Հին, մաֆիոզ սխեմայի լեգալացում

Հին, մաֆիոզ սխեմայի լեգալացում

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց դրույթներից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը, որի դեմ առարկություններ ունեն ընդդիմադիր մի շարք ուժերի ներկայացուցիչներ՝ ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստանը», նույնիսկ՝ ԲՀԿ-ն։ Ինչպես գիտեք, ըստ նախագծի, խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Հայաստանը բաժանվելու է 13 ընտրատարածքի` յուրաքանչյուր մարզ 1 տարածք, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերը դիտարկվելու են համատեղ, իսկ Երեւանը բաժանվելու է 4 տարածքների։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք առաջադրելու է 2 ցուցակ՝ մեկ համապետական համամասնական եւ 13 տարածքային: Կուսակցության ստացած մանդատները բաշխվելու են 50/50 համամասնությամբ, կեսը կազմելու են կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուները, մյուս կեսն անցնելու է ընդհանուր ցուցակից։ Քվեաթերթիկի մի երեսին նշված կլինեն կուսակցությունների անվանումները՝ համամասնական ցուցակի առաջին երեք անուններով, մյուս երեսին՝ տարածքային ցուցակներում ընդգրկվածների անունները: Ընտրողը նախ պետք է քվեարկի կուսակցության օգտին, ապա, շրջելով քվեաթերթիկը, նշում կատարի որեւէ անձի օգտին՝ նույն կուսակցությունից։ Սա նաեւ ռեյտինգային քվեարկություն է անվանվում: 



Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ նախօրեին ունեցած հանդիպման ընթացքում մի շարք ընդդիմադիր գործիչներ, ի թիվս այլ հարցերի, նաեւ այս հիբրիդ ընտրակարգի վերաբերյալ են մտահոգություն ներկայացրել։ «Այդ նորությունն ըստ էության հին, մաֆիոզ սխեմայի լեգալացման խնդիր է հետապնդում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Տարածքային ցուցակով մեծամասնականի խանիկներն ու օլիգարխներն են անցնում, իսկ համամասնականով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Իրենց միջեւ գոյություն ունի սիմբիոզ, այսինքն, երբ երկու կենդանի իրար օգնում են՝ ինչ-որ չափով լուծել իրար խնդիրները, կոչվում է սիմբիոզ»։ Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունը հասկանում է, որ իրեն ձայն տվող չկա, հետեւաբար, պահպանում են ըստ էության մեծամասնականի սխեման. «Եթե տարածքային ցուցակից որեւէ մեկն ասում է՝ Հանրապետականին ատում եք, լավ եք անում, բայց ոչինչ, ինձ համար քվեարկեք նրա օգտին, իսկ եթե ընտրողը կախվածության մեջ է լինում այդ մարդուց, բնական է՝ կքվեարկի։ Իսկ դա կարող են անել եւ օլիգարխները, եւ քրեական հեղինակությունները, եւ տարբեր պետական պաշտոնում գտնվող մարդիկ, որի արդյունքում, ըստ էության, պետական ռեսուրսի վատնում կլինի»։



ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հակադարձում է՝ տարածքային ցուցակներով քվեարկությունը «շատ ճիշտ է»։ «Ավելին՝ 50/50 համամասնությունը պետք է փոխվի, եւ ավելի շատ տեղեր հատկացվեն տարածքային ցուցակներում ընդգրկվածներին»,- կարծում է նա։ Հակառակ պարագայում, ըստ ՀՀԿ-ականի, ապագայում կունենանք «մայրաքաղաքային խորհրդարան»։ «Առանց տարածքային ցուցակների կորչելու է ընտրողի ու քաղաքական ուժի միջեւ կապը, որը համամասնական ընտրակարգի ամենամեծ թերությունն է»,- ասում է Ավետիսյանը՝ մանրամասնելով. «Քարոզարշավի ժամանակ բոլորը լցվում են մարզերով, խոստանում լուծել խնդիրները, բայց ընտրություններից հետո մոռանում են մարզերը։ Իսկ այսպես կպահպանվի կապն ընտրողի հետ»։ Մեր դիտարկմանը, որ, փաստորեն, իշխանությունը չի հրաժարվում մեծամասնականից, եւ այն ընդամենը որոշ փոփոխության է ենթարկվել, ՀՀԿ-ականը չհամաձայնեց. «Ոչ, որովհետեւ փոքր տեղամասեր չեն լինելու, եւ թեկնածուներն աշխատելու են ողջ ընտրատարածքի համատեքստում»։ Ավետիսյանը ծնունդով գյումրեցի է, բայց 2012-ին խորհրդարան է անցել համամասնական ցուցակով։ Փաստորեն, Դուք խզե՞լ եք կապը գյումրեցիների հետ։ «Ես ուղիղ կապ ունեմ Գյումրիի հետ, որովհետեւ այնտեղ եմ բնակվում, ունեմ իմ գրասենյակը, ղեկավարում եմ կուսակցական կառույց եւ զբաղվում եմ խնդիրներով»։ Այդ դեպքում ինչո՞ւ եք մեջտեղ բերում տարածքային ցուցակի թեկնածուների ու ընտրողների կապը։ Ասաց. «Քաղաքագիտական գրականությունն է այդպես ասում»։ ՀՀԿ-ն շանս ունի՞ առանց տարածքային ցուցակների, որտեղ թաղային հեղինակություններ, գործարարներ ու օլիգարխներ են լինելու, հաղթել ընտրություններում։ «Միեւնույն է՝ ՀՀԿ-ն էլի իր որոշակի ընտրազանգվածն ունի հաջորդ ընտրություններում մեծամասնություն կազմելու համար»։



Զուրաբյանը, մեղմ ասած, չի հավատում, թե ՀՀԿ-ի «դարդ ու ցավը» ժողովուրդն է, ընտրողը եւ նրա հետ կապը պահելու մտահոգությունը։ «Նման պրակտիկա կիրառվում է հիմնականում դաշնային պետություններում, օրինակ՝ Գերմանիայում, որը ֆեդերալ պետություն է ու կազմված է մի քանի փոքր պետություններից՝ հողերից, եւ բնական է, որ բոլոր տեղերից պետք է թեկնածուներ ներկայացված լինեն։ Մինչդեռ Հայաստանը փոքր պետություն է եւ նման ընտրակարգի կարիք չունի, ու շատ հանգիստ կարելի է նման հեղինակություն ունեցող մարդկանց տեղավորել համամասնական ցուցակում»,- ասաց Զուրաբյանը։