Եթե Վարդան Օսկանյանը կուսակցություն ձեւավորի, ես միայն կողջունեմ

Եթե Վարդան Օսկանյանը կուսակցություն ձեւավորի, ես միայն կողջունեմ

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ



- Պարոն Մարգարյան, նոր Ընտրական օրենսգիրքն արդեն հրապարակվել է, քաղաքական գործընթացներին եւ առաջիկա ընտրություններին մասնակցելու հավակնություններ ունեցող գործիչները մեկնաբանում են խնդրահարույց դրույթները, Դուք ծանոթացե՞լ եք փաստաթղթին, կներկայացնե՞ք Ձեր դիտարկումները։



- Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ Ընտրական օրենսգրքին, սակայն որքանով որ հասցրել եմ, դժգոհություններ ունեմ նախագծի վերաբերյալ։ Առաջին հերթին ռեյտինգային քվեարկության վերաբերյալ է, որն անհասկանալի է, թե ինչու չի լինելու մաքուր համամասնական ընտրություն, ինչը պահանջում է նոր ընդունված Սահմանադրությունը։ Հաջորդ դիտողությունն ընտրական մեխանիզմի վերաբերյալ է, որը Հայաստանում մշտապես խնդրահարույց է եղել։ Եթե ընտրական մեխանիզմը նորմալ է լինում, շատ-շատ հարցեր վերանում են։ Հիմա նոր օրենսգրքով առաջադրված մեխանիզմները չեն վերացնում այն կարեւորագույն խնդիրը, որի մասին մշտապես խոսվել է՝ ընտրությունների կեղծում։ Բանն այն է, որ նոր ԸՕ-ում չի ներառվել մի շատ կարեւոր դրույթ, որը կհաներ բազում կասկածներ. ես առիթ ունեցել եմ բազմաթիվ անգամներ այդ մասին խոսելու, խոսքը քվեարկության մտնելիս էլեկտրոնային մատնահետք վերցնելն է, որը յուրաքանչյուր անձի մոտ եզակի է ու չի կրկնվում։ Նույնիսկ եթե ունենաս այլ անուն-ազգանունով անձնագիր, միեւնույն է՝ այդ դեպքում չես կարող կրկնաքվեարկել, որովհետեւ մատնահետքի կրկնությունը կբացահայտի։ Իսկ մնացած մեխանիզմները, որ իբր գրանցվելու ժամանակ պիտի էկրանը կարմրի, կապտի եւ այլն, ես համարում եմ ոչ ամբողջական այդ հարցին պատասխանող եւ որոշ առումներով՝ նաեւ անիմաստ։ Օդակայաններում այդ մեխանիզմը կա եւ շատ ավելի արդյունավետ սարք է։ Տեղամասում էլ մեկ համակարգիչ է հարկավոր, մի քանի էլեկտրոնային մատնահետքեր վերցնելու համապատասխան սարքեր եւ մի ծրագիր, որը ճանաչում է մատնահետքը եւ բացառում բազմակի քվեարկությունը մեկ անձի կողմից:



- Ընդդիմադիրների կողմից ցուցակների հրապարակման պահանջը նույնպես չի ընդունվել, եւ իշխանությունը դա բացատրում է մարդու անձնական տվյալների իրավունքի խախտման տեսանկյունից, գուցե այս պարագայո՞ւմ էլ կա նման խնդիր։



- Բացարձակապես, ընդհակառակը, որովհետեւ դա հեշտացնում է, քանի որ անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ կարելի է ընդունել հիմք, որ դա այդ մարդն է, մինչդեռ մատնահետքի դեպքում դրա կրկնությունը բացառվում է։ Ու շատ-շատ հարցեր, որոնք հետընտրական պրոցեսներում արծարծվում են, թե ինչպիսի խախտումներ են եղել, ինչպիսի կեղծիքներ, այս մեխանիզմի կիրառման դեպքում կհանվեն։



- Նոր Ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացներին հնարավոր է մասնակցել բացառապես կուսակցության միջոցով: Դուք խորհրդարան մուտք գործեցիք ԲՀԿ ցուցակով, բայց ներկայումս խզված է Ձեր կապը ԲՀԿ-ի հետ, քաղաքական ծրագրեր, ցանկություն ունե՞ք ապագա գործընթացներին մասնակցելու եւ ո՞ր քաղաքական ուժի հետ եք պատկերացնում Ձեր ճանապարհը։



- Անշուշտ, մտադրություն կա մասնակցելու, բայց թե ինչպես, այս պահին չեմ կարող ասել։



- Տեւական ժամանակ է՝ համառ լուրեր կան, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, որտեղ ներկայացված կլինեն ԲՀԿ-ի հետ հարաբերությունները սառեցրած անձինք, այդ թվում՝ Դուք։



- Ես արդեն մի անգամ առիթ ունեցել եմ պատասխանելու՝ եթե Վարդան Օսկանյանը կուսակցություն ձեւավորի, ես միայն կողջունեմ։



- Իսկ Դուք չե՞ք մասնակցում այդ աշխատանքներին, տեղյակ չե՞ք Օսկանյանի պլաններից՝ կլինի՞, թե՞ ոչ այդ կուսակցությունը։



- Ես, ճիշտն ասած, կուզենայի խոսեինք այն բանի մասին, ինչը հիմա կա, հայտարարվել է, եթե չկա, չի հայտարարվել, չեմ ցանկանում խոսել։



- Վարդան Օսկանյանն օրերս ֆեյսբուքյան էջում ԸՕ-ի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացնելիս բառացիորեն ասել է, որ ակտիվ ներգրավվելու են ընտրական գործընթացներին, ավելին՝ համախմբման կոչ է արել։ Ի՞նչ է սա նշանակում։



- Այո, ես ծանոթ եմ իր գրառմանը եւ միայն կարող եմ ասել, որ ընտրությունների հետ կապված՝ շատ ավելի կարեւոր է միասնական համակարգ ձեւավորելը եւ քաղաքական դաշտում, եւ հասարակության մեջ։ Մնացածն այն, ինչ որ օրենքը կպարտադրի, հենց այդպես էլ կգնա։



- Իսկ հնարավո՞ր է այլ ուժերի հետ համագործակցություն լինի, ո՞ր ուժերի հետ եք բացառում։



- Ես այդ մասին որեւէ բան ասել չեմ կարող։



- Նաեւ լուրեր կան, որ Օսկանյանի կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով չի ստեղծվի, փոխարենը կհամագործակցեք Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդի» հետ։



- Այդ խոսակցությունները ես, ճիշտն ասած, ձեզանից եմ լսում, բայց որեւէ բան չեմ կարող ասել, եթե չկա մի բան, ի՞նչ խոսել։



- Հավանական համարո՞ւմ եք նման համագործակցությունը։



- Ես չեմ սիրում ենթադրություններով խոսել, կգա ժամանակը, ամեն ինչ պարզ կդառնա։



- ԲՀԿ-ի հետ բոլոր կամուրջներն այրվա՞ծ են, թե՞ վերադարձի ճանապարհ կա։



- Կգա ժամանակ, ամեն ինչ պարզ կդառնա։