Բակո Սահակյանը լրագրողների հետ խոսել է սահմանին տիրող իրավիճակի մասին

Բակո Սահակյանը լրագրողների հետ խոսել է սահմանին տիրող իրավիճակի մասին

Քիչ առաջ Արցախի նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպման ձևաչափը ասուլիսային չէր, հարցուպատասխան չի եղել, միայն նախագահը մի քանի խոսքով ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակը։



Նա նշեց, որ հակառակորդը լուսաբացին հարձակվելով մեր դիրքերի վրա՝ որոշակի առաջխաղացում է ունեցել, սակայն մեր կողմից համապատասխան գործողությունների և միջոցառումների շնորհիվ թշնամին հետ է շպրտվել, և վերականգնվել է մեր վերահսկողությունը համապատասխան դիրքերի վրա։ Այս ամենի արդյունքում հակառակորդը կրել է ծանր կորուստներ։



Նախնական տվյալներով՝ 116-րդ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդը թողել է 20-ից ավել դիակ։ «Վեցերորդ պաշտպանական շրջանի ուղղությամբ հակառակորդի իրականացրած գործողությունների հետևանքով մեր կողմից ոչնչացվել է հակառակորդի հետևակից 15 հոգի, ինչպես նաև խոցել ենք երեք տանկ։ Յոթերորդ պաշտպանական շրջանի ուղղությամբ իրականացվող գործողությունների ժամանակ նրանք նաև օգտագործել են ռազմական օդուժ։ Կործանվել է ուղղաթիռներից մեկը, այդ գոտում նաև մարտական առաջադրանք պիտի կատարեր օդային ուժերի ինքնաթիռներից մեկը, բայց այս պահի դրությամբ չգիտենք՝ ինչն է պատճառ հանդիսացել, որ նա չի իրականացրել իր մարտական առաջադրանքը»,-ասաց նախագահ Սահակյանը։



Ինչ վերաբերում է մեր կողմից զոհերին և վիրավորներին, ապա նախագահն ասաց, որ նախնական տվյալներով ունենք տասնյակից ավել վիրավորներ և 3 զոհի մասին է հստակ հայտնի, վիրավորների վիճակը շատ ծանր չէ։ Զոհերի և վիրավորների մասին թվային ստույգ տվյալներ հայտնի կլինեն ավելի ուշ։ Կան նաև զինվորներ, որոնց մասին տեղեկություն չունենք։ Հակառակորդը հարձակվել է  նաև դպրոցների վրա։ Գյուղերից մեկում դպրոցի ճանապարհին երեք երեխաներ են հայտնվել կրակի տակ, որից երկուսը վիրավորվել են, մեկը՝ զոհվել։ Վիրավորներն այս պահին գտնվում են Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնում, որտեղ նրանց վիրահատել են․ երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ