Քաղաքական պրոցեսները ակտիվ լինելու հնարավորություն չեն տալիս. Հովհաննես Հովհաննիսյան

Քաղաքական պրոցեսները ակտիվ լինելու հնարավորություն չեն տալիս. Հովհաննես Հովհաննիսյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։



-Պարոն Հովհաննիսյան, 2012թ. Ձեր ղեկավարած Լիբերալ կուսակցությունը դուրս եկավ «Հայ ազգային կոնգրես» դաշինքից, դաշինքը թուլացավ, հետագայում ստեղծվեց նույնանուն կուսակցություն, բայց այսօր Լիբերալ կուսակցության գործունեությունն էլ տեսանելի չէ քաղաքական-հասարակական կյանքում։



-Միայն մենք չենք դուրս եկել ՀԱԿ-ից, այլ կուսակցություններ էլ են դուրս եկել։ Դա մեր քաղաքական որոշումն էր, կայացրեցինք որոշում եւ դուրս եկանք «Հայ ազգային կոնգրես» դաշինքից։ Մենք որոշեցինք, որ ՀԱԿ-ը նախընտրական դաշինք էր, եւ դուրս եկանք դաշինքից ընտրություններից հետո։ Մի շատ պարզ պատճառ կար, որ դաշինքները ստեղծվում են ոչ գաղափարական հենքի վրա։ Մենք հիմա քաղաքական դաշտում շատ ակտիվ չենք, եւ դա ունի իր հիմնավոր պատճառները։ Այն քաղաքական պրոցեսները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, հնարավորություն չեն տալիս մեզ ակտիվ լինելու։ Առջեւում ԱԺ ընտրություններ են, եւ կուսակցությունն էլ իր չափով կմասնակցի քաղաքական պրոցեսներին։



-Պարոն Հովհաննիսյան, պարբերաբար շրջանառվում են խոսակցություններ, որ 2017թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ կարող են միավորվել արեւմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը։ Հնարավոր համարու՞մ եք նրանց հետ միավորումը կամ դաշինք կազմելը։



-Դուք գիտեք, որ մեր կուսակցությունն այն առաջիններից էր, որ դավանում է արեւմտյան արժեքներ եւ Հայաստանը տեսնում է արեւմտյան երկրների շարքում։ Մեր դիրքորոշումը չի փոխվել այդ հարցում եւ շարունակում ենք մնալ որպես արեւմտյան արժեքների կրող։
Իսկ դաշինք կազմելը կապված է երկարատեւ բանակցությունների, քննարկումների հետ։ Մենք երբ գործում էինք «Հայ ազգային կոնգրես» դաշինքում, տեսել ենք, թե դաշինքներն ինչպես են կազմվում։ Այդ առումով մենք այսօր շատ զգույշ ենք, որպեսզի նման իրավիճակներում նորից չհայտնվենք։ Այդ ամենը պետք է լինի հանդիպումների, շփումների, ընդհանուր տեսլականի արդյունքում։



-Իսկ ո՞ր ուժերի հետ եք հանդիպումներ ունենում։



-Առայժմ մենք ոչ մեկի հետ դեռ չենք հանդիպում։ Բայց ժամանակն է, որ լինեն այդ հանդիպումները։



-Դուք 1999-2003 թ.թ. եղել եք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը։ Այսօր երբ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունվում են ադրբեջանական կողմին պաշտպանող բանաձեւեր եւ որոշումներ, ամեն ինչ «ջարդվում» է ԵԽԽՎ հայկական պատվիրակության գլխին, նրան են քարկոծում, որ վատ է աշխատել։ Իսկապե՞ս միայն մեր պատվիրակությունն է մեղավոր, թե՞ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն ու արտերկրում գործող ՀՀ դեսպանատներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։



-Արտաքին քաղաքականությունն Եվրոպայի խորհրդում աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման արդյունք է։ Ամեն ինչ թողնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության վրա եւ ասել, թե պատվիրակությունն է վատ աշխատել, դրա համար խնդիրներ ունեցանք, սխալ կլինի։ Ամեն դեպքում աշխարհաքաղաքական գործընթացները, արտաքին քաղաքական որոշումները, որոնք ընդունում է Հայաստանը, այդ ամենը թողնում են իրենց ազդեցությունը։ Ես չէի ասի, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է վատ կամ շատ վատ աշխատում, որ այնտեղ մենք խնդիրներ ենք ունենում։ Դա համախումբ պատկեր է, որն իր ազդեցությունն է թողնում եվրոպական քաղաքականության վրա։



Թագուհի Հակոբյան