Քվեատուփում եղած բոլոր քվեները պաշտպանված են եղել մեր կողմից. Նիկոլ Փաշինյան

Քվեատուփում եղած բոլոր քվեները պաշտպանված են եղել մեր կողմից. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հրազդանում ՔՊ անդամ, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն ընտրողներին, ովքեր քվեարկել են Սասուն Միքայելյանի օգտին. «Մենք ի գիտություն ենք ընդունում ապրիլի 17-ի ընտրությունների արդյունքները եւ ընդունում մեր պատասխանատվության մեր բաժինը: Հարկ եմ համարում ընդգծել, որ առաջիկա մեր գործունեությունը միտված է լինելու մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունը ամրապնդելուն, եւ մեր օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալու: Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանին տրված ոչ մի քվե չի կորել: Մենք լիովին կատարել ենք մեր խոստումը և դա համարում ենք վստահության անհերքելի ապացույց: Ինձ համար մեծ պատիվ էր շտաբը գլխավորելը, ես սիրեցի Հրազդանը, հրազդանցիներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



Փաշինյանը շեշտեց, որ չեն կարող հասնել հաջողության առանց մեծամասնության աջակցության: «Բոլոր քվեները, որ եղել են քվեատուփում, պաշտպանված են եղել մեր կողմից, չեն եղել լցոնումներ, չեն եղել ձեզ հայտնի կեղծիքները: Իշխանության մասին մենք հիմա որևէ նորություն չենք ասի, և չեմ կրկնի այն տեքստը, որը դուք անգիր գիտեք: Մենք պետք է այս հանգրվանի վրա հենվելով ամրապնդենք մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունը և ավելի հասկանալի լինենք և հասկանանք այն ընտրողներին, ովքեր թեկուզ գումարի պատճառով չեն ընտրել մեզ: Սասուն Միքայելյանին տրված որևէ քվե չի կորել: Հնարավոր է որոշակի թերացել ենք, Հրազդանի ընտրական պրոցեսի մեջ շատ ավելի վաղ պետք է մտնեինք»:- ընդգծեց Փաշինյանը:



Հարցին` եթե ավելի վաղ սկսեիք ընտրական պրոցեսը, ընտրակաշաքների մեխանիզմ չէ՞ր աշխատի, պատասխանեց. «Խոսքը նրա մասին չի, որ փող չէին տալու, խոսքը նրա մասին է, որ մարդկանց հետ մեր շփումը ավելի երկար կլիներ եւ դա էլ իր արդյունքը կունենար»:



Նելլի Կարապետյան