Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը:



«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձևավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով ևս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը», - ընդգծել է քաղաքապետը:



Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել հետևողական այն քաղաքականության համար, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում Երևանն ունեցավ շախմատային ձեռքբերումներ:



«Մեծածավալ այն աշխատանքը, որ կատարվեց Երևանում Ձեր անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, իսկապես մեծ ձեռքբերում էր շախմատի զարգացման համար, պարոն քաղաքապետ: Շախմատն այսօր Երևանում դարձել է ապրելակերպի մաս, ինչը Ձեզ հաջողվեց իրագործել շատ կարճ ժամանակահատվածում: Եվ, որ ամենակարևորն է, շախմատի դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում մայրաքաղաքում երեխաների համար ոչ միայն անվճար սովորելու հնարավորություն ստեղծվեց, այլ նաև մեր մարզիչների համար աշխատատեղերի խնդիր լուծվեց», - նշել է Սմբատ Լպուտյանը:



Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս նիստի մասնակիցների կողմից արժանացել են հավանության:



Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: