Պետք է ամեն ինչ անեն, որ չառաջանա սահմանադրական ճգնաժամ

Պետք է ամեն ինչ անեն, որ չառաջանա սահմանադրական ճգնաժամ

Ազգային ժողովում այս օրերին ընթանում են Ընտրական օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկումները։ Դրանք անցկացվում են ԱԺ իրավասու հանձնաժողովի՝ պետաիրավականի անդամների եւ նախագծի հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ։



ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը երեկ մեզ ասաց, որ Ընտրական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի հերթական քառօրյայի ընթացքում, եւ դրա համար արտահերթ նիստ չի հրավիրվի։ Նրա խոսքով՝ աշխատանքային այս հանդիպումների ընթացքում հոդված առ հոդված նորից բոլորը հատ-հատ քննարկվում են՝ թե իրավական, թե քաղաքական առումով։ Քննարկումների ընթացքում եթե որեւէ հարցի շուրջ գալիս են ընդհանուր եզրահանգման, տեղում փոփոխում են, եթե ոչ՝ թողնում են, որ առաջարկության տեսքով արդեն պատգամավորները ներկայացնեն։



Մեր հարցին, թե «4+4+4» ձեւաչափով ներկայացված այն հինգ արմատական առաջարկներին անդրադարձ լինո՞ւմ է այս քննարկումների ընթացքում, Սահակյանն ասաց. «Բնականաբար՝ կլինի, դեռեւս չենք հասել էդ հիմնական մոտեցումներին, բայց, կարծում եմ՝ կլինի, որովհետեւ ընդդիմադիր թեւը ներկայացնող մեր պատգամավորներն էլ են կիսում այդ մոտեցումը եւ կբարձրացնեն այդ հարցերը»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե ընդդիմության կողմից բարձրաձայնված հիմնական առաջարկներից, այդ թվում՝ չորսի ֆորմատով ներկայացված 5 արմատական առաջարկներից այսօր որո՞նք են, որ մասնակի կամ ամբողջապես ընդունել է իշխանությունը։



«Օրինակ՝ նույն էդ ռեգիոնալ կուսակցությունների գաղափարը դուրս եկավ, ցուցակներում ազգային փոքրամասնությունների պարտադիր լինելը դուրս եկավ, իսկ էդ հինգ առաջարկների հետ կապված՝ մենք բազմիցս նշել ենք եւ ցուցակների մաքրման աշխատանքների, եւ ցուցակների հրապարակման հետ կապված մեր մոտեցումները, այլընտրանք ենք առաջարկել, որն իրենց բարձրացրած խնդրին տալիս է լուծում»,-ասաց նա։ Իսկ այլընտրանքը՝ կոնկրետ ցուցակների մաքրման մասով, հետեւյալն է, որ իրենք կարող են գնալ, այդ մաքրման աշխատանքներն իրականացնել, իշխանություններն էլ պարտավորվում են էլեկտրոնային սարքավորման մեջ համապատասխան նշումներ անել։ Ցուցակների հրապարակման վերաբերյալ եւս այլընտրանք են առաջարկել, որը, սակայն, ընդդիմությանը չի բավարարել։



Ինչ վերաբերում է մատնահետքով ընտրությանը, նաեւ ընտրական պրոցեսը տեսանկարահանելուն, որի համար լրացուցիչ տեխնիկական միջոցներ են հարկավոր, ապա իշխանությունն ասում է, որ պետք է դրանց համար դոնորներ գտնվեն, որ գումար տան՝ այդ սարքավորումները ձեռք բերելու համար։ Նշենք, որ մատների թանաքոտման փոխարեն Դավիթ Հարությունյանը մատնահետքով քվեարկության տարբերակն էր ընդունելի համարել։ Սահակյանն ասաց, որ մատնահետքը պարտադիր պայման է, որ մասնակցես ընտրություններին։ Իսկ այդ տեխնիկական ապահովման միջոցները կա՞ն, դրա համար դոնորներ կա՞ն արդեն։ Պատգամավորն ասաց, որ ինքը չի զբաղվում այդ հարցով, բայց վստահեցրեց, որ սարքավորումների հետ կապված խնդիր չի լինի։



Ինչ վերաբերում է տեսանկարահանմանն ու այդ սարքերի ձեռքբերմանը, ապա իշխանությունները կողմ են, բայց ոչ օնլայն ռեժիմով նկարահանմանը։ Իրենք վստահեցնում են, որ եթե խախտումներ լինեն, եւ գործ հարուցվի, ապա դիմող կողմը կարող է այդ տեսանյութերը ներկայացնել ոստիկանությունում՝ որպես ապացույց։ Մնում է սրա համար դոնորներ գտնվեն։ «Եթե կլինի ֆինանսավորում, կգտնվեն դոնորներ, մենք սկզբունքորեն դեմ չենք, որպեսզի տեսախցիկներ տեղադրվեն։ Բացառությամբ երկու դեպքերի, որ դա պետք է օնլայն հեռարձակվի, եւ պետք է դրա շահագործումը դրվի պետական մարմնի վրա։ Այն կազմակերպությունը, որը կմասնակցի մրցույթին, կհաղթի, ինքը կիրականացնի դրա շահագործումը։ Եվ եթե այս կամ այն տեղամասում կլինեն խախտումներ, եւ կարիք կլինի, որ այդ տեսաձայնագրությունը վերցնեն՝ որպես ապացույց, ապա դա կօգտագործվի»,-ասաց նա՝ նշելով, որ եթե այդ հարցում գան վերջնական կոնսենսուսի, ուրեմն պետք է բոլորով ջանքեր գործադրեն՝ գտնելու դոնորներ։ Եթե հիմա էլ չամրագրեն այդ դրույթը, բայց հետո դոնորներ գտնվեն, կարող են շատ արագ փոփոխություն կատարել ԸՕ-ում։



Նշենք, որ նոր Սահմանադրությամբ՝ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է Ազգային ժողովի կողմից ընդունված լինի մինչեւ այս տարվա հունիսի 1-ը։ Իսկ եթե տապալվի քվեարկությունը, ու չհասցնեն ընդունե՞լ։ Սահակյանն ասաց, որ այդ դեպքում կառաջանա սահմանադրական ճգնաժամ։ Հետեւաբար, պետք է ամեն ինչ անել, որ հասցնեն, եւ դա պետք է բոլորը գիտակցեն, որ հունիսի 1-ը սահմանադրական ժամկետ է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ