Բոլոր խնդիրները հարթելի-հաղթահարելի են

Բոլոր խնդիրները հարթելի-հաղթահարելի են

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս գնահատեցիք Ձեր կուսակցական, գեղեցկուհի-նախարար Արփինե Հովհաննիսյանի` «վա՜յ, մամա ջան» արտահայտությունը՝ արված տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատելու օրինագիծը ներկայացնելու ժամանակ: «Դա ինքնաբուխ հոգու արտահայտություն էր»: Նորմա՞լ էր` ըստ Ձեզ, կարո՞ղ են մյուս նախարարները եւս այդքան «ինքնաբուխ» լինել, թե՞ մենակ սիրուններին է դա թույլատրվում: «Ընդհանուր առմամբ, մեր նախարարները տարբեր ձեւերով են արտահայտում իրենց ինքնաբուխ լինելը, ինձ թվում է` Արփինե Հովհաննիսյանն այդ հոգոցով ամեն ինչ ասաց»: Բայց դե, մյուս կողմից, հո հնարավոր չէ՞, առանց այն էլ «վայ, մամա ջան» պառլամենտում բոլորն «ամեն ինչ ասեն». չե՞ք քննարկել այդ խնդիրը ֆրակցիայում: «Ոչ, չենք քննարկել. Արփինե Հովհաննիսյանն անվերջ հնչող անիմաստ հարցերին կարող էր շատ վիրավորական հակադարձել, նա պարզապես մի շա՜տ հետաքրքիր ռեպլիկով` «վայ, մամա ջան»-ով ավարտեց այդ ամենը»: Հա, էլի, օրինակ` էն Շուշան Պետրոսյանը: Այնուհանդերձ, բա որ վաղն էլ վիրավորական հակադարձի, ի՞նչ եք անելու: «Այդ ժամանակ չգիտեմ, բայց հիմա ոնց որ ե՛ս եմ ուզում Ձեր հարցերից հոգոց հանել»: Այ պարոն Բաղդասարյան, ախր ՀՀԿ խմբակցությունում կամ «քրֆում» են, կամ սպառնում, կամ հոգոց քաշում. մի տեսակ նյարդային են ՀՀԿ-ում, ինչո՞ւ: «Նյարդային չեն, հանգիստ եղեք, մեծ խմբակցություն է, տարբեր խնդիրներ կարող են լինել, տարբեր երեւույթներ կարող են լինել, բոլորն էլ հարթելի-հաղթահարելի են»: