ՀՀԿ դպրոցի, մի քիչ էլ ուսումնատոչոր հայության մասին

ՀՀԿ դպրոցի, մի քիչ էլ ուսումնատոչոր հայության մասին

Շատ խոսվեց ՀՀԿ դպրոցի մասին: Տարբեր կերպ խոսեցին մարդիկ. ոմանք կատակեցին, ոմանք պարսավեցին, ոմանք փորձեցին ՀՀԿ-ի հեռահար նպատակները տեսնել այդ գործում, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ականներին, ապա նրանք չկարողացան հոդաբաշխ խոսքով բացատրել, թե իրենց ինչին է պետք այն: Չկարողացա՞ն, թե՞ չցանկացան բացել խաղաքարտերը, արդեն էական չէ: Այս թեմայով ինտրիգը կուսակցության շուրջ կարելի է կայացած համարել, մանավանդ որ ՀՀԿ-ն այս քայլով, ինչպես Աշոտյանն ու մյուսներն են պնդում, ընդօրինակում է աշխարհի առաջատար կուսակցությունների փորձը:



Քանի որ ՀՀԿ-ականները մի աննկարագրելի հուզմունքով են արձագանքում իրենց դեռ նոր ստեղծելիք դպրոցի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, կփորձենք ստորեւ մի քանի նկատառումներ փոխանցել նրանց, որպեսզի, ով գիտե, գուցե հետագայում պետք գան, եթե, իհարկե, որոշել են լրջորեն զբաղվել այս գործով:
Առաջին` լավ կլինի, որ ՀՀԿ-ականները մոռանան այն մասին, որ իրենք այս գործի նախակարապետն են հայ իրականության մեջ: Այնպես, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության դպրոցի պատմությունն ուսումնասիրելուն զուգահեռ նաեւ մի հայացք ձգեին գործընկեր Դաշնակցության պատմությանը: Կարծում եմ` ՀՅԴ-ն չի զլանա համապատասխան նյութերով ու մեթոդաբանական խորհրդատվություններով օգնել կուսակցական քաղաքակրթության ռելսերին կանգնել ցանկացող ՀՀԿ-ին: Ու նաեւ մի խնդրանք` թույլ մի տվեք առանձին ՀՀԿ-ականների, մանավանդ մանկավարժ կանանց, աջուձախ հարցազրույցներ տալ ապագա կուսակցական դպրոցի հետ կապված իրենց պատկերացումների մասին: Նրանք պարզապես զավեշտի են վերածում այս ամենը, քանզի այդ դպրոցը պատկերացնում են որպես մի վայր, ուր կազմակերպված ձեւով բերելու են մարդկանց եւ դասավանդեն: Զանգեր ու դասամիջոցներ էլ չե՞ն լինելու:



Մեր մյուս նկատառումը կապված է ՀՀԿ-ի բարձրացրած անասելի աղմուկի հետ, որով այդ կուսակցությունն ավետում է դպրոց հիմնելու իր որոշումը: Դա, ըստ էության, ներկուսակցական հարց է, որ պետք է արծարծվեր կուսակցության ներսում, այլ ոչ թե դառնար համապետական քննարկման առարկա: Այսպիսի աղմուկով, սովորաբար, իրազեկում են հերթական մոլի կամ զարմանահրաշ ռեստորանի բացումը: Եվ հիմա այն տպավորությունն է ստեղծվում, որ ՀՀԿ դպրոցի նպատակը ոչ այնքան սեփական շարքերում քաղաքական գիտելիքների մակարդակի բարձրացումն է, որոշների պարագայում` լիկբեզը, որքան մարդաքանակ ապահովելը, հոգեորսությունը` անկուսակցական ունկնդիրների հանրապետականացման տեսքով: Մենք հո ականատես եղել ենք, թե ինչպես էր Տիգրան Սարգսյանը բիրիքով պարտտոմսեր հանձնում զանազան ուսումնական հաստատությունների «գիտամանկավարժական» կոլեկտիվներին ու դրանով «բարձրացնում» ՀՀԿ ներուժը: Հանկարծ չստացվի այնպես, որ այդ խայտառակությունը հանեն դպրոցներից ու բերեն ՀՀԿ-ի դպրոց, վաղն էլ տելեներով ցույց տան, թե այսքան ու այսքան ունկնդիրներ դարձան ՀՀԿ-ական:



Եվ էլի մեկ նկատառում, որ պակաս կարեւոր չէ: Հայտնի է, որ ուսուցումն այդ դպրոցում անվճար է լինելու: Մյուս կողմից էլ` դպրոց պահելը չի կարող կապված չլինել ծախսերի հետ, որոնք ամենեւին էլ փոքր չեն: Կարծում ենք` տրամաբանական հարց ենք տալիս` ովքե՞ր են հոգալու ՀՀԿ դպրոցի ծախսերը: Միայն չասեք` ՀՀԿ-ական օլիգարխները կամ էլ շարքային ՀՀԿ-ականները` իրենց անդամավճարներով: Երբ որեւէ կուսակցություն տվյալ երկրում տիրապետում է բոլոր ռեսուրսներին, այնքան էլ հավատալու չէ, որ այդ կուսակցությունը շենք կվարձակալի կառավարությունից, որ իր սեփական միջոցներով կկահավորի այն, կվճարի դասախոսների եւ հաստիքային աղջիկների աշխատավարձերը, հոսանքի փող կտա եւ կանի այլ մանր-մունր գրասենյակային ծախսեր: Կոռուպցիոն ռիսկը, ինչպես ասում են, մեծ է: Մի հասարակ օրինակ բերեմ` ո՞ւմ փողով պետք է Գալուստ Սահակյանը բենզին լցնի իր ավտոմեքենան, որպեսզի ԱԺ-ից գնա ՀՀԿ դպրոց եւ հայերենի դասախոսություն կարդա, ենթադրենք, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար, որն էլ իր հերթին պետք է բենզին լցնի իր ավտոմեքենան, որպեսզի հասնի Գրիգորիչի դասախոսությանը: Եվ նույնիսկ մտավախություն է ծնվում` ՀՀԿ դպրոցը լրացուցիչ բեռ չի՞ դառնա, արդյոք, խեղճ հարկատուների ուսերին: Դեռ չենք խոսում արտասահմանցի դասախոսներ հրավիրելու մասին, որ ՀՀԿ-ն հաստատ կանի. հյուրանոց, շրջագայություն, սնունդ, նվերներ` ո՞վ պետք է ապահովի, օլիգարխնե՞րը:
Սիրելիներս, կուսակցական դպրոց հիմնելը պետք է կուսակցականների ինքնաբուխ ձեռնարկ լինի եւ ոչ թե ՀՀԿ ԳՄ մեկ նիստի որոշում: Նշեք, խնդրեմ, ՀՀԿ-ական որեւէ տարածքային կառույց, որ հանդես է եկել նման առաջարկով… Դե լավ, շատ մի հուզվեք: Եթե սա Արմեն Աշոտյանի լուսավոր գաղափարն է, ի՞նչ կա որ, կարելի է նաեւ կյանքի կոչել: Այսօր ԱԺ-ն, կառավարությունը, նախարարություններից շատերը ՀՀԿ գաղափարների արծարծման եւ դրանց ճշմարտությունը պրակտիկայում ապացուցելու լավագույն կրթօջախներ են: Մի կրթօջախ ավել, մեկը` պակաս, ի՞նչ նշանակություն ունի այլեւս:



Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ