Մեր երկրի օլիգարխները իրենց վրա պետք է վերցնեն կրակը. Կոռնիձորի Արո

Մեր երկրի օլիգարխները իրենց վրա պետք է վերցնեն կրակը. Կոռնիձորի Արո

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքերով՝ թշնամին առաջնային հարվածը հասցնում է հետնագիծ, որպեսզի ժողովրդի մեջ խուճապ առաջացնի:



«Թիկունքը խփում են խուճապ առաջացնելու համար, այդպես էլ պետք է լինի, պայթուն եթե եղավ, ալիքը բարձրանում է, դա ռազմավարության երևույթներից մեկն է, որպեսզի քաղաքացիներ-ժողովուրդ-զինվոր շղթան աշխատի, խուճապային առումով».-նշում է ազատամարտիկն ու կոչ անում խուճապի չմատնվել:



Արա Խուդավերդյանը համարում է, որ Ադրբեջանի այս գործողությունները մեր բացթողումների արդյունքն է. «Ես դա վաղուց եմ ասել՝ պետք է պետական, պատկան մարմիններն ավելի օպերատիվ եղանակներով իրենց գործունեությունն անեին և հարձակումների, դիվերսիոն գործողությունների ժամանակ ավելին անեին, որպեսզի Ադրբեջանն ատամ ցույց չտար: Հիմա ինձ թվում է ևս ատամ է ցույց տալիս, նորից որտեղ որ թույլ տեղ տեսնի, այդ թույլ տեղով մտնի: Բայց չմոռանանք համաշխարհային քաղաքական-ռազմական ինտրիգների դրույթները, որը որ ամեն կերպ ուզում են տեղափոխել մեր մոտ, գերտերությունների մասին է խոսքս»:



Ազատամարտիկը համարում է, որ հայկական բանակը պատրաստ է այդ գործողություններին, բայցև համարում է, որ այս պարագայում մեր երկրի օլիգարխները իրենց վրա պետք է վերցնեն կրակը. «Սննկացրեցին ժողովրդին, ժողովրդին հասցրեցին նվաստի կարգավիճակում, նրանց բոլորին պետք է ուղարկել, հարմար պահ է: Իրենց վարած քաղաքականության արդյունքն եմ ես տեսնում, նաև իրենց բիզնեսների վարման քաղաքականության արդյունքն է սա»:



Նշենք, որ ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ռազմական գործողություններ է իրականացրել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ հայկական ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ. «Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում` նաև ուղղաթիռի»: