Գրում ենք, բայց չենք վիճում

Գրում ենք, բայց չենք վիճում

Տարբեր տեսակետների հավասարակշռության հարթակ «Հրապարակ» թերթն այսօր տպագրել է Հայկ Արզումանյանի (անձամբ չեմ ճանաչում) «Դաշնակցության «պլինտուսը»» փոքրիկ թղթակցությունը, որի հեղինակը, որքանով հասկացա, խիստ անհանգստացած է ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարության մեջ գործածված «ԼՂՀ ազգաբնակչություն» արտահայտությունից: Ճիշտն ասած` անհասկանալի է, թե ինչու, մանավանդ, որ Դաշնակցությունը որոշել է անզիջում վճռականությամբ պահանջել, որ «Ղարաբաղի հարցը լուծվի ազգաբնակչության ազատ կամարտահայտությամբ դրսևորված հիմքերով (այսինքն` արդեն իսկ կայացած հանրաքվեով, Էդ. Ա.) միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն»: Հայկ Արզումանյանը, սակայն, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ պետք էր ասել` «Արցախի ժողովրդի» և ոչ թե «ԼՂՀ ազգաբնակչության»:



Սկսենք այնտեղից, որ ի տարբերություն Հայկ Արզումանյանի այս թղթակցության, ՀՅԴ Գերագույն ժողովի հայտարարությունը նախատեսված չէ Արցախի Մարտակերտի շրջանի բնակչության ներքին սպառման համար: ՀՅԴ Գերագույն Ժողովովի հայտարարությունը սփռվել է աշխարհով մեկ, փոխանցվել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և այլն, և այլն: Իսկ միջազգային հանրությանը, հասկանում ես, շատ ավելի հասկանալի է ոչ թե «Արցախի ժողովուրդ», այլ «ԼՂՀ ազգաբնակչություն» ձևակերպումը: Ըստ երևույթին 125-ամյա կուսակցությունը մի քիչ ավելին է հասկանում այս հարցերում, քան խնդրո առարկա թղթակցության հեղինակը, ով, դատելով ոգևորությունից` ղարաբաղցի է, իսկ հարձակման թափից երևում է, որ փանջունիական հայրենասերների դասին է պատկանում:



Ղարաբաղի ու ղարաբաղցիների համար ինչ անես, միևնույն է, քիչ է: Հայկ Արզումանյանն էլ որոշել է, որ Դաշնակցությունը, զանց առնելով ԼՂՀ Սահմանադրության ձևակերպումը, Արցախի ժողովրդին դարձրել է «ԼՂՀ ազգաբնակչություն», որն, ըստ նրա, նույնն է, ինչ «ինչ-որ տերիտորիայի վրա ապրող մարդկանց որոշակի քանակություն»: Ի՞նչ է ուզում ասել Հայկ Արզումանյանը, մի՞թե Արցախի ժողովուրդը աշխարհի մյուս ժողովուրդների նման որոշակի տարածքի վրա չի ապրում և իր անկախությունն էլ այդ տարածքի վրա չի հայտարարել: Առհասարակ ո՞րն է պրոբլեմը:



«Վիդիտե լի, մունք մըր կանստիտուցիայի մեջ գրալ անք` «Մունք` Արցախի նարոդը…»»: Իբր լավ բան են արալ, մի բան էլ Հայկ Արզումանյանը աղմուկ է բարձրացրել, թե ինչու են ղարաբաղցիներին «ազգաբնակչություն» ասել: Մի՞թե դժվար է հասկանալ հայերեն այդ բառի իմաստը: Թարգմանեք անգլերեն կամ, որ ավելի հարազատ է` ռուսերեն և կհասկանաք ինչ ասել է` «ազգաբնակչություն», ինչ ասել է` ազգաբնակչության շրջանում անցկացված հանրաքվե և, վերջապես, ինչ ասել է` «ազգաբնակչության ազատ կամարտահայտություն»:



Բոլորն այս պատերազմական օրերին բարձրացրել են նշաձողը, իսկ Դաշնակցությունն այն իջեցրել է «պլինտուսի» մակարդակի` գրում է թղթակցության հեղինակը: Չգիտեմ էլ` ինչ ասեմ նրան: Կարծում եմ` ճիշտն այս դեպքում «յան տալը» կլինի: Հո չե՞ս դնի ու խորանա պատերազմական այս օրերին, այն էլ ղարաբաղցիների հետ: Ձեր ասածն ա, պրծա՞նք:
Էդիկ Անդրեասյան