Ի դժբախտություն ինձ՝ գազալցակայան չունեմ․ Այվազյանը՝ Փաշինյանին

Ի դժբախտություն ինձ՝ գազալցակայան չունեմ․ Այվազյանը՝ Փաշինյանին

Այսօր խորհրդարանում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բենզինի գների վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վարդան Այվազյանին:



Փաշինյանը նախ զարմացավ, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում բենզինն էականորեն թանկ է, քան Վրաստանում, այն դեպքում, երբ Ռուսաստանից բենզին արտահանելիս Վրաստանը մաքսատուրքեր է վճարում, իսկ ՀՀ-ն այդ տուրքերից ազատված է: Բայց Հայաստանում հայտնվել է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը, որը մեկ տարում ստացել է 15 միլիարդ շահույթ:



«Ինչպե՞ս եք վերաբերվում այն վարկածին, որ կա այլ շահագրգռվածություն, քանի որ ԱԺ մի քանի պատգամավոր, կառավարության բազմաթիվ անդամներ և իշխանության ներկայացուցիչներ ունեն գազալցակայաններ: Այստեղ կա մի կողմնակի շահ՝ նրանց ձեռնտու չէ, որ բենզինի գինը ցածր լինի, որովհետև իրենց գազալցակայանները չեն աշխատի, և արդար քրտինքով վաստակած գումարները, որոնք ներդրվել են բիզնեսում, հօդս կցնդեն: Եվ, ի վերջո, ինձ հետաքրքիր է՝ անձամբ Դուք գազալցակայան ունե՞ք:



Վարդան Այվազյանն ասաց, որ ի դժբախտություն իրեն՝ գազալցակայան չունի: «Որտեղ Ձեր վարկածը, այնտեղ իմ վարկածը, ինչը թույլատրելի է Ձեզ, թույլատրելի է նաև ինձ: Ի դժբախտություն ինձ՝ չունեմ: Ես այդ բիզնեսում չկամ»:



Փաշինյանն էլ, արձագանքելով Վարդան Այվազյանին՝ ասաց. «Պարզվում է՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը պետք է բիզնեսում լինի, որ նոր հարցին տիրապետի: Կարելի՞ է ենթադրել, որ այն հարցերի մասին, որ համոզված խոսում եք, այդ ոլորտներում ունեք բիզնես: Ախր դուք տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահն եք, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն եք, ասում եք՝ այդ հարցերի պատասխանը չգիտեք, ձեզ էլ պարզ չի, բա մենք էլ գիտենք՝ դուք իշխանություններդ գիտեք, պարզապես մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի: Պարզվում է՝ դուք էլ չգիտեք, փաստորեն, էս երկրում ոչ ոք ոչ մի բանից խաբար չի: Շաբոյանը համարյա չգիտի, Դուք էլ ընդհանրապես չգիտեք, բա ու՞մ դիմենք»:
Այվազյանն էլ հեգնեց, թե «ասենք-չասենք՝ դուք գիտեք, Ձեր հավաստի աղբյուրներից գիտեք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ