակտիվը մեկ ամսով կբնակվի Հրազդանում

«Քաղաքացիական պայմանագրի» ակտիվը մեկ ամսով կբնակվի Հրազդանում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի թիմը լրջորեն պատրաստվում է Հրազդանի քաղաքապետի ապրիլի 17-ի ընտրություններին։ Ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբում այս օրերին արդեն աննախադեպ եռուզեռ է, քննարկում են թեկնածուի մարտավարությունը, քարոզչության ձեւերն ու ընտրությունների հետ կապված մյուս հարցերը։ Քանի՞ մարդ է աշխատում Ձեր կենտրոնական շտաբում, հարցրինք Սասուն Միքայելյանին։ «Հրազդանի ամբողջ հասարակությունը»,- երեկ աննախադեպ բարձր տրամադրությամբ պատասխանեց Միքայելյանը։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում Երեւանից Հրազդան կտեղափոխվի կուսակցության ակտիվը եւ մոտ մեկ ամիս, մինչեւ ընտրությունները, կմնա Հրազդանում։



«Ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է այստեղ տեղափոխվելու, այլեւ ամբողջ Հայաստանը»,- չհերքեց Սասուն Միքայելյանը։ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն էլ մեկ օր առաջ հանդիպել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ եւ քննարկել ընտրություններն օրինականության շրջանակներում անցկացնելու հարցը: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Հրազդանում հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ: Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օրենքի պահպանության եւ օրինականության ապահովման հետ կապված հարցեր: Մարզպետը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի նշված խնդիրը լուծելու համար: Նույնը վստահեցրեցի ես՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ եւ ԱԺ պատգամավոր»: «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է կենաց-մահու կռիվ տալ, որպեսզի Հրազդանը «ժպտա», ինչպես խոստանում է թեկնածուն՝ «Որ ժպտաս, Հրազդան» նախընտրական կարգախոսով ու լայն ժպտացող դիմանկար-պաստառով։ 



Սասուն Միքայելյանն ուզում է փոխել Հրազդանի տրամադրությունը, որը շատ երկար ժամանակ անկումային է, տխուր։ «Ես պարզ եմ ասում՝ ես գալիս եմ դարպասները բացեմ, ժողովրդին տամ ազատություն, որ հասկանա, թե ինչ ա քաղաքապետարան, ինչ ա քաղաքապետ, ավագանի, որ մարդն իրա ձայնի իրավունքն ունենա։ Ես ընտրվում եմ, որ ծառայեմ նրանց, ես չեմ եկել իրանց ծառայեցնելու»,- խոստանում է Միքայելյանը, որը մեկ անգամ՝ 1996-1999 թթ., եղել է Հրազդանի քաղաքապետ։ 2012 թվականին Միքայելյանը դարձյալ մտավ քաղաքապետի համար մղվող ընտրապայքարի մեջ։ Այն ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատարին աջակցում էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ Այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը խոստանում է անգամ կյանքի գնով պահել ժողովրդի քվեն. «Ես խոստանում եմ՝ իմ կյանքի գնով էլ լինի, տեր կանգնել ժողովրդի քվեին»։ Անցած շաբաթ իր թեկնածությունն առաջադրելու մասին ազդարարող հավաքի ժամանակ Միքայելյանը բացատրել է, որ 2012 թվականի ընտրությունները կեղծվել են ոչ թե քվեատուփերում, այլ դրսում, վախի մթնոլորտի արդյունքում: «Երեւի, բացի մի երկու տնից, մնացած բոլորին ասել են՝ Սասուն Միքայելյանին չընտրեք»։



Միքայելյանի թիմը պատրաստվում է շենքից շենք, բակից բակ անցնել ու թոթափել վախի մթնոլորտը՝ առանց մրցակիցների օգտին հակաքարոզչություն անելու։
ՀԳ. Թեկնածությունների առաջադրումների ժամկետի մեկնարկը մարտի 13-ն է, այս պահի դրությամբ առաջադրվելու մասին հայտարարել է 14 տարվա գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, ինչպես նաեւ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը։