Մեծ հորս խոսք տվեցի՝ մի օր գնալու եմ Մարաշ

Մեծ հորս խոսք տվեցի՝ մի օր գնալու եմ Մարաշ

«Դատարկության հզորությունը» Բրազիլիայում ծնված, ազգությամբ հայ լուսանկարիչ Նորայր Շահինյանի Թուրքիայում՝ Արեւմտյան Հայաստանում արված լուսանկարչական ցուցահանդեսի անվանումն է, որը կգործի ՆՓԱԿ-ում՝ մինչեւ մարտի 26-ը։ 



«Ինձ այդ դատարկությունը կհետաքրքրեր, ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ չկան, եկեղեցիները դատարկ են՝ էլ պատարագ չկա, դպրոցներում երեխաներ չկան, ամեն ինչ դատարկ է։ Սրանք փաստերն են, որ եղել են այդ հողերի վրա ու կան դեռ, դրանք դատարկ տեղեր չեն, մարդիկ կան, կյանք կա, ու մի ձեւով հայությունը շարունակում է ապրել»,- ասում է լուսանկարիչն ու պատմում, որ իր տատերն ու պապերը, 1915-ին կորցնելով իրենց ընտանիքները, ապաստան են գտել Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղից գաղթել են Հարավային Ամերիկա, Բրազիլիա, հիմա ինքը 4-րդ սերունդն է։ «Մենք Բրազիլիա ծնվեցինք, բայց այս պատմություններով մեծացանք, փոքր տարիքից արդեն ցեղասպանությունը մեզ համար նորմալ խոսակցություն էր։ Մեծ հայրս լուսանկարիչ էր, ինքը լավ էր հիշում ոնց Մարաշից փախավ, եւ այդ փախուստի մասին պատմությունն իմ մանկության մասը կազմեց։ Ես իրեն խոսք տվեցի՝ երբ մեծանամ, մի օր գնալու եմ Մարաշ, խոսեմ թուրքերի հետ եւ նկարեմ իր քաղաքը։ Անշուշտ, ժամանակ անցավ, մինչեւ 2012-ին որոշեցի առաջին անգամ գնալ Թուրքիա, մեկուկես տարի Թուրքիայում ապրեցի եւ գնացի ոչ միայն ընտանիքիս ծննդավայրի հեքիաթների, այլ մեր ամբողջ ազգի հեքիաթների հետեւից։ Կարողացա բոլոր կարեւոր քաղաքները ճանաչել՝ եկեղեցիներ, դպրոցներ, տներ եւ հատկապես մարդիկ, ովքեր դեռ հայությունը կպահեն, կապրեն ու կպաշտպանեն մեր ազգը»։ Նորայր Շահինյանը կարծում է, որ հայության հարցը Թուրքիայում դյուրին հարցերից չէ, պետությունը չի ընդունում, բայց շատերը ոչ միայն գիտեն, այլեւ ներողություն կխնդրեն, կընդունեն կատարվածը։ Այնտեղ նա ձեռք է բերել լավ բարեկամներ։



Լուսանկարիչն այս նախագիծն իրականացնելու համար թուրքերեն է սովորել, իսկ Թուրքիայում հայերի հետ շփվելու ընթացքում նկատել է, որ մարդկանց մեջ դեռ վախ կա, բայց հույս էլ կա։ Շահինյանը լուսանկարել է կանանց 4 սերունդ՝ կողք կողքի, որոնք, մեծանալով քրդերի միջավայրում, կարողացել են պահել իրենց հայությունը, թեեւ այլեւս հայերեն չեն խոսում։



Դատարկության հզորությունը լուսանկարիչը ներկայացրել է նաեւ գրքի տեսքով, գրքի 2-րդ մասը կոչվում է՝ «Ծրագիրը չհաջողեցան». «Այն, որ ցեղասպանությունը պետական ծրագիր էր, որ ոչ մի հայ չպետք է ապրեր այդ հողերի վրա, այն առումով չհաջողվեց, որովհետեւ դեռ հայությունը կպահի։ Գրքի լուսանկարներում լիքը մարդ կա, լիքը կյանք»։ «Ես շատ հայերի եմ հանդիպել, գրքի վերջին բաժինը կկոչվի Մեծ հայրիկիս լուսանկարչական գործիքը։ Մեծ հայրս՝ Ավետիս Շահինյանը, երբ ինձ պատմություններ էր պատմում, ես որոշեցի մի օր իր ապարատով վերադառնալ Մարաշ, այսինքն՝ իր թոռան աչքերով ինքն էլ վերադարձավ Մարաշ, ու իր ապարատով կարողացա նկարել սասունցուն, քեսաբցուն, խարբերդցուն»։



Լուսանկարիչը պլանավորում է նաեւ Հայաստանում պրոյեկտներ անել. մի քանի գյուղ Թուրքիայի կողմից նկարել է, հիմա էլ ցանկանում է Հայաստանի կողմից նկարել։



Ցուցահանդեսին ներկա լուսանկարիչ Վահան Քոչարը նկատեց, որ Արեւմտյան Հայաստանում նման նախագծեր անելը շատ բարդ է եղել եւ այսուհետ ավելի բարդ է լինելու։