Ինչքան հանցագործ կա, տաքսի է քշում

Ինչքան հանցագործ կա, տաքսի է քշում

Շուրջ մեկ տարուց ավելի է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում 2014թ. դեկտեմբեր ամսին լրացումներ կատարելուց հետո ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացումն օրենքով համարվեց լիցենզավորման ենթակա գործունեություն: Ժողովրդական լեզվով ասած՝ այսուհետ «տաքսի քշելը» լիցենզավորված գործունեություն է: Հայտնի է, որ Հայաստանում տաքսիների միայն 20 տոկոսն է լիցենզավորված։ Դա են վկայում անհատ տաքսու վարորդների պաշտպանությամբ զբաղվող մի քանի հասարակական կազմակերպությունների ու միությունների հավաքները եւ մամլո ասուլիսները, որտեղ տաքսու վարորդների մեծ մասը դեմ է լիցենզավորմանը: Այն տաքսու վարորդները, որոնք արդեն լիցենզավորված են, ցանկանում են ապահովել հավասար մրցակցային դաշտ եւ պահանջում են, որ մյուսները եւս ձեռք բերեն լիցենզիաներ: Դրա հետ կապված՝ արդեն որոշ վարորդների նկատմամբ կիրառվել են տուգանքներ, օգտագործելով վարչարարության գործիքները: Որոշ տաքսու վարորդներ էլ նկատում են, որ իրենց գաղտնի նկարահանում են, գրանցում եւ հաշվառում: Բայց սրանով գործընթացը դեռ չի ավարտվելու, քանի որ կան ավելի կոպիտ միջոցներ, որոնք հարկային մարմինները նախապատրաստել են հարմար պահին կիրառելու համար:



Հարմար պահն այն է, որ երբ տաքսիների գոնե 50 տոկոսը վարչական ճնշումների ազդեցության տակ կլիցենզավորվի, մյուս՝ «ցուցարար» մասը կհրաժարվի դրանից: Բացի այդ, արդեն լիցենզավորված տաքսի ընկերություններն ավելի մեծ լծակներ ունեն՝ ազդելու հարկային մարմինների վրա, որպեսզի ստիպեն մյուսներին էլ բերել լիցենզավորման դաշտ, իսկ, ինչպես գիտենք, որպես կանոն, այդ «մյուս» մասը սոցիալապես անապահով, անթիկունք, միամիտ, աշխատասեր եւ հայրենասեր խավն է, որը կազմում է մեր ազգաբնակչության զգալի մասը: Հենց այս խավն է հանդիսանում իրավական տեսանկյունից անպաշտպան սուբյեկտ, որը միշտ թիրախ է հանդիսացել հարկային մարմինների համար, ուստի այս խավի համար է նախապատրաստված հետեւյալ ծուղակը: 



«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից: «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար լիցենզիայի պետտուրքը ֆիզիկական անձանց համար ամսական 12 հազար դրամ է, իսկ անհատ ձեռներեցների եւ կազմակերպությունների համար՝ 100 հազար դրամ: Փաստորեն, առանց լիցենզիայի այդպիսի գործունեության համար ֆիզիկական անձանց համար տուգանքը կկազմի 120 հազար դրամ, իսկ անհատ ձեռներեցների համար՝ 1 մլն.: Բայց քանի որ հարկերի մասին վերը նշված օրենքում ամրագրված է «ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից» հարկային ծուղակը, ուստի ֆիզիկական անձին տուգանելու են ոչ թե 120 հազար դրամով, այլ 500 հազար կամ ավելի: Առաջին հայացքից այդ խստացումն արված է, որպեսզի ավելի մեծ չափով հարկեր ներգրավվեն պետբյուջե, բայց քանի որ հարկային մարմինների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ այդ եկամուտները կազմում են պետական հարկային մուտքերի չնչին տոկոսը՝ 0,3 մասերով, ուստի բացառում ենք օրենքի այս հոդվածը համարել որպես հարկահավաքության անհրաժեշտ գործիք: Մնում է միայն մեկ բան՝ այս ձեւով ճնշել «ակտիվ մասսաներին» եւ այն դարձնել որպես զսպող նպատակ, դրա համար օգտագործելով քրեական գործիքները: Դա պարզելու համար ուսումնասիրենք ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որտեղ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Նույն հոդվածի 4-րդ մասով զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով գումարը: Այսինքն՝ եթե գումարը 500 հազար եւ ավելի է թեկուզ մեկ դրամով, ուստի առկա է հանցագործությունը, իսկ քանի որ այդ գումարն առկա է, եւ այն առաջանում է վերոնշյալ 26-րդ հոդվածի կիրառումից, ուստի անհատ ձեռներեցին առանց լիցենզիայի տաքսի վարելու համար ենթարկելու են քրեական պատասխանատվության: Հետեւաբար, նրանք համարվում են պոտենցիալ հանցագործներ:



Բնականաբար, այս հոդվածը կարդալով, որոշ տաքսու վարորդներ կսկսեն առանց անհատ ձեռնարկատեր ներկայանալու շարունակել իրենց գործունեությունը որպես ֆիզիկական անձ, բայց այս դեպքում եւս կա երկու ծուղակ, առաջին՝ եթե անձը թեկուզ տարիներ առաջ բացել է ԱՁ եւ այդ մասին մոռացել է կամ դրանով զուգահեռ իրականացնում է, օրինակ, առեւտուր, ապա տաքսի վարելու համար նրան դիտարկելու են ոչ թե, օրինակ, Պողոս Պողոսյան ֆիզիկական անձ, այլ ԱՁ Պողոս Պողոսյան «հանցագործ»: Երկրորդ ծուղակն ավելի դաժան է, քանի որ անձը կարող է մեղադրվել երկու արարքի մեջ: Օրինակ, եթե անձը լուծարում է ԱՁ-ն կամ ընդհանրապես երբեւէ չի գրանցվել հարկային մարմիններում որպես իրավաբանական անձ ԱՁ կամ ՍՊԸ եւ տաքսի մարդատար ավտոմեքենայով իրականացնում է գործունեություն, ապա նա համարվում է հանցագործ Քրեական օրենսգրքի նույն՝ 188-րդ հոդվածով, բայց այս անգամ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ առանց հարկային մարմիններում հաշվառվելու եւ գրանցվելու: Նման հանցակազմի համար բավական է նույնպես 500 հազար դրամ, որը հարկային մարմինն անհապաղ կառաջադրի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերության կիրառման արդյունքում, այն է՝ «Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով»: Այսինքն՝ եթե տաքսու վարորդն օրական ունի 12 հազար դրամ շրջանառություն, 3 ամսում՝ մոտ 1 մլն. 100 հազար, որի 50%-ը կազմում է 550 հազար դրամ, այս գումարը հարկային մարմինը հաշվարկում է որպես տուգանք՝ առանց դրանից հանելու վառելիքի, պահեստամասերի եւ այլ ծախսերը, հետո այն դնում է քրեական գործի հիմքում՝ որպես պատճառված վնաս: Ստացվում է, որ Հայաստանում տաքսու վարորդների 80 տոկոսը պոտենցիալ հանցագործներ են:



Փաստորեն, արդեն լիցենզավորված տաքսի կազմակերպությունների որոշ տնօրենների արտահայտություններն այն մասին որ, «ինչքան հանցագործ կա, տաքսի է քշում», երեւի իրենց միջամտությամբ եւ դրդմամբ, հարկային մարմինների օպերատիվ հետախուզական, հետաքննչական եւ քննչական մարմիններն արդեն պատրաստվում են իրականություն դարձնել:



Կառլեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Տնտեսագետ-իրավաբան