Աշխարհը մի կողմ է, Թուրքիան՝ մի կողմ

Աշխարհը մի կողմ է, Թուրքիան՝ մի կողմ

Երկու օր է, ինչ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է ղարաբաղա-ադրեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրացումը: Աշխարհի խոշորագույն լրատվական գործակալությունները րոպե առ րոպե նորություններ են սպասում ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, կայքերի առաջին էջերում ԼՂՀ քարտեզներն են, լրատվամիջոցները տիրաժավորում են ադրբեջանական խոցված ուղղաթիռի և թռչող սարքերի լուսանկարներն ու տեսանյութերը: Աշխարհի բազմաթիվ թերթեր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ հստակ նշում են՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»՝ առանց «չճանաչված» ավելորդ բառի ու մնացած ձևականությունների: Նույն բանն էր նկատվում նաև համաշխարհային առաջնորդների ու զանազան երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններում: Վերջապես՝ ղարաբաղա-ադրբեջանական զինված բախումների հետ կապված բոլորովին նոր որակի հայտարարություն արեց ՀԱՊԿ-ը, ընդհուպ, որ կառույցը չի կարող անտաբեր մնալ զինված հակամարտության խորացմանը:



Այս ամենի տրամաբանական շարունակությունը եղավ ՀՀ Անվտանգության խորհրդում հնչեցված միտքը, որ պետք է նոր պայմանագիր պատրաստել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ:



Իսկ ի՞նչ է անում Թուրքիան այս իրավիճակում: Աշխարհի առաջադեմ մարդկությունից Թուրքիայի ղեկավարների վարքագծի ամենամեծ տարբերությունն այն է, որ Թուրքիայի ղեկավարները չեն կարողանում որևէ կերպ դիմել կողմերին՝ դրանով ապացուցելով, որ իրենք ԼՂՀ հակամարտության մեջ միանշանակ կանգնած են Ադրբեջանի կողմում և շահագրգռված են Ադրբեջանի «երևակայական» հաղթանակով: Այս օրերին բազմաթիվ կարծիքներ եղան այն մասին, որ հակամարտության բորբոքումը որոշակիորեն նաև թուրքական հրահրումներով էր պայմանավորված, ինչը Թուրքիան ոչ հերքում և ոչ էլ հաստատում է: Եվ ահա թուրք առաջնորդները բավարարվում են միայն Ադրբեջանին և Ալիևին ուղղված «խաղաղության» հորդորներով և, իհարկե, ցավակցական հեռգրերով՝ մի քանի հարյուր զոհերի համար, որոնք ոչ միայն Ալիևի այլև իրենց խղճի վրա են ծանրացած:



Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև մի հայտարարություն էր տարածել, որով շոկի էր մատնել ահաբեկչության սարսափների մեջ ապրող Եվրոպան: Էրդողանը նշել էր, որ ինքը պատրաստ է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ՝ հանուն Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման: Եվ սա այն դեպքում, երբ ընթացքի մեջ են ԵՄ-Թուրքիա բանակցությունները՝ վերջինիս ԵՄ անդամության շուրջ, երբ արդեն առաջիկա հունիսից Թուրքիայի քաղաքացիների համար ուժի մեջ է մտնում շենգենյան երկրներ մեկնելու առանց վիզայի ռեժիմը:



Հատկանշական է նաև, որ Էրդողանն այդ հայտարարությունն անում է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը Անվտանգության խոհուրդ է ներկայացրել մի զեկույց, որով ամբողջությամբ մերկացրել է Թուրքիայի դերակատարությունը Սիրիայի պատերազմում և այդ երկրի՝ «Իսլամական պետություն» խմբավորմանը ցուցաբերած միլիոնավոր դոլարների հասնող աջակցությունը թե զենք-զինամթերքի, թե ահաբեկչությունների համար անհրաժեշտ պայթուցիկ նյութերի ու քիմիական միացությունների տեսքով:



Կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի համար անխուսափելիորեն մոտենում է, այսպես ասենք, հատուցման պահը: Անգամ ՆԱՏՕ-ի կազմում այդ երկիրը շարունակել է իր տարածքում ապրող ժողովուրդների հալածանքը, խոչընդոտել նրանց բոլոր ազգային ձգտումները, խեղդել ժողովրդավարության բոլոր ինստիտուտները, Տարածաշրջանում գերտերություն դառնալու նպատակով վարել իրավիճակը ապակայունացնելու արտաքին քաղաքականություն, զբաղվել հարևան երկրներից բացահայտ գողությամբ, մասնակիցն է Սիրիայի խաղաղ բնակավայրերի ավերման ու հարյուր հազարավոր անմեղ մարդկանց սպանության գործի, իսկ այսօր էլ ստանձնում է Եվրոպայում և Հարավային Կովկասում ահաբեկչության թիվ մեկ դաշնակցի դերակատարությունը:



Էրդողանը ցավակցել է Ալիևին: Դեռ շատ առիթներ կունենա ցավակցելու, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը չեն կարողանա հաղթահարել առաջադեմ մարդկության և իրենց միջև գոյացած անդունդը:



Իսկ առաջադեմ մարդկությունը ե՞րբ կհասկանա, որ ուրիշների հայրենիքի վրա ստեղծված Թուրքիան ու Ադրբեջանը օտարելի խոց են հենց իր մարմնի վրա:



Էդիկ Անդրեասյան